ՄԱՐՏԱԿԱՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ՞

Մեղրիում պետհաստատությունների փակման մասին վերջերս հրապարակված տեղեկություններին օրերս ավելացան ոչ պակաս տագնապահարույց ահազանգեր Վարդենիսից, որտեղ օպտիմալացման և Մարտունի տեղափոխելու պատրվակով արդեն լուծարել են անձնագրային բաժինը և պետական այլ հաստատություններ: Ընդդիմության ճամբարից փաստում են, որ իշխանությունը սահմանամերձ համայնքներում գործում է օպերատիվ և գաղտնի: Միայն այն բանից հետո, երբ պետհիմնարկների փակման մասին տեղեկությունները (Մեղրիում դիարանից մինչև կադաստրի բաժանմունք և ընդհանուր ատյանի դատարանի մասնաճյուղ) արտահոսեցին ԶԼՄ-ներ, տեղի իշխանության ներկայացուցիչները ստիպված եղան բացատրություններ տալ, այսինքն բերեցին ավանդական պատճառաբանությունը՝ պետական կառույցների արդյունավետության բարձրացման նպատակով օպտիմալացման մասին։

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՈՐՈՇԵԼ ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄԸ ՍԿՍԵԼ ՀԵՆՑ ՀԻՄԱ ԵՎ ՀԵՆՑ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ: Այս հարցի պատասխանը չկա, փոխարենը կան հիմնավոր կասկածներ, քանզի, ինչպես սիրում է կրկնել ԱԺ պաշտպանության հանձնաժողովի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը 1,5 տարի ստել է ժողովրդին, թե Սյունիքում հայկական ստորաբաժանումները 20 կմ-ով հետ քաշելը Ալիևի հետ բանավոր պայմանավորվածությունների արդյունք է։ Միայն մեկուկես տարի անց հայտնի դարձավ այն ժամանակվա պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի ստորագրությամբ փաստաթղթի առկայության մասին։ Մանուկյանը ընդդիմության այն հատուկենտ ներկայացուցիչներից է, ովքեր տեսել են պաշտպանական կառույցները սահմանային գոտում, սակայն կաշկանդված է չբացահայտելու պարտավորությամբ, թեև հայտարարել է, որ հայկական կողմը չպետք է աղմուկ բարձրացնի սպառազինությունների գնման շուրջ, քանի որ հայոց բանակի համար դա ամենևին էլ նոր երևույթ չէ, ինչպեսև կանանց ծառայությունը զինված ուժերում, ինչի շուրջ իշխող ռեժիմն արդեն հասցրել է հերթական շոուն ծավալել։

«Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը նույնպես տեսել է պաշտպանական նոր գիծը: Նրա խոսքերով՝ դրա շինարարությանը պետք էր ձեռնամուխ լինել 44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո։

Առաջնագծի կահավորման մանրամասները հայ հանրությանը հայտնի են լոկ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի խոսքերից, որը Հանրային հեռուստաընկերության եթերում երկու անգամ պատմել է այդ աշխատանքների մասին գերադրական աստիճանի ածականների գործածությամբ, իբր՝ ոչ միայն կառուցում, կահավորում ու ամրացնում ենք, այլև հաշվի ենք առնում ինժեներական գիտության բարձրագույն նվաճումները...

Բացի զինված ուժերի բարեփոխման արտաքին կողմից, որի մասին ոչ վաղ անցյալում Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատմեց նախարար Սուրեն Պապիկյանը (խոսքը վերաբերում էր դեռևս 2022 թվականին պատվիրված նոր դաշտային համազգեստին, զինծառայողների արտոնություններին, Սարգսյանի և Խամփերյանցի անվան ռազմական համալսարանների բազայի վրա ռազմական ակադեմիա ստեղծելուն, պահեստազորի սպաների պատրաստմանը և տարածքային պաշտպանության մասին օրենքին), կա իրականություն, որում, ավաղ, ոչինչ չի փոխվել 2020 թվականի նոյեմբերից ի վեր։

