Արսեն ԱՌԱՔԵԼՅԱՆ․ ԳՀԻ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԻՆ ՀԱՎԱԿՆՈՂԸ ԳԻՏՆԱԿԱՆ Է, ԻՍԿ ՀԵՆՑ ԸՆՏՐՎԵՑ, ԱՅԼԵՎՍ ԳԻՏՆԱԿԱՆ ՉԷ՞
Գիտական աստիճանի համար հավելավճարների հետ կապված շատ տարօրինակ իրավիճակ է ստեղծվել, երբ գիտական ՊՈԱԿ-ի (պետական ոչ առևտրային կազմակերպության) տնօրենն, ով ի պաշտոնե գիտխորհրդի նախագահն է և ինստիտուտի բազային ֆինանսավորման թեմայի ղեկավարը, այլևս գիտնական չի համարվում: Այս մասին NEWS.am Tech-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը, մեկնաբանելով գիտական աստիճանների համար հավելավճարների տրամադրման նոր կարգը։
Գիտական կազմակերպությունների տնօրենն այլևս գիտնական չէ՞
Նշենք, որ ՀՀ Կառավարությունը 2024 թվականի հունվարի 4-ի նիստում հաստատել է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված և առնվազն աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատող գիտական աշխատողներին գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճարի տրամադրման չափը և կարգը սահմանելու մասին» որոշումը։
Այս որոշման ընդունումից հետո պարզ դարձավ, որ գիտական ինստիտուտների ղեկավարները ՊՈԱԿ-ների մասին օրենքով չեն կարող ստանալ այս հավելավճարները։
«Օրինակ՝ ես, լինելով տնօրեն, չեմ համարվում գիտնական։ Բայց երբ հայտարարվում է գիտական կազամակերպության տնօրենի պաշտոնի համար մրցույթ, ապա պայմանների մեջ նշվում է, որ մարդը պետք է ունենա գիտական աստիճան, գիտական և մանկավարժական գործունեության ստաժ, հոդվածներ, ղեկավարի գիտական ուղղություններ և այլն։ Այսինքն, պաշտոնին հավակնողը գիտնական է, բայց հենց ընտրվում է, այլևս գիտնական չէ՞», – ասաց նա։
Գիտաշխատողների ատեստավորման նոր կարգը
Կառավարության անցյալ տարվա մեկ այլ որոշմամբ սահմանվեց գիտնականների ատեստավորման նոր կարգը, որի պահանջները Հայաստանում շատ գիտնականներ չափազանցված են համարում։ Բայց Արսեն Առաքելյանն այդպես չի կարծում։
Նրա կարծիքով՝ գիտաշխատողների ատեստավորման նոր ընթացակարգը բավականին հաջողված է և խթանող։
«Մենք մեր նկատառումները ժամանակին ուղարկել ենք, դրանք որոշ չափով հաշվի են առնվել։ Դա այն նշաձողն է, որին պետք է ձգտել։ Ու մենք այդ նշաձողի մասին գիտեինք հինգը տարի առաջ։ Ոնց որ այդ ժամանակահատվածը տրամադրված է եղել պատրաստվելու համար։ Ես այդ կարգի հետ խնդիրներ չեմ տեսնում։ Բարձրագույն կրթության ու գիտության կոմիտեի ժողովուրդն այդ առումով շատ լավ աշխատանք է արել», – ասաց նա։
Ըստ Արսեն Առաքելյանի՝ խնդիրը ոչ թե ատեստավորման խիստ պահանջներն են, այլ այն, որ ԿԳՄՍ-ն կարողանա գիտնականներին ապահովել այնպիսի աշխատանքային պայմաններով, որոնց դեպքում նրանք կկարողանան բավարարել այդ պահանջներին։ Օրինակ՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն վերջերս իրականացնում է նոր մեծածավալ դրամաշնորհային ծրագրեր, որոնց շրջանակներում հնարավոր է ձեռք բերել նոր սարքավորումներ, ներդնել հետազոտության նոր մեթոդներ, բացել նոր լաբորատորիաներ և այլն։ Սակայն ինստիտուտները բախվում են սարքավորումների և ծախսվող նյութերի ձեռքբերման և մատակարարման լուրջ ուշացումների՝ «Պետական գնումների մասին» օրենքի պատճառով: Գիտական հաստատությունների ղեկավարները երկար տարիներ խոսում են այս մասին, սակայն, չնայած օրենքում կատարված որոշ փոփոխություններին, գլոբալ առումով հարցը լուծում չի ստացել։
Ամեն դեպքում գիտական ինստիտուտները պետք է պահպանեն ինքնուրույնությունը
Մինչև 2024 թվականի փետրվարի 15-ը գիտական ինստիտուտներն ու խմբերը պետք է առաջարկություններ ներկայացնեն «բուհերի խոշորացման և գիտական ինստիտուտների հետ միավորվելու համար»։ Սա ԿԳՄՍՆ ձևակերպումն է։ Հարցին, թե արդյոք Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն արել է իր առաջարկները, Արսեն Առաքելյանը նշեց, որ Ակադեմիայի նախագահությունը բոլոր ինստիտուտներից կարծիքներ ու առաջարկներ է հավաքել և ընդհանրացված կներկայացնի կառավարությանը։ Ինքն՝ Առաքելյանը, կարծում է, որ այս հարցում դեռ շատ անորոշություն կա, և ինքը դեռ որևէ բուհի ներկայացուցչի հետ քննարկումներ չի ունեցել, քանի որ ոչ բուհերը, ոչ էլ գիտահետազոտական ինստիտուտները դեռ չեն պատկերացնում, թե ինչպես պետք է լինի այդ ամենը։
«Ու ինձ թվում է, ժամկետն այդ ամենի համար այնքան էլ իրատեսական չէր, հաշվի առնելով դաշտի տոտալ անորոշությունը։ Ոչ ոք ոչինչ չի հասկանում, չգիտի ինչ իրավակազմակերպական ձևեր կարող են լինել։
Հաշվի առնելով, որ խոշորացման և միավորման նպատակներից մեկը բուհերի գիտահետազոտական կոմպոնենտի ուժեղացումն է, մեր նկատառումներից է եղել այն, որ գիտահետազոտական ինստիտուտը կամայական միավորման ժամանակ պետք է կարողանա պահպանել իր ֆինանսատնտեսական և գիտահետազոտական անկախությունը։ Ինստիտուտները պետք է իրենց կարգավիճակը և միասնականությունը պահպանեն։ Համալսարանների գիտական ստորաբաժանումները պետք է ինտեգրվեն ինստիտուտի կազմում, և ինստիտուտը և արդեն համապատասխան կրթական ստորաբաժանումները համատեղ պետք է ձևավորեն կրթական ծրագրերը։ Եվ ինստիտուտը պետք է ունենա պատասխանատվություն այդ ծրագրերի գիտական կոմպոնենտի համար։ Դա է մեր ընդհանուր մոտեցումը, դա մեզ համար սկզբունքային է», – ասաց Արսեն Առաքելյանը։