ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽՈՍՏՈՎԱՆԵՑ. ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ ԱՐԳԵԼՎԱԾ Է ԿՐԱԿԵԼ ԹՇՆԱՄՈՒ ՎՐԱ, ՆՐԱՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԻԱՅՆ ԶՈՀՎԵԼ «ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ»
Երեկվա օրն իր ողբերգական հետևանքներով երևակեց և ի ցույց դրեց նախկինում ոչ այնքան ակնհայտ և ավելի շուտ ենթադրյալ միանգամից մի քանի փաստեր։ Եվ դրանք բոլորը վերաբերում են ամենահրատապ, գոյաբանական խնդրին՝ անվտանգությանը և հայոց պետության բուն գոյությանը սպառնացող անմիջական վտանգին։ Այս բացահայտումներին առանձնակի կարևորություն է հաղորդում այն հանգամանքը, որ պետք չէ որևէ կռահումներ անել ու վարկածներ առաջադրել. ամեն ինչ ասված է հենց իրենց կողմից. նրանց, ովքեր գիտակցաբար հասցրեցին մեզ այսօրվա վիճակին: Ասված է հրապարակավ, ցինիկաբար և անպատկառ ցուցադրականությամբ։
Վերջին ամիսների ողջ ընթացքում փորձագետները բառացիորեն շեփորում էին. Ալիևը նոր ագրեսիա է նախապատրաստում։ Իշխանություններն անտարբեր թոթվում էին ուսերը, իբր՝ մեր խելքն էլ է տեղը, ամեն ինչ շատ լավ հասկանում ենք։ Փորձագետները պնդում էին. Փաշինյանն ու Ալիևը կարող են համաձայնեցված ահագնացում սկսել սահմանին վրա, որպեսզի համոզեն ՀՀ քաղաքացիներին նոր Սահմանադրության անհրաժեշտության մեջ, Նիկոլը կարող է նոր տարածքներ հանձնել, իսկ հետո սովորության համաձայն տարածել ձեռքերն ու հայտարարել, թե դա, իբր, նոր իրականություն է, որի հետ պետք է հաշտվել «հանուն խաղաղության»։
Ասես տեսնում էին գլխներիս գալիքը. վերընտրվելուց ուղիղ մեկ շաբաթ անց Ալիևը վերսկսեց իր «պաս տվոցին» Փաշինյանի հետ ՝ հայոց պետության հետագա խարխլման ու փլուզման նպատակով։ Անհնար է այլ կերպ գնահատել Հայաստանի պաշտպանության նախարարություն կոչվող գերատեսչության արդեն տխրահռչակ և, մասնագետների հավաստմամբ, պատմության մեջ աննախադեպ պատասխանը Բաքվին՝ իբր հայկական դիրքերից արձակված կրակոցների վերաբերյալ մեղադրանքին։
Սովորաբար նման հաղորդագրություններում ասվում էր, որ դա ապատեղեկատվություն է, և նման բան չի եղել: Այդպես է վարվել ՀՀ ՊՆ-ն ավելի քան 30 տարի։ Բայց այ պապիկյանական գրասենյակը հրամցրեց իսկապես չլսված-չտեսնված տեքստ. նա երդմնալի խոստացավ «հետաքննել միջադեպը» և հաստատման դեպքում... պատժել մեղավորներին՝ յուրայիններին։
Թե ինչ տեղի ունեցավ դրանից հետո՝ փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան, արդեն հայտնի է։ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի մոտ գտնվող հայկական դիրքերի զանգվածային գնդակոծման և ԱՕԹՍ-ներով գրոհի հետևանքով զոհվեց 4, վիրավորվեց 1 հայ զինվոր: Ամենից ապշեցուցիչն այն էր, որ զոհվածները ոչ թե կանոնավոր բանակի զինծառայողներ էին, այլ կամավորներ՝ «Երկրապահ» հասարակական կազմակերպության անդամներ: Փառք ու պատիվ նրանց, բայց ի՞նչ է սա նշանակում:
