Կոնստանտին ԶԱՏՈՒԼԻՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՃՆՇՄԱՆ ՓՈՐՁ Է

Ադրբեջանի ռազմական գործողությունը սահմանին Հայաստանի վրա ճնշում գործադրելու փորձ է, ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ Lenta.ru-ի հետ զրույցում նա արձագանքել է երկու երկրների միջև տեղի ունեցած վերջին սրացմանը, խոսել նաև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարների մասին։

Պատգամավորի խոսքով՝ առճակատման նոր դրվագը հերթական անգամ մեծացնում է լարվածությունը ավանդաբար թշնամական համարվող երկրների հարաբերություններում։

«Ինձ համար դժվար է դատել, թե ով է ճիշտ, ով է սխալ՝ այն տեսանկյունից, թե ով է առաջինը սկսել, ինչպես ասում են բակում ծեծկռտուքից առաջ, բայց ով էլ առաջինը սկսած լինի, ակնհայտ է, որ Ադրբեջանը դա օգտագործել է որպես ուժի և վրեժի դրսևորման պատրվակ և այսօր այս տեղեկությունը տարածում է որպես հերթական հաղթանակ Հայաստանի հետ դիմակայությունում։ Իհարկե, այս հռետորաբանությունը ակնհայտորեն պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակ չունի, ամենայն հավանականությամբ ճնշում գործադրելու փորձ է»,- ասել է Զատուլինը։

Ադրբեջանը շահագրգռված է, որ Հայաստանը ինչքան հնարավոր է շատ զիջի ցանկացած համաձայնագիր ստորագրելիս, կարծում է խորհրդարանականը։ Նա հավելել է, որ Բաքուն դադար է վերցրել նախագահական ընտրություններ անցկացնելու համար, որի ժամանակ Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևը կրակի վրա յուղ է լցրել՝ քվեարկելով Ստեփանակերտում, որը տեղացիներն անվանում են Խանքենդի և որտեղ հայ բնակչություն չկա։

«Ես Ադրբեջանի ընտրությունների դեմ ոչինչ չունեմ, սա իրենց ներքին խնդիրն է, բայց այս ընտրությունները շատ խմորված էին հաղթողի սինդրոմով, ինչը հաստատվեց Ալիևի քվեարկությամբ Ստեփանակերտում։ Սա, կարծում եմ, արտացոլումն է այն բանի, որ, ըստ ամենայնի, այս պահին չկա խաղաղության պայմանագրի ստորագրման, տարածքային ամբողջականության ճանաչման և այլնի մթնոլորտ և կոնկրետ պայմաններ։

Դրա շուրջ հակասությունները շարունակվում են, և տրամաբանական հարց, որը ծագում է ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում, այն է, որ Փաշինյանի կառավարությունը, որը ճանաչեց Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, հրաժարվեց իր հայրենակիցների բոլոր աջակցությունից, կուլ տվեց զանգվածային արտագաղթը Ղարաբաղից և, բացի այդ, սրեց հարաբերությունները Ռուսաստանի հետ, ի՞նչ շահեց նա այդ ճանապարհին, եթե չկա նոր հրաշալի աշխարհ, բայց կան այնպիսի բախումներ, ինչպիսին երեկ և այսօր է։ Ըստ երևույթին, մենք շատ հեռու ենք Անդրկովկասում իրական խաղաղությունից»,- ասել է նա:

Միակողմանի հաղթանակները, ինչպես Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Ղարաբաղի շուրջ ձեռք բերված հաղթանակները, չեն հանգեցնում անհապաղ խաղաղության, այլ նոր հակամարտությունների և առճակատման դրվագների սերմեր են դնում, եզրափակել է պատգամավորը։

News.am