Արման ԹԱԹՈՅԱՆ․ ՍՏՈՐԱՑՈՒՑԻՉ Է, ՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ «ՄԵՂԱ Է ԳԱԼԻՍ» ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՌԱՋ

Բացարձակ անթույլատրելի և ստորացուցիչ է այն, որ Հայաստանի իշխանությունը արդարանում ու «մեղա է գալիս» Ադրբեջանի առաջ, թե երեկ Սյունիքում` Ներքին Հանդի հատվածում, իբր միջադեպ է եղել, և իրենք դա պարզում, քննություն են իրականացնում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

Նա նաև նշել է. «Սա միանշանակ ադրբեջանական օրակարգ է: Այսինքն՝ ի՞նչ է ստացվում. ադրբեջանական զինված ծառայողները ներխուժել են մեր երկրի տարածք, և հիմա դեռ մենք պետք է քննենք, թե մեր տարածքում ադրբեջանցիների հանդեպ ի՞նչ մեղք ենք գործել:

Բա ու՞ր մնաց իրողությունը, որ ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունն ի սկզբանե անօրինական, հանցավոր է:

Նրանք դեռ 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում` հոկտեմբերի 20-ին են ներխուժել Ծավ գյուղի հարևանությամբ տարածքներ, իսկ 2021 թվականին ու դրանից հետո ընդլայնել են ներխուժումների աշխարհագրությունը:

Ներքին Հանդը շրջափակել են 3 կողմից, կրակում են գյուղերի ուղղությամբ, մարդկանց զրկել են խմելու ջրից, ապրուստի միջոց վաստակելու, հարազատների շիրիմներին ու եկեղեցի այցելելու հնարավորությունից, անհնարին են դարձրել մարդկանց կյանքը:

Հայաստանի զինծառայողներն ամեն րոպե պաշտպանում են մեր ժողովրդի կյանքն ու առողջությունը:

Սա պետք է լինի հայկական կողմի օրակարգն ու հավատամքը, այլ ոչ թե Ադրբեջանի թելադրածը»:

News.am