Քերոբյան. Փաշինյանն ի՞նչ կապ ունի այս ամենի հետ

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը իր դեմ հարուցված քրեական գործը քաղաքական չի համարում։ Նա այդ մասին հայտարարեց ՀՀ հակակոռուպցիոն դատարանում` պատասխանելով լրագրողների հարցերին։

Լրագրողները հետաքրքրվեցին` երբ Քերոբյանն իր ազատման մասին գրում էր համացանցում և շնորհակալություն հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կարո՞ղ էր պատկերացնել, որ դատարանում կհայտնվի։

«Նիկոլ Փաշինյանն ի՞նչ կապ ունի այս ամենի հետ»,–ասաց Քերոբյանը։

Հետո նա իր հերթին լրագրողներից հետաքրքրվեց` արդյոք նոր նախարար նշանակվել է, թե ոչ։

Հարցին, թե այս պահին միայն դա է իրեն հետաքրքրում, Քերոբյանը դրական պատասխան տվեց։

Լրագրողներից մեկը հարցրեց` նախարարությունում նրան արժանի փոխարինողներ կա՞ն, Քերոբյանը վստահ պատասխանեց. «Այո՛, իհարկե կան»,–ասաց նա։

Արձագանքելով լրագրողներին` նախկին նախարարը նշեց, որ հնարավոր թեկնածուներից Գևորգ Պապոյանի (ԱԺ պատգամավոր) մասին շատ լավ կարծիք ունի, իսկ Նարեկ Տերյանի (էկոնոմիկայի փոխնախարար) մասին` ավելի շատ։

Նշենք, որ Քերոբյանը մեղադրվում է խմբի կազմում շահադիտական նկատառումներով, նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու, դրանք օգտագործելու կամ ազդեցությունը կիրառելու հոդվածով։ Նա չի ընդունում առաջադրված մեղադրանքը։

Քիչ առաջ նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը՝ 2 ամիս ժամկետով։

Sputnik Արմենիա