ՓԱՇԻՆՅԱՆԻ «ՄՈԴՈՒԼԱՅԻՆ» ՊՐՈԺԵԿՏՆԵՐԸ
Եթե հայաստանյան իրավիճակի մասին դատելու լինենք միայն կառավարության նիստերով, ապա կարելի է հանգել այն եզրակացության, թե մենք ենք աշխարհի ամենաերջանիկ երկիրը, որն ունի այնպիսի՜ հիանալի վարչապետ. ժպտուն, ծիծաղկոտ, բայց միաժամանակ՝ խիստ ու պահանջկոտ և, գլխավորը, բացարձակապես բոլոր հարցերից գլուխ հանող։ Սկսած Սևանի սիգի ձվադրման խնդիրներից, որի նկատմամբ, վարչապետի խոսքերով, վերջապես սկսել են պետական մոտեցում ցուցաբերել, և վերջացրած փոքր մոդուլային ատոմակայաններով։
Սիգի համար, իհարկե, կարելի է ուրախանալ, թեև վերջինս չի էլ կռահում, թե ինչպես է վարչապետը պաշտպանում իր շահերը, անկախության տարիների ընթացքում առաջին անգամ պետական մոտեցում ցուցաբերելով ձկան նկատմամբ։ Իսկ այ, ատոմային էներգետիկայի ապագան Հայաստանում տագնապալի է։ Որովհետև վարչապետի հայտարարությունների հետևում, հօգուտ, իր կարծիքով, անվտանգ մոդուլային ԱԷԿ-ների, կարծում ենք, թաքնված են թեմաներ, որոնք ուղղակիորեն կապված չեն էներգետիկայի հետ։
Հիշեցնենք, Անկարան և Բաքուն պարբերաբար բարձրացնում են Հայկական ԱԷԿ-ի կոնսերվացման անհրաժեշտության հարցը, իբր՝ այն սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի համար։ Թեման հաճախ բարձրացնում են նաև ԵՄ-ում, որտեղ նույնպես կարծիք կա, թե Հայաստանն աստիճանաբար պետք է հրաժարվի ատոմային էներգետիկայից, որը հանրապետության էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության մեջ կազմում է մոտ 30%։ Առ այսօր Հայաստանի կառավարություններին հաջողվել է զսպել այդօրինակ պահանջները։
2014 թվականին Հայաստանի կառավարությունը դիմեց «Ռոսատոմ»-ին, խնդրելով արդիականացնել ԱԷԿ-ը, երկարացնել դրա շահագործման ժամկետը։ Աշխատանքները սկսվեցին 2015-ին և ավարտվեցին 2021 թվականին։ Արդիականացված են էներգաբլոկի վթարային սառեցման համակարգը, մեքենայական բաժանմունքը, տուրբինները, ավտոմատացված կառավարման համակարգերը, կատարված է ռեակտորի արտաքին ջերմամշակում, վերականգնողական թրծում։ Էներգաբլոկի հզորությունը 380-390-ից ավելացվել է 440 մՎտ-ի։
ՀՀ կառավարությանը կից Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կողմից 2021 թվականին տրվել է լիցենզիա, որի համաձայն Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը լրանում է 2026 թվականին, բայց անցած տարվա դեկտեմբերի 15-ին «Ռոսատոմ Սերվիս»-ը և «Հայկական ԱԷԿ»-ը համաձայնագիր ստորագրեցին Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2036 թվական երկարացնելու մասին։
Կարծես ամեն ինչ լավ է, եթե չլիներ հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման շարունակվող միտումը։ Այդ խորապատկերին Մոսկվայից պարբերաբար հնչում են հայտարարութծյուններ Երևանի հետ հարաբերությունները խորացնելու մտադրության մասին, ինչպես երկկողմանի հիմունքներով, այնպես էլ տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում։ Սակայն այդ հայտարարությունները Երևանում արձագանք չեն գտնում, ավելի շուտ դիտարկվում է հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման գործընթաց։
ԶԼՄ-ները հաղորդում են, որ փետրվարի 8-ին Հայաստանի կառավարությունը Ուկրաինային է հանձնել հումանիտար օգնության հերթական բեռնաքանակը, այս անգամ 10 տոննա դեղորայք ու այլ բուժամիջոցներ, և ահա այդ ակցիայի խորապատկերին վարչապետը կառավարության նիստում խոսում է փոքր մոդուլային ատոմակայանների անվտանգության մասին, որոնց կառուցվածքի հիմքում ընկած են ամերիկյան տեխնոլոգիաներ։ Վարչապետը նաև ակնարկում է, որ եթե կառավարությունը նախապատվությունը տա մոդուլային ատոմակայաններինը, էլեկտրաէներգիայի սակագները կարող են բարձրանալ, բայց «անվտանգությունն ավելի կարևոր է»։ Արդյոք վարչապետը նկատի ունի միայն ատոմակայանների գործողության անվտանգությունը, թե՞ այդ հայտարարություններն արվում են հանրապետության անվտանգության «տարբերականացման» ուղեգծի հունում, ինչն իրականում նշանակում է տարածաշրջանից Ռուսաստանի աստիճանական դուրսմղման քաղաքականություն։
Կա, ինչպես Փաշինյանն է սիրում ասել՝ «լեգիտիմ» կասկած, որ խոսակցությունները մոդուլային ատոմակայանների մասին, որոնք ենթադրվում է կառուցել ամերիկյան տեխնոլոգիաներով, լոկ ծխածածկույթ են՝ 2026 թվականից հետո Հայկական ԱԷԿ-ի կոնսերվացման անհրաժեշտությունը հետագայում հիմնավորելու համար։
Ինչո՞ւ ենք «լեգիտիմ» համարում նման կասկածները։ Այն պատճառով, որ Փաշինյանի «դարակազմիկ բարեփոխումներից» շատերն իրականում, ինչպես պարզվել է, ուղղակի փուչ են և բացասական արդյունքի են հանգեցրել։ Որոշեց իր զրո կետից սկսել Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացը Բաքվի հետ՝ կորցրեցինք Արցախը։ Իսկ բանակում«բարեփոխումները» հանգեցրին նրան, որ նշանակալիորեն աճեցին ոչ մարտական կորուստները…
Ինչպիսի չգիտես ինչից գոհ դեմքով էլ որ վարչապետն անցկացնի կառավարության նիստերը, միևնույնն է, նրա թիմի գործողությունները հաճախ, շատ հաճախ հիշեցնում են հայտնի երգը՝ հին աշխարհը հիմնովին քանդելու և նորը կառուցելու մասին։ Միայն թե Փաշինյանի մոտ ստացվում է լոկ առաջին մասը։