Սա նշանակում է, որ, ռազմական փորձագետների հավաստմամբ, սահմանի ամենախոցելի հատվածներից մեկում դիրքերում կանգնած են ոչ թե զինծառայողներ, այլ աշխարհազորայիններ։ Կարելի է ասել՝ ֆիդայիներ. և սա 21-րդ դարի առաջին քառորդի ավարտին։ Զոհվածներից մեկը՝ 66-ամյա (!) տղամարդ։ Սակայն ՊՆ-ն միայն հայտնեց զոհերի անունները՝ հարկ չհամարելով բացատրել, թե ինչու են հայկական դիրքերը պաշտպանում ոչ թե բանակային ստորաբաժանումները, ոչ թե պայմանագրային զինծառայողները, այլ հասարակական, թեկուզև ռազմականացված կազմակերպության կամավորները։
Հարց. եթե այդ մարդիկ իրենց կամքով չգնային երկրի սահմանները պաշտպանելու, այնտեղ ընդհանրապես ոչ ոք չէ՞ր լինելու: Եվ էլի մի հարց. ի՞նչ զենք ունեին նրանք՝ ընդդեմ մարտական անօդաչու թռչող սարքերի, նույնպես իրենց սեփակա՞նը:
Այս հարցին շատ յուրօրինակ պատասխանեց սկանդալներից աչք չբացող ԱԺ խոսնակը, հայտարարելով հետևյալը. «Ժողովրդավարության և միջազգային գործընկերների հետ համագործակցության ճանապարհը մեր անվտանգության միակ համակարգն է»: Ահա այսպես, շիտակ ու անկեղծ հաստատեց. մեզ բանակ պետք չէ, անվտանգության համակարգ՝ նույնպես։ Ըստ երևույթին, Ալեն Սիմոնյանը ինքնասիրահարվածության պոռթկումով բռնված երևակայել է իրեն Շվեյցարիայի խորհրդարանի խոսնակ, կամ էլ ծայրահեղ դեպքում՝ Բելգիայի. առհասարակ ցանկացած երկրի, որը շրջապատված է անվտանգության միասնական համակարգ ունեցող բարեկամներով ու դաշնակիցներով... Չէ՞ որ Փաշինյանն ինքն է ասել՝ «հիմա Եվրամիությունն, ըստ էության, մեր տարածաշրջանն է»։
Բայց հաջորդած իրադարձությունները ստվերեցին նույնիսկ այս աղաղակող փաստերը: Ինչպես հաղորդեց ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը, հարձակումը տեղի է ունեցել ադրբեջանական դիրքերից, որոնք գտնվում են Հայաստանի օկուպացված տարածքում: Ոչ մի հայ պաշտոնյա այդ օրը չհայտարարեց այդ մասին, թեև արտահայտվեցին և՛ ՔՊ-ական առանձնակի «կարկառուն» որոշ պատգամավորներ, և՛ Միրզոյանը, և՛ անձամբ Փաշինյանը։ Իսկ ինչ վերաբերում է պաշտպանության նախարարին, ապա լիակատար տպավորություն է, որ նա այդ օրը սաստիկ զբաղված էր ինչ-որ այլ, անձնական գործով։ Պապիկյանը պարզապես չկար, և վերջ։
Իսկ այ Միրզոյանն ու Փաշինյանը եռանդագին բանակցություններ էին վարում արևմտյան դաշնակիցների հետ ու հստակ ասում նրանց մեկ բան. թե ո՜նց են իրենք խաղաղություն ուզում։ Այնքան տենչագին են փափագում, որ պատրաստ են ցանկացած գին վճարել և հանդուրժել Բաքվի ցանկացած ոտնձգություն, բավարարել նրա ցանկացած պահանջ։
Օրինակ, Արաբաթը Բրյուսելում Բորելի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ «Հայաստանն ակնկալում է Ադրբեջանի վերադարձ բանակցություններին», կրկնում եմ ՝ հայկական տարածքում ադրբեջանական ագրեսիայի հերթական զոհերի խորապատկերին։ Սակայն այդպես էլ չհամարձակվեց տալ կարծես թե ամենաբնական հարցը. իսկ ու՞ր էին սահմանը ակնդետ հսկող ԵՄ առաքելության դիտորդները, այդ ինչո՞ւ չմիջամտեցին տեղի ունեցող ամենին, չփորձեցին կանխել ահագնացումը և նույնիսկ հանդես չեկան դեպքի վերաբերյալ հայտարարությամբ:
Բայց ամենակարևորը հնչեց օրվա վերջում՝ անձամբ Փաշինյանից։ Ցուցանշական է, որ բացարձակ աներևակայելի փաստի խոստովանությունը նա արեց անգլիացիների հետ հանդիպման ժամանակ, որոնց հետ վերջերս իշխանությունները «ռազմավարական երկխոսություն» են վարում։ Հավաստիացնելով Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի պատվիրակությանը, որ անսասան կերպով կողմ է խաղաղությանը՝ Նիկոլը զեկուցեց, որ ամեն ինչ անելու է «խաղաղ գործընթացում կոնկրետ արդյունքների հասնելու համար»։
Այնուհետ հաջորդեց առաջին խոստովանությունը. Փաշինյանը հաստատեց, որ Բաքվից ստացված հաղորդագրության հիման վրա Հայաստանի իշխանությունները պատրաստ են հետաքննել և պատժել սեփական զինծառայողներին «կարգը խախտելու համար»: Այդ ո՞ր կարգը: Եվ այդտեղ սկսվեց ամենահետաքրքիրը:
Իհարկե, լուրերն այն մասին, որ բանակին արգելված է պատասխանել թշնամու կրակոցներին և զինված ագրեսիային, վաղուց էին շրջում, և դրանց հավաստիությունը քչերն էին կասկածի տակ առնում։ Բայց հիմա դա արդեն կառավարության ղեկավարի պաշտոնական խոստովանությունն է, որը հայտարարեց. « ՀՀ ՊՆ-ի կողմից կա շատ խիստ հրաման՝ չհրահրել որևէ էսկալացիա, չտրվել սադրանքների»։
Այլ կերպ ասած, հայոց բանակի զինծառայողներին խստիվ արգելվում է պատասխան կրակ բացել նույնիսկ Ադրբեջանի ԶՈՒ-ի հարձակման դեպքում, որպեսզի, Աստված մի արասցե, չխաթարվի անգին «խաղաղ գործընթացը»։ Պետությունը թշնամուց պաշտպանող հայ զինվորներն ունեն միայն մեկ իրավունք. հլու-հնազանդ զոհվել հանուն Նիկոլի մոլի գաղափարի։ Այդ դեպքում բանակի ինչի՞ն է պետք զենքը։ Հարկ է ենթադրել՝ պետք չէ, ինչպեսև դիրքերում կանգնած երկրապահ կամավորականները…
Ասված ամենը իշխանությունների այն աստիճան անհեթեթ և միևնույն ժամանակ բացահայտ խոստովանություններ են սեփական գործունեության հակահայկական բնույթի և թշնամու օգտին տքնաջան աշխատանքի վերաբերյալ, որ հատուկ մեկնաբանության կարիք չունեն։ Դա բացահայտ ասում են հենց իրենք՝ սեփական անպատժելիության և իշխանության անխորտակելության մեջ լիակատար վստահությամբ։ Ուստի տանք վերջին, առավել քան հռետորական հարցը. պատրա՞ստ են արդյոք խաղաղության գաղափարին այդքան անմնացորդ նվիրված Փաշինյանն ու ընկերախումբը անձամբ գնալ սահման ու անձնվիրաբար զոհվել հանուն այդ գաղափարի: Թե՞ դա բացառապես շարքային քաղաքացիների՝ զինվորների և կամավորականների պատվաբեր առանձնաշնորհն է։