BBC Travel․ ԻՆՉՊԵՍ 1600-ԱՄՅԱ ԱՅԲՈՒԲԵՆԸ ՁԵՎԱՎՈՐԵՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ

BBC Travel-ի սյունակագիր Սուգատո Մուհերջին իր «Ինչպես է 1600-ամյա այբուբենը ձևավորել հայկական ինքնությունը» հոդվածում պատմել է հայկական այբուբենի մասին և ներկայացրել իր տպավորությունները Հայաստան կատարած ուղևորությունից։

Հոդվածագրի խոսքով՝ աշնանը Հայաստան կատարած իր ուղևորության ժամանակ նա իր ուղեկցորդի՝ Սոֆյա Հակոբյանի հետ միասին այցելել է Տառերի այգի, որը ստեղծվել է 2005թ. հայկական տառերի ստեղծման 1600-ամյակի առիթով։

«Տամուկ վարդագույն, դեղին և բաց սևավուն քարից պատրաստված տառերը ծաղկանախշ են և պատված խորհրդանշաններով։ Դրանցից մի քանիսը խմբերով են, մյուսները՝ միայնության մեջ»,- իր տպավորությունների մասին պատմում է Մուհերջին՝ նշելով, որ այգում տեսել է նաև հայոց գրերն ստեղծողի՝ Մեսրոպ Մաշտոցի արձանը։

Նա նաև իր տպավորություններն է ներկայացրել Երևանի Հնագույն ձեռագրերի ինստիտուտ-Մատենադարան կատարած այցելության մասին։

«Պատկառելի բազալտե կառույցը, որը գտնվում է Երևանում, Մաշտոցի պողոտայի հյուսիսային ծայրում գտնվող բլրի վրա, նման է ամրոցի, բայց իրականում դա հին ձեռագրերի գրադարան է (սկրիպտորիում), որը միաժամանակ նաև հետազոտական ինստիտուտ է։ Ես ոտնաթաթերիս ծայրերի վրա անցա հանդիսավորությամբ լուռ սրահներով, որոնցում ներկայացված են մշտական ցուցանմուշներ՝ բաժանված ըստ թեմաների, ներառյալ թարգմանչական գրականությունը, փիլիսոփայությունը, աստվածաբանությունը, մաթեմատիկական գիտությունների և հումանիտար գիտությունների տրիվիումը և քվադրիվիումը, պոեզիան, իրավունքը, պատմությունն ու արվեստը»,- հիշում է հոդվածի հեղինակը։

«Ես գիտեի, որ հայոց գրերի էսթետիկորեն պերճախոս ձևերը, որոնք հնուց անտի օգտագործվել են ժողովրդական արվեստում և վայելչագրությունում, հայտնվել են ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում։ Բայց ես չէի էլ կասկածում, որ նրբագեղ գեղարվեստական նախշերը լի են գաղտնի կոդերով և ծածկագրերով և օժտված են ծածուկ հատկություններով»,- իր հոդվածում ընդգծում է Մուհերջին։

«Հաջորդ 1500-ամյակի ընթացքում այբուբենը ազգային հպարտության առարկա է եղել, հայ մշակութային ինքնության միջուկը, համերաշխության խորհրդանշանը պատերազմից բզկտված հողի համար, որը գրեթե մշտապես գտնվել է օտարերկրյա ուժերի՝ հռոմեացիների, բյուզանդացիների, պարսիկների և օսման թուրքերի իշխանության և գաղութացման ներքո։ Հալածանքի և ստրկացման այդ գրեթե անընդմեջ սագան վերջապես ավարտվեց 1991թ., երբ 69-ամյա խորհրդային ռեժիմը փլուզվեց և Հայաստանը դարձավ անկախ հանրապետություն»,- պատմում է BBC Travel-ի սյունակագիրը։

News.am