Ստեփան ԴԱՆԻԵԼՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉԷ, ՈՐ ՊԵՏՔ Է ԱՍԻ, ԹԵ ՊԱՏԵՐԱԶՄ Է ԼԻՆԵԼՈՒ
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով սահմանազատման բանակցային գործընթացում Ադրբեջանի ոչ կառուցողական և խուսափողական մոտեցումները՝ հայտարարեց. «Մեր վերլուծությունը ցուց է տալիս, որ սրա համար կարող է լինել մեկ պատճառ, և այն կարող է լինել, օրինակ, ռազմական գործողությունները սկսելը սահմանի որոշ հատվածներում՝ հետագայում ռազմական էսկալացիան ՀՀ-ի դեմ լայնածավալ պատերազմի վերածելու հեռանկարով»։
Հայ-ադրբեջանական լայնածավալ պատերազմի հավանականության և հերթական անգամ նման հայտարարություններով հայ հասարակությանը զիջումների նախապատրաստելու Փաշինյանի հնարավոր քայլերի շուրջ Panorama.am-ը զրուցեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանին։
-Նիկոլ Փաշինյանը չէ, որ պետք է ասի, թե պատերազմ է լինելու՝ մենք էլ իմանանք։ Դրա մասին շատ ենք խոսել և ոչ միայն ես, որ այո, պատերազմ կարող է լինել։ Ինքը բոլոր հիմքերը տվել է, որ առաջին հերթին հարձակումը լինի այսպես կոչված «անկլավների» վրա։ Ըստ Ադրբեջանական մամուլի՝ Հայաստանն ընդունել է 4 «անկլավ» հիմա տալ, մնացածը՝ հետո։ Այն ես ասում եմ ըստ ադրբեջանական մամուլի, որ Հայաստանը դա ընդունել է։ Այսինքը ինքը բոլոր իրավական հիմքերը ստեղծել է այդ հարձակման համար։
Նման դեպքեր շատ են եղել, նման հիմքեր ստեծել էր Գորիս-Կապան ճանապարհի վրա հարձակման համար, երբ որ գյուղերի անուններն ադրբեջաներեն էր տվել։
Այսինքը՝ Ադրբեջանը իրավական հիմք է ստացել դրսի խաղացողների առաջ, որ ասի. «Այո, սա իմ տարածքն է, ես գնում եմ վերիցնելու»։
Եվ ինքն այն միշտ անում է զոհերով, որպեսզի իր վրայից պատասխանատվությունը գցի։
Այո, դրա հավանականությունը մեծ է, և դրա մասին ավելի լուրջ մարդիկ են ասում, նաև լուրջ երկրների պաշտոնական ներկայացուցիչներն են ասում, որ դրա հնարավորությունը կա և դրա պատճառն էս գործող անձի վարած անհեթեթ քաղաքականությունն է։
Panorama.am-Ի՞նչ եք կարծում նման հայտարարություններով Փաշինյանը մեր երկրի հասարակությանն արդյո՞ք չի նախապատրաստում հերթական զիջումների։
-Նախապատրաստում է, թե ոչ, ինքը վախի մեջ է, որ դա լինելու է և այս անգամ կարող է և պատասխանատվությունից չխուսափի և, իրոք, իշխանության փոփոխվելուց առաջ դատարանի առաջ կանգնել։
Իրոք ինքը վախեցած է, վախի մեջ է ապրում և նման հայտարարություններով նույնպես փորձում է պատասխանատվությունը գցել ուրիշների, մասնավորապես Ադրբեջանի ռազմատենչ վարքագծի վրա։ Որպեսզի հասարակության ուշադրությունը շեղի, որ իր վարած տխմար քաղաքականության և տխմար գաղափարների պատճառով է էս ամեն ինչը տեղի ունենում։