Խոսքը դիրքերում մարտական հերթապահությունների մասին է, որոնք ձգվում են 15 օրից մինչև 2 ամիս, կամ նույնիսկ ավելի՝ հերթափոխի բացակայության պատճառով։ Զորակոչիկներն ու պայմանագրային զինծառայողները 2-ական ժամ մարտական հերթապահություն են տանում, հետո ևս 2 ժամ գտնվում են մարտական պատրաստականության ռեժիմում, և միայն դրանից հետո է նրանց 2 ժամ հատկացվում հանգստի համար: Չնայած ընդհանուր հաշվարկով քնի համար տրվող 8 ժամվան (հաճախ ընդհատումներով), շատերը չեն դիմանում ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես, քանի որ խոսքը 3 հազար մետր բարձրության վրա մարտական հերթապահության մասին է։ Մարդիկ ուժասպառ են լինում, քրոնիկ հոգնածությունն ու թթվածնային քաղցն իրենց զգացնել են տալիս արդեն մեկ ամիս անց՝ հաճախ հանգեցնելով միջանձնային բախումների և մարտունակության նվազման։ Խոսքն այն բախումնների մասին է, որոնք ժամանակ առ ժամանակ դրամատիկ ավարտ են ունենում։

Սեպտեմբերի 19-20-ի դեպքերից և Արցախից հայերի բռնի տեղահանումից հետո զորամասերում և դիրքերում սպասում էին համալրումների։ Մարտական պահակետերում մարդիկ հույս ունեին, որ նոր կադրեր կգան, հերթափոխ կգա, ավելի հեշտ կլինի, բայց իշխանությունն այլ կերպ վարվեց։ Արդյունքում արցախցի զինվորականների մեծամասնությունը զինված ուժերում ծառայության փոխարեն նախընտրեց փախստականի կարգավիճակը, որը տալիս է բնակարանային արտոնություններ և նյութական օգնություն:

Մարդկանց կարելի է հասկանալ, նրանք անօթևան մնացած ընտանիքներ են պահում։ Փախստականի կարգավիճակն արտոնությունների իրավունք է տալիս բնակարան գնելիս, ծայրահեղ դեպքում նրանցից յուրաքանչյուրը կարող է վերցնել ընտանիքն ու մշտական բնակության տեղափոխվել մեկ այլ երկիր։ Փախստականի կարգավիճակով արգելված է ծառայությունը ՀՀ ԶՈՒ-ում, մինչդեռ դիրքերում մարդիկ գանգատվում են, որ 2 կամ 3 ամսվա ընթացքում իրենց կարող են միայն մեկ անգամ թույլ տալ տուն իջնել դիրքերից՝ լողալու համար:

Փախստականի կարգավիճակից հրաժարումը ենթադրում է հրաժարում օգնություն ստանալուց և տուն գնելու վկայականից: Նման հեռանկարն ամենևին էլ գրավիչ չէ, քանի որ զինծառայողի 200 հազար դրամ աշխատավարձով ընտանիք կերակրելը դժվար է…

Այսօր արցախցի բազմաթիվ փորձառու զինվորականներ, մայորներից մինչև գնդապետներ, զբաղվում են տարատեսակ աշխատանքով, այդ թվում՝ տաքսու վարորդի, մինչդեռ նրանց գիտելիքներն ու փորձը կարող էին օգտակար լինել դիրքերում գտնվող մարդկանց, որոնք շատ պատասխանատու ծառայություն են իրականացնում՝ պաշտպանելով սահմանամերձ համայնքները։ Այդ մարդկանց անհրաժեշտ է լիարժեք սնունդ, քուն և կանոնավոր հանգիստ, մինչդեռ նրանք շարունակում են ծառայել ծանրագույն պայմաններում։ Այդ պայմանների մասին լրատվամիջոցները 2020 թվականից ի վեր գրել են բազմիցս, սակայն սայլը տեղից չի շարժվել։

Պապիկյանը ոչինչ չի ձեռնարկում ԶՈՒ ամենավտանգավոր հատվածում ծառայությունը գրավիչ դարձնելու համար։ Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում 15 զինվորի կյանք խլած ողբերգության տարելիցն էր, իսկ փետրվարի 6-ին Գորիսից ահազանգ ստացվեց մարտական դիրքերի մոտ գտնվող զորանոցի տնակում բռնկված հրդեհի մասին: Հրդեհը մարելուց հետո տեղում հայտնաբերվել է 39-ամյա Արթուր Գրիգորյանի դին:

