ԱԼԻԵՎԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԲՐՅՈՒՍԵ՞Լ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԿԱՐԾԻՔՈՎ՝ ԲԱՔՈՒՆ ԿՈՇՏԱՑՆԵԼՈՒ Է ՆԿՐՏՈՒՄՆԵՐԸ

Ադրբեջանի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո Իլհամ Ալիևը թերևս կփորձի վերականգնել իր նորմալ հարաբերությունները Արևմուտքի հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը` մեկնաբանելով Հայաստանի հետ բանակցությունների բրյուսելյան հարթակ վերադառնալու Ադրբեջանի մտադրությունը։

«Մինչ ընտրությունները արևմտյան հարթակները մերժելու Ալիևի դիրքորոշումը, կարծում եմ, պայմանավորված էր Ռուսաստանի օգտին ակնհայտ ու անշրջելի մեսիջով։ Միևնույն ժամանակ Ալիևը ենթադրում էր, որ Ռուսաստանն իր ներքաղաքական կյանքում ազդեցություններ ունենալու հնարավորություն ավելի ունի, քան Արևմուտքը։ Հետևաբար, իրեն հնարավոր անցանկալի զարգացումներից ապահովագրելու համար Ալիևը գնում էր այդ ճանապարհով։ Բայց ընտրություններից հետո, երբ արդեն կարող է ասել` ես ստացա քարտ–բլանշ իմ ընտրազանգվածի կողմից, նա կարող է ավելի ազատ ու անկաշկանդ վարքագիծ դրսևորել»,– ասաց Հարությունյանը։

Միաժամանակ, մեր զրուցակցի մեկնաբանմամբ, Ալիևը նաև գիտակցում է, որ Արևմուտքի հետ իր ոչ գործընկերային հարբերությունների հետևանքով կարող են ուժեղանալ այդ աշխարհաքաղաքական բևեռից իր երկրի ու անձամբ իր նկատմամբ ճնշումները, քանի որ ԵԽ–ում ու ԱՄՆ–ի տարբեր ատյաններում արդեն բացհայտ խոսում են Ադրբեջանի նկատմամբ սանկցիաներ կիրառելու անհրաժեշտության մասին։

Հարությունյանը նաև նկատում է, որ թեև Ալիևը արդեն ստացել է այն, ինչ ցանկանում էր, այդ թվում` Արևմուտքի աջակցությամբ, բայց դա չի նշանակում, թե նրա ցանկությունները բավարարված են։

«Իմ պատկերացմամբ` այս ընտրություններից հետո Ալիևը ավելի է կոշտացնելու իր ոտնձգությունները, տարածքային նկրտումները` Զանգեզուրի միջանցք և այլն։ Ընդ որում, այդ ճանապարհին կրկին փորձելու է ստանալ նաև Արևմուտքի աջակցութունը»,– նկատում է ՀՀ նախկին վարչապետը։

Հիշեցնենք՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը շնորհավորել է Ադրբեջանի նախագահի պաշտոնում 5-րդ անգամ վերընտրված Իլհամ Ալիևին ու մաղթել «լավագույնը»։ «Ողջունում ենք բրյուսելյան գործընթացի եռակողմ հանդիպումը վերսկսելու` Ադրբեջանի հանձնառությունը»,-գրել է Միշելը։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմից ու Արցախի հայաթափումից հետո Բաքուն բոյկոտել էր հայ-ադրբեջանական բանակցությունների արևմտյան հարթակները, այդ թվում՝ հանդիպումները, որոնք միջնորդել էր Եվրոպական խորհրդի նախագահ Միշելը։

Ի դեպ, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը լրագրողներին ասել էր, որ Բրյուսելում հայ-ադրբեջանական բանակցությունների ժամկետների վերաբերյալ հստակություն այս պահին թեև չկա, բայց Հայաստանը կողմ է այդ ձևաչափերով բանակցությունների վերսկսմանը։

Ստեղծված իրավիճակում Խոսրով Հարությունյանն արձանագրում է, որ Հայաստանը պետք է ռեալ գնահատի ոչ միայն վտանգները, այլև իրական սպառնալիքները` ուղղված ՀՀ պետականության, տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնմխելիության դեմ և փորձի ձևավորել այդ սպառնալիքները չեզոքացնելու ինստիտուցիոնալ կարողություններ։

«Պատմությունը մոռանալ, սիմվոլներից հրաժարվել, նոր Սահմանադրություն, 4-րդ հանրապետություն, հայոց պատմություն. Այս ամենը ընդամենը մեկ բան է նշակում` արձանագրելով այն իրական սպառնալիքները, մեզ առաջարկում են լինել համեստ, դադարել կոչվել հայ։ Ըստ էության, Փաշինյանը դա է ասում հիմա. եթե չենք ուզում ջղայնացնել ցլերին, ապա եկեք հայտարարենք, որ մենք դադարում ենք հայ կոչվելուց, մոռանում ենք մեր անցյալը, մոռանում ենք մեր աշխարհաքաղաքական, անվտանգային անհրաժեշտությունները, այդ թվում` Ցեղասպանության ճանաչում, Արցախի հարց և այլն»,– ասում է Հարությունյանը։

Նա շեշտում է՝ «խելոք» լինելը անվտագության ու գոյապահպանման երաշխիք չէ թուրք–ադրբեջանական հայության բնաջնջման գաղափարի դեմ։

Sputnik Արմենիա