«ԲՈՒԴԱՊԵՇՏԻ» 20-րդ ՏԱՐԵԼԻՑԸ. ԿԱՑՆԱՎՈՐԱՑՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԱԼԻԵՎՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԵԿՏՈՐ

Հունվարի 29-ին Թուրքիայի խորհրդարանի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Հուլուսի Աքարը Իլհամ Ալիևին մարտական կացին նվիրեց: 20 տարի առաջ նրա անվանակից Հուլուսի Քըլըչը, որն այն ժամանակ դեսպան էր Բաքվում, Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունից հետո հայտարարեց. «Եթե Արևմուտքը չի ցանկանում Ռամիլ Սաֆարովի պարագայում տեղի ունեցածի կարգի իրադարձությունների հերթական կրկնություն, ապա պետք է աջակցի Ադրբեջանի արդար դիրքորոշմանը և շուտափույթ լուծի Լեռնային Ղարաբաղի խնդիրը»:

Ուղիղ երկու տասնամյակ է անցել Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կատարած սահմռկեցուցիչ ոճրագործությունից: Այսօր, երբ Հայաստանի իշխանությունները, ամեն գնով ձգտելով խաղաղության, փորձում են պատմությունից ջնջել հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի բազմաթիվ հանցագործությունները, արժե հիշել Գուրգենի սպանության և դրան հաջորդած իրադարձությունների հիմնական տեսանկյունները: Բայց ոչ միայն ի հիշատակ հայ սպայի և որպես հիշեցում այն մասին, թե ում հետ գործ ունենք՝ ի դեմս Ադրբեջանի ու դրա նախագահի։

Ոչ պակաս կարևոր է նաև մեկ այլ փաստ. հայ սպայի սպանությունը դարձավ ոչ միայն Իլհամ Ալիևի առաջին հանցագործությունը՝ նախագահի աթոռին բազմելուց 3,5 ամիս անց, այլև նրա արյունոտ հայտը Հայոց ցեղասպանության թուրքական քաղաքականության գլխավոր շարունակողի դերի համար: Այն, որ հայատյացությամբ զոմբիացված սուբյեկտի կատարած հանցագործության պատվիրատուն և կազմակերպիչը հենց Իլհամ Ալիևն էր, փաստացի ապացուցվեց Հունգարիայի մայրաքաղաքում կայացած դատավարության ընթացքում:

Սակայն ամենահամոզիչ ապացույցը դարձան բռնապետի իշխանության 20 տարիները, որի խղճին այդ ժամանակահատվածում կուտակվել են հարյուրավոր ու հազարավոր կյանքեր։

2004թ. փետրվարի 19-ի գիշերը ՆԱՏՕ-ի դասընթացների ադրբեջանցի մասնակից Ռամիլ Սաֆարովը ներխուժեց Հայոց բանակի 26-ամյա լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սենյակ և նախապես գնված կացնով 16 հարված հասցրեց քնած սպային՝ հատելով գլուխը մարմնից: Այնուհետ մարդասպանը փորձել էր ներխուժել հայ մյուս մասնակցի՝ Հայկ Մակուչյանի սենյակ, որպեսզի նրան էլ սպանի, սակայն դուռը, բարեբախտաբար, կողպված էր եղել: Սաֆարովը չթաքնվեց ու չժխտեց արածը, ընդհակառակը, ամեն կերպ հպարտություն ու գոհունակություն էր ցուցաբերում սեփական արարքի համար։ Սպանությունն այնքան հրեշավոր էր, որ առանց չափազանցության ցնցեց Հունգարիան և ողջ Եվրոպան։