Այլ վարկածների հետ մեկտեղ քննարկվում է միջանձնային բախումը, որը կարող էր սպանության և այնուհետ հրկիզման պատճառ դառնալ՝ հետքերը թաքցնելու նպատակով։ Գրիգորյանը ուսումնամարզական հավաքի է եկել փետրվարի 2-ին: Հրդեհի պատճառները չեն պարզվել, ընթանում է հետաքննություն: Սա զինծառայության և հավաքների ժամանակ հրդեհից մահվան արդեն 17-րդ դեպքն է։ 2023 թվականի հունվարի 19-ի հրդեհից առաջ նմանատիպ դեպք էր տեղի ունեցել 2022 թվականի ամռանը Սյունիքում։ Եվ կրկին ուշադրություն են գրավում ժամկետային ծառայության և զինվորական հավաքների անցկացման պայմանները։ Ազատ գյուղի զորանոցում չի եղել ո՛չ նորմալ էլեկտրամատակարարում, ո՛չ էլ ջրամատակարարում։ Հայտնի է, որ զորանոցում հոսանք են անցկացրել զինվորների ծնողները։ Վերջին դեպքում տնակը ծառայում էր որպես խոհանոց, որտեղ բացակայում էին տարրական հակահրդեհային պայմանները…

Մինչ հասարակությունը վշտացած էր խաղաղ պայմաններում զինված ուժերի հերթական կորուստով, խորհրդարանական մեծամասնությունը զբաղված էր այն օրենքի առաջմղմամբ, որ կուսության հարկադիր ստուգումը համարվում է բռնություն անձի նկատմամբ։ Ե՞րբ է այդ մեծամասնությունը սկսելու խոսել այն մասին, որ զորակոչիկներն ու պայմանագրային զինծառայողները մարտական հերթապահություն են իրականացնում ծայրահեղ ծանր, անմարդկային պայմաններում: Մի՞թե ելակի, անդրավարտիքների ու շապիկների մասին առասպելն այնքան է մթագնել ուղեղները, որ կուսությունը ստուգելու խնդիրներից բացի խորհրդարանական մեծամասնության «ուսապարկերն» ուրիշ ոչինչ չեն տեսնում:

Ժամանակին Փաշինյանն ասում էր, թե «էդ սարի ծերին, որտեղ տարվա կեսը ձյուն ա, ինչների՞ս ա պետք զինվոր», կյանքը հակառակն ապացուցեց, սակայն մարտական հերթապահության իրականացնել ցանկացողների թիվն օրեցօր նվազում է: Դրա մեղքն ամբողջությամբ ՊՆ ղեկավարության վրա է, որը կարծես թե մինչև վերջ չի գիտակցում, որ դիրքերում մարդիկ հսկում են սահմանամերձ համայնքների բնակիչների անդորրը, ուստի այդ հերթապահությունների համար պետք է ստեղծել առավել բարենպաստ պայմաններ, այլապես հակառակորդի համար դժվար կլինի զերծ մնալ դիվերսիաներ անցկացնելուի գայթակղությունից, օրինակները հայտնի են բոլորին

Եվ էլի մի բան. Չէինք ցանկանա խուճապ ահագնացնել, բայց սահմանամերձ համայնքների բնակիչներն արդեն հեռուստախցիկների առջև կրկնում են այն լուրերը, որ շուտով իրենց դուրս են բերելու, ինչպես որ դուրս բերեցին Արցախի բնակիչներին: Ո՞ւր է երաշխիքը, որ իշխանությունը չի հրամայի թողնել ներկայիս մարտական դիրքերը, ինչպես դա արեց Սյունիքի այն դիրքերի հետ, որոնց մասին խոսում է պատգամավոր Մանուկյանը։

Ո՞ւր է երաշխիքը, որ Փաշինյանը չի վերադառնա «սարի ծերին» սահմանապահ դիրքերի անօգուտության մասին իր հայտարարությանը։ Գուցե հենց այդ հեռանկա՞րն է դրված մարտական դիրքերում հերթապահության նկատմամբ ներկայիս վերաբերմունքի հիմքում. չէ՞ որ այդ հերթապահություններում ներգրավված են, որպես կանոն, հենց այն սահմանամերձ համայնքների բնակիչները, որտեղ այս օրերին տեղի են ունենում պետական մարմինների «օպտիմալացման» ուղղությամբ ոչ այնքան հասկանալի գործողություններ։