Քրիստինե ՎԱՐԴԱՆՅԱՆ․ ՊԱՐԶՎՈՒՄ Է, ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ԵՐԵՎԱՆ-ԲԱՔՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Ադրբեջանից դժգոհում են, իսկ Փաշինյանը խոստանում է ընդդիմության պատգամավորներին արգելել հետագայում ևս ծանոթանալ փաստաթղթին։ Այս մասին գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
«Պարզվում է` «Հայաստան» խմբակցության գործընկերներ Աննա Գրիգորյանի, Արթուր Խաչատրյանի և Գեղամ Մանուկյանի հետ ԱԳՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվող փաստաթղթի կետերին ծանոթանալուց հետո մեր կողմից իրականացվող հանրային իրազեկման աշխատանքները հայտնվել են Ադրբեջանի ուշադրության կենտրոնում։
Անցած ամբողջ շաբաթվա ընթացքում ադրբեջանական տարբեր հարթակներում քննարկվել է Հայաստանի ընդդիմադիր պատգամավորների կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև շրջանառվող փաստաթղթի կետերին ծանոթանալու փաստը։ Բաքվից ամենատարբեր մակարդակներով դժգոհություններ են հնչել այդ առիթով։
Իշխող ուժի ներկայացուցիչները, իշխանական պրոպագանդիստները, Ադրբեջանի նախկին արտաքին գործերի և արդարադատության նախարարները խոսել են այս թեմայով։
Ստորև կտեղադրեմ Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը պատկանող լրատվականի եթերում նման քննարկումներից մի հատված, որտեղ Ադրբեջանի իշխող ուժի պատգամավորը վրդովմունք է հայտնում մեր կողմից առաջարկներին ծանոթանալու վերաբերյալ։
Բաքվից դժգոհություն են հայտնում, որ մեզ թույլ է տրվել ծանոթանալ շրջանառվող փաստաթղթի կետերին։
Այժմ, կարծես, ամեն ինչ ավելի պարզ է դառնում։ Վերջին անգամ ԱԳՆ այցելությունից հետո մեր տարածած համատեղ հայտարարության մեջ նշել էինք` ԱԳՆ-ում մեզ նախազգուշացրել են, որ խնդիրներ են առաջացել մեր հրապարակային հայտարարությունների հետ, և մեր հարցազրույցներն ուսումնասիրվում են հատուկ բաժնի կողմից։
Այդ պահին մեզ թվացել էր, որ գործ ունենք ազատ խոսքի սահմանափակման հերթական փորձի հետ։ Սակայն, պարզվում է, գործ ունենք Երևան-Բաքու հերթական պայմանավորվածության հետ։
ԱԺ վերջին քառօրյայի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ուղիղ հայտարարեց․ «Գնացել եք, կարդացել եք (Ադրբեջանի հետ պայմանագրի փոխանակվող կետերը), էնքան եք կարդացել՝ էլ չեք կարդա»:
Հաշվի առնելով այդ օրը հնչած սկանդալային այլ հայտարարությունները՝ այս դրվագը դուրս մնաց հանրային քննարկումներից։
Սակայն, համադրելով փաստերը` ակնհայտ է դառնում, որ ընդդիմադիր պատգամավորների գործունեությունը դժգոհություն է առաջացրել Բաքվում։ Այսպիսով` առաջիկայում ընդդիմադիր որևէ պատգամավորի կողմից Ադրբեջանի հետ փոխանակվող առաջարկներին ծանոթանալուն խոչըդոտելը վերածվելու է ադրբեջանական հերթական պահանջի կատարման»: