ՀԱՎԱԿՆՈՏ ՕՐԱԿԱՐԳԵՐԸ ԿԵՆՍԱԳՈՐԾՎՈՒՄ ԵՆ
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորրելը Հայաստան-ԵՄ փոխգործակցության խորհրդի նիստի արդյունքներով հայտարարեց, որ ընդունվել է որոշում ընդլայնելու երկկողմ հարաբերությունների օրակարգը։
«Մենք անդրադարձել ենք մեր հարաբերությունների բոլոր տեսանկյուններին՝ համընդգրկուն և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում։ Մենք գիտակցում ենք, որ այնուամենայնիվ դեռ աշխատելու տեղ կա այս համաձայնագրի ողջ ներուժն օգտագործելու համար: Որոշել ենք սկսել շատ հավակնոտ գործընկերության նոր օրակարգ Եվրամիության և Հայաստանի միջև»,-հայտարարեց Բորրելը։
Եվ այս ամենը կարելի էր պարզապես հիանալի համարել, եթե մոռանանք մի «նրբերանգ». Արևմուտքի բոլոր «հավակնոտ օրակարգերը» Հայաստանում ունեն մեկ, իրոք չափազանց հավակնոտ նպատակ՝ դուրս մղել Ռուսաստանին տարածաշրջանից։
Ո՞ւմ է ամենից շատ ձեռնտու այդ հավակնոտ օրակարգը։ Թուրքիային և Ադրբեջանին։ Էրդողանն ու Ալիևը ուրախ շփում են ձեռքերը՝ այն հույսով, թե այ հիմա ԵՄ-ն, Լոնդոնն ու Վաշինգտոնը Փաշինյանի թիմին կշպրտեն բլիթների հերթական փայը։ Իսկ Փաշինյանի թիմը, հրճված իր հանդեպ Արևմուտքի այդ սիրառատ վերաբերմունքից, կանի հերթական քայլերը՝ ուղղված տարածաշրջանում Ռուսաստանի դերի նվազեցմանը։
Փաշինյանի և նրան սպասարկող բազմապիսի անձնակազմի աշխարհաքաղաքական թախլաները թանկ են նստում Հայաստանի վրա։ Շառլ Միշելի հավակնոտ խաղաղ նախաձեռնությունների դիմաց արդեն վճարել ենք Արցախի կորուստով։ Միշելի հավանությամբ ճանաչելով Արցախը Ադրբեջանի մաս, Փաշինյանն արձակեց Բաքվի ձեռքերը և, հակառակը, սահմանափակեց Լեռնային Ղարաբաղի հարցով միջնորդական նախաձեռնություններով հանդես գալու և դրանք կենսագործելու Մոսկվայի հնարավորությունները։
Հիմա Էրդողանի ու Ալիևի օրակարգում «Մեղրիի միջանցքն» է։ Մեկ ժողովրդի երկու պետությունների երկու նախագահները հարմար պահի են սպասում, որպեսզի նվազագույն կորուստներով, նվազագույն դիմադրության բախվելով, միասնական ջանքերով, ինչպես 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ, միավորեն երկու պետությունները, իսկ Հայաստանին թողնեն 9600 քառակուսի կիլոմետր, համաձայն 1920 թվականի Ալեքսանդրապոլի պայմանագրի։
Եթե հիմա այդպիսի հեռանկարը կարող է մեծապես չափազանցված թվալ, պետք է ընդամենը հարց տալ. «Ո՞վ կհամարձակվեր մինչև 2018-ի ապրիլը ենթադրել, որ ոչնչացվելու է հայկական Արցախը»։ Փաշինյանի հանճարի շնորհիվ դա հնարավոր դարձավ հինգ տարվա ընթացքում… Չի կարելի թերագնահատել հակառակորդի հնարավորությունները. դա սպառնում է տխուր հետևանքներով։
Ինչպես արդեն հաղորդվել է, ՀՀ ԱԳՆ կայքից «տեխնիկական պատճառներով» հանկարծակի անհետացել է «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր» անվանումով բաժինը։ Իսկ այսօր տեղեկություններ ստացվեցին, որ Մուրացան փողոցի հոսպիտալի շենքի բակից և ներքին տարածքից հանվել են ազգային հերոսների դիմանկարները, ինչպես նաև Արցախի հետ կապված բոլոր պաստառները։ Պետք է ենթադրել՝ նույնպես բացառապես «տեխնիկական պատճառներով»…
«Կեցցե՛ն մեր երեխաները, որոնք ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում»,- սիրում էր գոչել Նիկոլ Փաշինյանը միտինգներում իր զգայացունց ելույթների վերջում։ Այսօր այդ բառերը հնչում են որպես լկտի ծաղր… Նույնպիսի լկտի ծաղր, ինչպիսին էր Նիկոլի կատարմամբ հայտնի արտահայտությունը. «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»։