ԴԱՐՊԱՍԸ ԲԱՑՎՈՒՄ Է ԴԵՊԻ ՆԵՐՍ
2023 թվականի արդյունքներով Թուրքիան ամենից շատ՝ միանգամից վեց անգամ ավելացրել է արտահանումը Հայաստան, հաղորդում է РИА Новости-ն, հղում անելով ՄԱԿ-ի Comtrade կայքի տվյալներին։
Մատակարարումների աճի գծով Հայաստանից բացի նշվում են Լաոսը, Սան Մարինոն և Պալաուն։
Մերձավոր Արևելքի իր հարևաններից միայն հինգ երկրներում է Թուրքիան մեծացրել իր ապրանքների արտահանումը. առավելագույն ծավալները գրանցվում են Սաուդյան Արաբիայում՝ 2,5 անգամ, հաղորդում է Aysor.am-ը։
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ԱՅՈ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՏՊԱՎՈՐԻՉ Է, ՍԱԿԱՅՆ, ՄԵՂՄ ԱՍԱԾ, ԿԱՍԿԱԾԵԼԻ։ Համենայն դեպս, համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, անցյալ տարի Հայաստան է ներմուծվել 337 միլիոն դոլարի ապրանք։ Նախորդ՝ 2022 թվականին այդ ցուցանիշը կազմել է 263 միլիոն դոլար։ Անկասկած, լուրջ աճ է, բայց ընդամենը 28%-ով, այլ ոչ թե 6 անգամ։
Ասենք, հայ-թուրքական առևտրի վիճակագրության մեջ թե կա ինչ-որ ցնցող բան, դա հայկական արտահանման ծավալն է։ Հենց դրա պարագայում անցած տարի բառացիորեն փլուզում տեղի ունեցավ։ Այսպես, եթե 2022 թվականին Հայաստանը Թուրքիա է արտահանել 61 միլիոն դոլարի ապրանք, ապա 2023 թվականին՝ ընդամենը 6 միլիոնի։ Հայկական արտահանման տասնակի կրճատումը՝ ներկրման 28%-անոց աճի խորապատկերին, մեծ սնունդ է տալիս մտորումների համար։ Ավելի ճիշտ, այստեղ առանձնապես մտորելու հարկ էլ չկա։ Ակնհայտ է, որ սա ամենաիսկական առևտրատնտեսական զավթախուժում է, ինչի հավանականության մասին փորձագետները զգուշացրել են վաղուց և միշտ։
Տվյալ ենթատեքստում կա ևս մեկ նրբերանգ, որը դժվար է անտեսել։ Դա վերաբերվում է թուրքական արտադրանքի նկատմամբ Հայաստանի սահմանած էմբարգոյի ժամանակահատվածին։ Դա 2021 թվականին էր։ Ահա ուրեմն, պարզվում է, որ չնայած Հայաստանի կառավարության սահմանած «խիստ» արգելանքին, այդ տարվա ընթացքում Հայաստան է ներմուծվել 73 միլիոն դոլարի թուրքական ապրանք։ Ընդ որում 32 միլիոն դոլարի ապրանքը ներկրվել է անմիջականորեն Թուրքիայից։ Կրկնում եմ, սա այն պայմաններում, երբ ամբողջ 2021 թվականի ընթացքում պաշտոնապես էմբարգո էր հայտարարված։ Բայց սա էլ ամենը չէ։ Այդ նույն ժամանակահատվածում Հայաստանից Թուրքիա արտահանումը նվազել է մինչև 442 հազար դոլարի։ Նախքան 44-օրյա պատերազմը, մասնավորապես 2021-ին հայկական արտադրանքի արտահանման ծավալը Թուրքիա կազմել է 2 միլիոն դոլար։
Արժե, որ այս թվերին նայեն նրանք, ովքեր պայքարել ու պայքարում են հանուն Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրատնտեսական համագործակցության, ովքեր ամենայն լրջությամբ կարծում են, թե հայ-թուրքական սահմանի բացումը հնարավորություն կտա, որ հայրենական արտադրանքը մեծ ծավալներով դուրս կգա թուրքական շուկա, ինչն իր հերթին, իբր, կհանգեցնի Հայաստանի տնտեսական ծաղկման։ Վիճակագրական տվյալները բավական են՝ հասկանալու համար, որ խոսքը վերաբերում է ձևականորեն փոխադարձ, իսկ իրականում միակողմանի առևտրին։ Թուրքերը հաճույքով յուրացնում են մեր շուկաները, մեր իսկ արտադրողների համար ստեղծելով անհաղթահարելի մրցակցություն։ Հենց սրանով է, ըստ էության, սպառնում Հայաստանին այդ միակողմանի առևտուրը։ Ինչ վերաբերում է թուրքական վաճառասեղաններին հայկական արտադրանքի առկայությանը, ապա այդ հարցում ծավալվելու հնարավորություն չկա։ Թուրքիայի առջև հայկական շուկայի դարպասը բացվում է միայն դեպի ներս…