«ՊԱՏՇԱՃ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ» ԿԳԱՆ, ԵՐԲ ՀՀ ԱԳՆ-Ը ԿՐԿԻՆ ԴԱՌՆԱ ՀԱՅԿԱԿԱՆ
Փետրվարի 13-ին քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանը հայտնեց, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարության կայքից անհետացել է Արցախին նվիրված բաժինը: «Ինչպես է պատմությունը վերագրվում. Հայաստանի արտգործնախարարության կայքում միշտ եղել է «Լեռնային Ղարաբաղի խնդիր» բաժինը։ Այն հասանելի էր հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով: Այս էջն այժմ հեռացվել է բոլոր լեզվական տարբերակներից: Եթե դա տեխնիկական սխալ չէ (որը ես կասկածում եմ), ապա Հայաստանն արդեն տեխնիկապես և պաշտոնապես համերաշխ է Ադրբեջանի հետ. «Լեռնային Ղարաբաղի խնդիրն այլևս գոյություն չունի»,-գրել է նա Տելեգրամի իր ալիքում:
Քիչ ավելի ուշ պարզվեց, որ անհետացել է նաեվ «44-օրյա պատերազմ» բաժինը։ Ընդ որում կայքի գլխավոր էջում երկու բաժիններն էլ դեռ նշված են, բայց դրանց վրա սեղմումը տանում է դատարկ էջ. «Անհնար է կատարել հարցումը»։
Բարձրացած աղմուկն այնքան մեծ էր, որ գերատեսչությունը ստիպված արձագանքեց։ Բայց ավելի լավ է չաներ դա, քանզի հաղորդագրությունից մի մղոնի վրա գիտակցված ստի ու երեսպաշտության հոտ էր փչում։ «Բաժինը կայքէջից չի հեռացվել, իսկ բովանդակությունն արտացոլված կլինի պատշաճ ժամկետներում»,- հայտարարեց իր շեֆի բոլոր հրամանները հնազանդորեն կատարող ԱԳՆ մամլո խոսնակ Անի Բադալյանը: Եվ ցինիկաբար կոչ արեց «տեղեկատվական դաշտում զերծ մնալ թեմայի անհարկի շահարկումներից»։
Թե կոնկրետ երբ են «պատշաճ ժամկետները» և ինչու են կայքէջից անհետացել հենց այդ երկու բաժինները, սույն օրիորդը հարկ չհամարեց բացատրել։ Իսկ այ ԶԼՄ-ները հիշեցրեցին, որ մի քանի օր առաջ Ալիևի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, որ Բաքվի համար վիճելի է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքը, որտեղ ղարաբաղյան խնդրին նվիրված բաժնում ասվում է, որ Արցախը պատմական Հայաստանի անբաժանելի մասն է:
Ամիրբեկովն ասաց՝ Միրզոյանն ու Բադալյանը գործի անցան։ Եթե ԱԳՆ-ը այլ բացատրություն ունի այսչափ տարօրինակ «զուգադիպությանը», թող ներկայացնի։ Քանզի անհնար է բոլոր այս փաստերը գնահատել այլ կերպ, քան հայ ժողովրդի պատմությունը վերաշարադրելու փորձերի շարունակում ՀՀ իշխանությունների կողմից՝ ի շահ Ադրբեջանի և Թուրքիայի։
Եվ եթե նախկինում դա վերաբերում էր պատմության դասագրքերին, դպրոցական ուսումնական ծրագրի բովանդակությանը, «փառքի անկյուններին», հերոսների պսակազերծմանն ու մոռացմանը և այլն, ապա այժմ գործին միացել է ԱԳՆ-ը՝ թուրքական նախկին (?) լրտես Օմեգա-Արաբաթ Միրզոյանի և նրա հավատարիմ հպատակ Բադալյանի գլխավորությամբ։ Դժվար է չհամաձայնել Մելքոնյանի հետ. սա ոչ այլ ինչ է, քան հաստատում, որ «Հայաստանը տեխնիկապես և պաշտոնապես համերաշխ է Ադրբեջանի հետ. «Լեռնային Ղարաբաղի խնդիրն այլևս գոյություն չունի»:
Եվ եթե ԱԳՆ-ի նշյալ ղեկավարն ու խոսնակը համաձայն չեն նաեվ այս պնդմանը, ապա թող կրկին հանդես գան պաշտոնական հերքմամբ ու հայտարարեն, որ Հայաստանը փակված չի համարում Արցախի հարցը։ Այդքան համարձակություն չունեն, թե՞ վախենում են Ամիրբեկովի ու Փաշինյանի ցասումից։