Հանցագործության ծրագրված լինելն ակնհայտ դարձավ միանգամից. Ադրբեջանում Սաֆարովին ակնթարթորեն և միաձայն հռչակեցին հերոս։ Իսկույն ևեթ սկսվեց զանգվածային քարոզարշավ, որի նպատակն էր մեղադրել հայ սպաներին սպանությունը հրահրելու մեջ, արդարացնել ու խլել հանցագործին հունգարական արդարադատության ձեռքից, վերադարձնել Ադրբեջան և ազատել պատժից, իսկ նրա «սրտաճմլիկ պատմությունը» հետագայում օգտագործել որպես հակահայկական քարոզչության գործիք:

Սակայն դատավարության ընթացքում հայ զինծառայողների հասցեին հնչած կեղծ մեղադրանքներից և ոչ մեկը չհաստատվեց։ Ալիևին չհաջողվեց դուրս բերել իր վիժվածքին Հունգարիայի հայ համայնքի և Հայաստանի ներկայացուցիչներ Հայկ Դեմոյանի ու Նազելի Վարդանյանի ջանքերի շնորհիվ: 2006 թվականի ապրիլի 13-ին հունգարական դատարանը Անդրաշ Վասկուտիի նախագահությամբ դատապարտեց Սաֆարովին ցմահ ազատազրկման՝ առաջին 30 տարիներին ներման խնդրագիր ներկայացնելու իրավունքի բացառումով:

2012 թվականի օգոստոսի 31-ին Հունգարիայի կառավարության և Ադրբեջանի իշխանությունների միջև ցինիկ գործարքի արդյունքում մարդասպանը վերադարձվեց Բաքու: Ալիևն անմիջապես հրաման արձակեց ներում շնորհել իր հովանավորյալին։ Սաֆարովին հերթական զինվորական կոչումը շնորհեցին, բնակարան նվիրեցին Բաքվում և վճարեցին խիստ ռեժիմի գաղութում անցկացրած 8 տարիների ողջ աշխատավարձը: Դրանով ևս կրկին հաստատելով. հայ սպայի սպանությունը պետական պատվեր էր, որի հեղինակն անձամբ նախագահն էր։

Գլխավոր դահճի և հայասպանների հովանավորի դերի համար Ալիևի հայտը դարձած հանցագործության մանրամասները հանգամանորեն մտածված էին և բովանդակում էին խոր ծիսականություն և խորհրդանշականություն. թուրք դահիճների դարավոր սովորություններին և գազանային հակումներին լիովին համապատասխան։ Քնած, հետևաբար՝ անզեն, անակնկալի եկած, ուստի անօգնական հային սպանում է վախկոտը, որն անկարող է հաղթել նրան արդար մարտում (Սաֆարովն ինքն է խոստովանել դա հարցաքննության ժամանակ)։ Եվ սպանում է բնավ ոչ դանակով, ոչ փամփուշտով, այլ կացնով: Ինչպես նշվում է Ալիևին Աքարի ընծայած նվերի մասին հաղորդագրություններում, «դա սառը զենք է, որն օգտագործել են թուրք զինվորները անցյալ ժամանակներում»:

Պարզվում է՝ ոչ միայն անցյալում. Սաֆարովին հրահանգվել էր Բուդապեշտում կացին գնել և հենց կացնով սպանել հային։ Որպես ծես: Որպես նախազգուշացում: Որպես նշան, թե որքան արյունալի, որքան թուրքական է լինելու Իլհամ Ալիևի իշխանությունը։ Դա նրա հավատարմության երդումն էր կացնակից եղբայրներին և նրանց ցեղասպան քաղաքականության վճռական շարունակողը լինելու պարտավորությունը։ Ինչը, ասենք, թուրքերի կողմից 1918 թվականին ադրբեջանական արհեստական պետության ստեղծման նպատակն էր ի սկզբանե։

