ԱԼԻԵՎԻ ԴԵՄ ԿԱՆ ՄՔԴ ԴԻՄԵԼՈՒ ՕԲՅԵԿՏԻՎ ՀԻՄՔԵՐ, ՀՀ-Ն ԿՕԳՏՎԻ՞ ԴՐԱՆԻՑ

Միջազգային քրեական դատարանին ՀՀ անդամակցությունը կարող է ինչ–որ կերպ ազդել Ադրբեջանի վարքագծի վրա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը։

ՀՀ–ն փետրվարի 1–ից դարձել է ՄՔԴ–ի 124–րդ լիիրավ անդամ՝ ավելի վաղ կազմակերպությանը պաշտոնապես փոխանցելով Հռոմի կանոնադրության վավերացումը հաստատող փաստաթղթերը: Միջազգային քրեական դատարանում (Հաագա, Նիդեռլանդներ) փետրվարի 8–ին տեղի է ունեցել Հայաստանի անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառում։

«Բոլոր դեպքերում պետությունները հաշվի առնում են միջազգային դատարանների կարծիքը։ ՄՔԴ անդամակցությունը զսպող մեխանիզմ է նախևառաջ Ադրբեջանի դեմ, և ՀՀ–ն այդ մասին բացեիբաց հայտարարել է»,– նշեց Ղազարյանը։

Ըստ նրա` չի բացառվում, որ անգամ խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո էլ Ադրբեջանը խախտի պայմանագրով ստանձնած պարտավորությունները և շարունակի ռազմական հանցագործությունները կամ նույնիսկ անեքսիա կատարի ՀՀ–ի նկատմամբ (մի պետության կողմից մյուս պետության տարածքի բռնի միավորում կամ զավթում), այսինքն` պայմանագիրը երաշխիք չէ։

«Այլ բան է, եթե ՀՀ տարածքում հայտնվում է մի անձ, որը հետախուզվում է ՄՔԴ–ի կողմից, բայց որի արտահանձնումը կարող է Ադրբեջանի հետ որոշակիորեն հարաբերությունները լարել, միևնույնն է` ՀՀ–ն պարտավորված կլինի այդ անձին հանձնել։ Այո՛, որոշ հանգամանքներում ՀՀ–ն իսկապես երկու քարի արանքում է հայտնվում»,– նկատեց Ղազարյանը։

Նա նշեց, որ Հռոմի ստատուտում կա նորմ, ըստ որի` եթե պետությունը մինչև ստատուտը վավերացնելը որոշակի պարտավորություններով կապված է մեկ այլ պետության հետ, ապա առաջարկում է ՄՔԴ–ի հետ խորհրդակցություններ անցկացնել։

«Այդ ընթացակարգային հնարավորությունը ՀՀ–ն կունենա, սակայն միևնույն ժամանակ Հռոմի ստատուտը հնարավորություն չի տալիս որևէ վերապահում անել իր ստանձնած պարտավորություններին։ Ահա այստեղ է, որ երկընտրանքի հարց է լինելու»,– ընդգծեց միջազգային իրավունքի մասնագետը։

Նա հիշեցրեց, որ ՀՀ–ն կարող է հայց ներկայացնել միայն իր տարածքում կատարվող հանցագործությունների վերաբերյալ` անկախ նրանից` որ պետության քաղաքացիները կամ պաշտոնատար անձինք են դա կատարել, սակայն այլևս չի կարող հայց ներկայացնել, օրինակ, ԼՂ տարածքում կատարված հանցագործությունների համար։

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք ՀՀ–ն կարող է Ադրբեջանի դեմ ՄՔԴ հայց ներկայացնել Ջերմուկի տարածքում զորքերի առաջխաղացման համար, Ղազարյանը նշեց, որ զուտ տարածքային օկուպացիան ինքնին դատարանի իրավասությունից դուրս է. ՄՔԴ–ն 4 տեսակի միջազգային հանցագործությունների գծով իրավազորություն ունի` ցեղասպանություն, մարդկության դեմ ուղղված, պատերազմական հանցագործություններ, ինչպես նաև ագրեսիայի ակտ։

«Իմ կարծիքով` ՀՀ–ի համար հիմնական նշանակետը ագրեսիայի ակտն է. սահմանային բախումները չունեն այն մասշտաբայնությունը, որ համարվի ագրեսիա։ Օրինակ` գերիների գնդակահարությունը պատերազմական հանցագործություն է, նույնիսկ կարող է մարդկության դեմ ուղղված հանցագործություն լինել, սակայն ագրեսիայի ակտը լայնամասշտաբ բռնակցումն է։ Սրանց քրեաիրավական հատկանիշները տարբեր են։ Այսինքն` եթե սահմանային բախումների ընթացքում ռազմական հանցագործություններ չեն կատարվել, դեռ բավարար հիմք չէ, որպեսզի ագրեսիայի ակտի հիմքով տարվի ՄՔԴ։ Մինչդեռ եթե շարունակաբար ռմբակոծվեն զորամասերը, և խորքային հարվածներ հասցվեն, դա արդեն կարող է համարվել ագրեսիայի ակտ»,– հստակեցրեց Ղազարյանը։

Նա կարծում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ քրեական գործ հարուցելու հիմքեր կան, սակայն վարույթ հարուցել–չհարուցելու հարցը մեծամասամբ կախված է ապացույցների քանակից ու որակից։

«Հիմքեր օբյեկտիվորեն կան, սակայն հարց է` ՀՀ–ն այս պահի դրությամբ տիրապետում է այդքան ապացույցների, թե ոչ։ Առնվազն Իշխանասարի դեպքում, երբ գերիներ գնդակահարվեցին, դա միանշանակ հիմք է։ Մյուս կողմից Ալիևն ինքն էլ է հասկանում` եթե հարձակվի Սյունիքի վրա, որևէ պետություն չի ընդունի այդ քայլի լեգիտիմությունը, ու ադրբեջանական կողմի պնդումները, թե Սյունիքը ժամանակին Զանգեզուր էր կոչվում կամ այդտեղ ադրբեջանցիներ են ապրել, ծիծաղելի են, դրանք չեն կարող հիմք հանդիսանալ»,– վստահեցրեց փաստաբանը։

Ղազարյանը միաժամանակ նշեց, որ ՀՀ–ի նկատմամբ խորքային, տարածքային նկրտումների դեպքում հայցն անմիջապես կարող է գնալ ՄՔԴ հենց Ալիևի դեմ, քանի որ նա է այն մարդը, որը քաղաքական ու ռազմական որոշում է կայացրել։

Sputnik Արմենիա