Ճիշտ ժամանակն է հիշելու, որ անցած տարվա հուլիսին նույն խայտառակ խնդիրը հանձնարարվել էր Գլխավոր դատախազությանը՝ Նիկոլի մյուս հավատարմահպատակ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ։ «ԳԱ»-ն այն ժամանակ գրեց այն մասին, որ դատախազության կայքից հեռացվել են 1988 թվականի փետրվարի 27-29-ին Սումգայիթում հայերի ցեղասպանության վերաբերյալ նյութերը: 2010 թվականին հսկայական աշխատանք է տարվել Սումգայիթում, Մարաղայում, Թալիշում և այլ բնակավայրերում Ադրբեջանի ոճրագործություններն ապացուցող հարյուրավոր փաստաթղթերի թվայնացման ուղղությամբ: Այդ անգին արխիվը տեղադրված էր Գլխավոր դատախազության կայքում, իսկ դրա հղումը նշված էր գլխավոր էջում:
Սկանդալից հետո մոտ 30 փաստաթուղթ վերադարձվեց կայք. հսկայական արխիվի աննշան մասը։ Այն ժամանակ Գլխավոր դատախազության մամլո քարտուղարը, ինչպես այսօր Անի Բադալյանը, պատճառաբանում էր դա վերակառուցմամբ ու «տեխնիկական խնդիրներով». ճիշտ է, «պատշաճ ժամկետների» մասին հաղորդել նրանք չմտահղացան։ Անցել է ավելի քան կես տարի. արխիվը, բնականաբար, վերականգնված չէ։ Եվ, կարելի է չկասկածել, չի էլ վերականգնվի, քանի դեռ իշխանության ղեկին են նրանք, ովքեր վերաշարադրում են հայոց պատմությունը։
Արդեն ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Բաքվի հրամաններ հլու-հնազանդ կատարող Փաշինյանի հրահանգով աշխատանք է սկսվել Ադրբեջանի անհամար հրեշավոր ոճրագործությունների վերաբերյալ բոլոր ռեսուրսները ցանցից հեռացնելու ուղղությամբ։ Գլխավոր դատախազության արխիվը ոչնչացնելով լոկ հող էին շոշափում։ Սկանդալը, բոլոր նախորդների պես, արագ մարեց, և ուրեմն՝ կարելի է շարունակել: Շարունակեցին, ընդ որում՝ տարբեր ուղղություններով, այդ թվում արտաքին քաղաքական. ԱԳՆ-ը պարզապես միացավ ԿԳՄՍՆ-ի հանցավոր գործունեությանը։ Եվ վստահաբար կարելի է ասել, որ Արցախից հետո այդ գերատեսչության կայքէջից շուտով կանհետանա նաև Հայոց ցեղասպանությանը նվիրված բաժինը։
Չի կարելի չնշել այս խնդրի ուղիղ կապը միջազգային դատական ատյաններում Ադրբեջանի դեմ բոլոր հայցերը հետ կանչելու Բաքվի պահանջների հետ։ Ընթանում է 1988-1992 թթ. Հայոց ցեղասպանության, ինչպես նաև հետագա տարիներին (ընդհուպ մինչև 2023թ. սեպտեմբեր) կատարված հանցագործությունների հետ կապված ամենի ոչնչացման համակարգված գործընթաց։ Չկա պատմություն՝ չկա հանցագործություն. ուրեմն ի՞նչ դատական հայցեր կարող են լինել։
Դեռևս անցած տարի Գլխավոր դատախազության հետ կապված սկանդալի խորապատկերին փորձագետները կանխատեսում էին համացանցից բոլոր այն ռեսուրսների հեռացում, որոնք այս կամ այն կերպ կապված են հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի պատմության հետ։ Այսօր արդեն կարելի է չկասկածել, որ այդ կանխատեսումները շատ շուտով իրականություն են դառնալու։ Եվ պաշտոնյաներն այլևս իրենց նեղություն չեն տա նույնիսկ պաշտոնական բացատրություններ ներկայացնել ու պատրվակ բերել «տեխնիկական պատճառները»։
Ինչի՞ համար, եթե առանց այդ էլ պարզ է, որ Փաշինյանը, Միրզոյանը, Վարդապետյանը, նույն Բադալյանը և իշխանության մյուս բոլոր կամակատարներն աշխատում են բացառապես Բաքվի և Անկարայի շահերի օգտին և կատարում այնտեղից ստացած բոլոր հրահանգները։