Բուդապեշտում դատական վերջին նիստի ժամանակ Սաֆարովի հունգարացի փաստաբանը եզրափակիչ ելույթում հայտարարեց. «Հայի սպանությունը հանցագործություն չի համարվում Ադրբեջանում»: Ավելորդ է նշել, որ այդ խոսքերի հեղինակները նստած էին Բաքվում և հիանալի հասկանում էին կրկին իսկ ծրագրային հայտարարության ողջ խորհրդանշականությունը՝ որպես քաղաքական հավատամք, որն ազդարարվել է ճիշտ ժամանակին և պատշաճ առիթով։ Դա ուղերձ էր ոչ միայն հայերին, այլև ողջ քաղաքակիրթ աշխարհին։ Բոլորովին պատահական չէր, որ Հուլուսի Քըլըչը սպառնաց Արևմուտքին արյունալի հանցագործությունների կրկնությամբ, եթե չսատարվի «Ադրբեջանի արդար դիրքորոշումը»։

Եվ, ի դեպ, ոչ միայն նա. Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքական ու հասարակական գործիչների նմանատիպ սպառնալիքներն այդ օրերին լիառատ էին։

Հայատյացությունն ու ցեղասպանությունը իր քաղաքականության գլխավոր վեկտորներ դարձրած Ալիևի կողմից Ադրբեջանի «կացնավորացումը» այն ժամանակից ի վեր ընթացավ կատաղի տեմպերով։ Այդ երկրում ահռելի չափաբաժիններով ներարկվող ու ահագնացվող մարդատյացության մակարդակը հանգեցրեց հայ ժողովրդի դեմ բազմաթիվ ու շատ հաճախ դաժանությամբ աննախադեպ ոճրագործությունների, իսկ դրա առավել ակնբախ ու սարսափելի օրինակներից մեկը դարձավ հայերի սպանություններով առանձնակի աչքի ընկած նոր սաֆարովների հրապարակային լրպիրշ հերոսականացումը։

Վերջին տարիների իրադարձությունների խորապատկերին Հունգարիայում կատարված հանցագործությունն իսկապես խոր իմաստ ու իրական խորհրդանշականություն է ստանում։ Ավելի քան 20 տարի թուրքերը հայերի հետ հաշվեհարդար տեսնելու և Արցախը զավթելու միջոց էին փնտրում։ Ինչպես որ վախկոտ Սաֆարովը երբեք չէր կարողանա բաց մենամարտում հաղթել արթուն Գուրգեն Մարգարյանին, այնպես էլ թուրքերը երբեք չէին հաղթի հայերին արդար մարտում, առանց վիթխարի դավաճանության։ Պետք էր սպասել խորը գիշերվա, որ հայ զինվորը քներ, և պետք էր քնեցնել հայ ժողովրդին «հեղափոխության ու ժողովրդավարության» մասին քաղցր հեքիաթով, որպեսզի նորից նրա վրա բարձրացնեին կացինն ու հարվածեին։

Եվ կտրեին հայերի հազարավոր գլուխներ՝ ժողովրդի երբեմնի բարձր ու հզոր ոգին լեթարգիական քնի մեջ գցելու համար։ Իսկ հետո արդեն անցնեին բուն Հայաստանին։

Այդ աղետալի գործընթացի տրամաբանական օղակը դարձավ Հունգարիայի հետ ակտիվ հաշտեցումն ու Երևանում ալիևյան դրածոների քիրվայությունը նրանց հետ, ովքեր փաստացի ազատ արձակեցին մարդասպանին և ուղարկեցին իր տիրոջ մոտ։ Հաշտեցում՝ առանց հունգարական կողմի զղջման ու ափսոսանքի չնչին իսկ նշույլի և հայկական կողմից այդպիսի պահանջների իսպառ բացակայության։ Եվ սա նույնպես տարածաշրջանում «խաղաղության» արմատավորման արյունալի խճանկարի անքակտելի մասն է, որում հայոց պետության առկայությունն ամենևին էլ պարտադիր չէ։

Առնվազն՝ նրանց մտահղացմամբ, ովքեր 20 տարի առաջ Բուդապեշտ ուղարկեցին իրենց զոմբիին՝ կացին տալով նրա ձեռքն ու հանգամանորեն հրահանգելով, թե ինչպես կարելի է հաղթել հային։