Սուրեն ԶՈԼՅԱՆ․ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻՑ ՀՐԱԺԱՐՄԱՆ ՊԱՀԱՆՋԸ ԳԱԼԻՍ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՑ

Անկախության հռչակագիրը Հայաստանի հիմնարար փաստաթուղթն է և նման մեկնաբանություններ, որոնք անում է իշխանության ներկայացուցիչը, անթույլատրելի է: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Սուրեն Զոլյանը՝ անդրադառնալով իշխանությունների կողմից Հայաստանի Անկախության հռչակագրի վերաբերյալ քննադատական հայտարարություններին:

Նրա խոսքով, Անկախության հռչակագիրը բանաստեղծություն կամ փիլիսոփայական աշխատանք չէ, որի շուրջ կարելի է կամայական մեկնաբանություն անել. «Իհարկե, կարելի է և անել, բայց դա կարող է անել գիտնականը, փիլիսոփան, լրագրողը, բայց ոչ պետական պաշտոնյան, որը ղեկավարում է Հայաստանը: Դա նույնն է, որ մարդը սկսի խմբագրել իր ծննդյան վկայականը»,-ասաց Զոլյանը:

Նա հիշեցրեց, որ 1990 թվականին, երբ ընդունվում էր Անկախության հռչակագիրը, բազմաթիվ քննարկումներ ու վեճեր են եղել, անգամ առաջարկ է եղել Հայաստանն անվանել Արևելյան Հայաստանի Հանրապետություն: Այդ ժամանակ, օրինակ, Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկում էր լղոզված ձևով նշել ցեղասպանության մասին, իսկ Բաբկեն Արարքցյանն ու մեծամասնությունը պնդում էին, որ ցեղասպանության մասին հստակ նշվի: Նույնը Արցախի հարցով. Այնտեղ նշվում է, որ հիմք ընդունելով Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և ԼՂԻՄ-ի մարզխորհրդի համատեղ որոշումը… Դա պատմական փաստ է, եթե այսօր Արցախը հանձնվել է Ադրբեջանին, դա չի նշանակում, որ 1990-ին Արցախը չի եղել Հայաստանի կազմում: Այն ժամանակ Հայաստանի կազմում եղել է Արցախը և Արցախից ընտրված պատգամավորները նստած էին մեր կողքին:

Հիմա ինչի՞ մասին է վեճը: Եթե խոսքը տեքստի մասին է, ապա այն պետք է ընդունել այնպիսին, ինչպիսին կա: Եթե իշխող կուսակցությունը, առավել ևս պետության գլուխը փորձում են կասկածի տակ դնել անկախության հռչակագիրը, նրանք կասկածի տակ են դնում այն պետությունը, որը իրենք այսօր պարտավոր են կառավարել, բարով կամ ոչ բարով: Նրանք պարտավոր են առաջնորդվել այն փաստաթղթերով ու գաղափարախոսությամբ, որն ամրագրված է հիմնարար փաստաթղթերի մեջ: Եթե ոչ, պետք է հրաժարական տան»,-ասաց քաղաքագետը:

Նրա ներկայացմամբ, պետք է քննարկման առարկա դարձնել այս իշխանությունների մտավոր ունակություններն ու կրթական մակարդակը. «Որովհետև նման պահանջ քննարկման առարկա դարձնել հիմնարար փաստաթուղթը, որևէ մեկը չի առաջարկել: Վերցնենք ԱՄՆ-ի անկախության հռչակագիրը: Իհարկե, պատմության ընթացքում ինչ-որ բաներ փոխվում են, ԱՄՆ անկախության հռչակագրում վեճ կա Մեծ Բրիտանիայի թագավորի հետ, բայց հիմա ոչ մեկի մտքով չի անցնում փոխել ու ասել՝ Բրիտանիան մեր ամենալավ դաշնակիցն է, մենք պետք է փոխենք հռչակագիրը: Անկխության հռչակագիրը վիճելու բան չէ, դա պատմական փաստ է, որից հրաժարվել հնարավոր չէ:

Անկախության հռչակագրի տեքստը այսօր քննարկման առարկա չի կարող լինել: Այն ընդունվել է և եղել է ՀՀ բոլոր հիմնարար փաստաթղթերի հիմքը: Հրաժարվել Անկախության հռչակագրից, մենք փաստորեն հրաժարվում ենք պետականությունից»:

Սուրեն Զոլյանը հայտարարեց, որ Անկախության հռչակագրից հրաժարման պահանջը գալիս է Թուրքիայից. «Դեռ 1990-ականներին երբ բանակցում էինք Թուրքիայի պատվիրակների հետ Արցախի հարցի շուրջ, դա եղել է իրենց առաջարկը, որ ձեզ մոտ մեր հանդեպ կա տարածքային պահանջ: Անկախության հռչակագրում գրված է, որ ցեղասպանությունը տեղի է ունեցել Արևմտյան Հայաստանում: Փաստորեն թուրքական այդ զառանցանքն այսօր վարակիչ է դարձել, այսօր Հայաստանում հնչում են մեկնաբանություններ, որոնք լիովին համընկնում է թուրքական կողմի 1990-ականների մեկնաբանությունների հետ»,-ասաց նա:

Զոլյանը հայտարարեց, որ միգուցե կարելի է հետաքրքիր բանավեճ ծավալել Անկախության հռչակագրի տեքստի շուրջը, եթե նպատակը ազնիվ լիներ. «Բայց այստեղ պարզ երևում է քաղաքական պատվերը, որն անընդունելի է: Այս առումով ես առաջարկում եմ չխորանալ այդ հարցով բովանդակային քննարկումների մեջ, ուղղակի մերժել՝ նշելով, թե դա որտեղից է գալիս: Դա արգելված գործողություն է, ոչ մի երկիր իր Անկախության հռչակագիրը կասկածի տակ չի դնում»,- իր խոսքն ամփոփեց քաղաքագետը:

News.am