ԱՐԴՅՈՔ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶՈՐՔ ԿՈՒՂԱՐԿԻ ՈՒԿՐԱԻՆԱ՝ ԿԻԵՎԻՆ ՕԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Փաշինյանը «աննկատ» միացել է Զելենսկու «խաղաղության բանաձևին»

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է

 


«Մինչ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցում էր Դոնեցկ քաղաքի մերձակայքում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող բնակավայրի՝ Ավդեևկայի գրավման մասին, Նիկոլ Փաշինյանը գտնվում էր Գերմանիայում՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին։

Ինչպես նախորդ անգամ, այնպես էլ հիմա Նիկոլ Փաշինյանը անվտանգության համաժողովին մասնակցելուց հետո շփվել է Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Ի թիվս այլ հարցերի, Նիկոլ Փաշինյանը խոսել է ուկրաինական պատերազմի և Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին՝ նշելով, որ «Ուկրաինայի հարցում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ»։

«Ես վաղուց եմ ասել, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ Ուկրաինայի հարցում։ Եվ սա մեր անկեղծ դիրքորոշումն է։ Մեզ շատ ցավ է պատճառում, որ չենք կարող ազդել այս իրավիճակի վրա։ Ուկրաինացի ժողովուրդը բարեկամ ժողովուրդ է»,- ընդգծել է նա։

Փաշինյանը նաև նշել է, որ 1991 թվականի ԱՊՀ ստեղծման մասին Ալմա-Աթայի հռչակագիրը պետք է գործի Ուկրաինայում ստեղծված իրավիճակում։

«Մենք հարգում ենք Ալմա-Աթայի հռչակագիրը, բայց այն պարտավորեցնում է ոչ միայն մեզ։ Նրանք (Ռուսաստանը և Ուկրաինան — խմբ.) էին նախաձեռնողները, քանի որ դա սկսվեց Բելովեժյան համաձայնագրերից, որով Ռուսաստանը, Ուկրաինան և Բելառուսը որոշեցին, որ ԽՍՀՄ-ն այլևս գոյություն չունի, և նրանք դարձան անկախ պետություններ՝ ճանաչելով միմյանց սահմանները: Մենք ելնում ենք նրանից, որ Ալմա-Աթայի հռչակագիրը հիմք է հանդիսանում մեր անկախության և տարածքային ամբողջականության ճանաչման համար, և նույնը պետք է վերաբերվի Ուկրաինային։ Այս փաստաթուղթը կարևոր է բոլորիս համար, և դրա ոչնչացումը կարող է հանգեցնել համակարգի փլուզման»,- ասել է Փաշինյանը Գերմանիայի հայ համայնքի հետ հանդիպմանը։

Ինչպես գիտեք, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դեռ 2022 թվականին առաջ է քաշել իր «Խաղաղության բանաձևը», այսինքն՝ հայեցակարգ, որի իրականացումը կբավարարի պաշտոնական Կիևին, և որը կարելի էր համարել «ՌԴ-ի հետ խաղաղության վերադարձի պայման»։ Ի թիվս այլ բաների, ուկրաինական «Խաղաղության բանաձևը» ենթադրում է «Ուկրաինայի վերադարձ 1991 թվականի իր սահմաններին և ռուսական զորքերի դուրսբերում»։

Քաղաքական գնահատական տալով ուկրաինական իրադարձություններին, քաղաքական հայտարարություններ անելով 1991-ի Ալմա-Աթայի հռչակագրի ուկրաինական ճգնաժամի նկատմամբ կիրառելիության մասին՝ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս «Զելենսկու խաղաղության բանաձևի» իրականացման օգտին, որը վերաբերում է նաև «1991 թ. սահմաններին»:

Փաշինյանը բավարար չափով անկեղծ չէ, երբ նշում է, որ «Ուկրաինայի հարցում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ», քանզի ինչպես երևում է վերոնշյալից, պաշտոնական Երևանն ավելի շուտ միացել է Մոսկվայի հակառակորդների ճամբարին, որոնց միավորում է վերը նշված «Զելենսկու խաղաղության բանաձևը»։ Ի թիվս այլ բաների, «Խաղաղության բանաձևը» ներառում է «Արդարության վերականգնման» մասին կետ, որը ենթադրում է միջազգային տրիբունալի ստեղծում Ռուսաստանի Դաշնության և այն անձանց դեմ, որոնք, ըստ պաշտոնական Կիևի, ռազմական հանցագործություններ են կատարել Ուկրաինայի տարածքում։

Հենց դրա համար էլ հարց ենք տալիս ՝ արդյոք Հայաստանը զորք կուղարկի Ուկրաինա ՝ Կիևին օգնելու համար, Փաշինյանն էլ «աննկատ» միացել է Զելենսկու «խաղաղության բանաձևին», ինչը նշանակում է, որ նա պետք է հետևողական լինի իր քայլերում…

Ինչ վերաբերում է Ալմա-Աթայի հռչակագրին, ապա այն հիմնականում վերաբերում է ոչ թե պետությունների սահմաններին, այլ հաստատում է Բելովեժյան համաձայնագրերը, որոնք նշանավորեցին ԽՍՀՄ փլուզումը, բայց որոնք ստորագրվեցին ընդամենը 3 պետությունների կողմից ՝ Ռուսաստան, Ուկրաինա և Բելառուս:

Ալմա-Աթայի հռչակագիրը երբեք չի օգտագործվել տարածքային վեճերի լուծման համատեքստում՝ ո՛չ Ռուսաստանի և Վրաստանի, ո՛չ Ղրղզստանի և Տաջիկստանի միջև։ Զելենսկու մտքով անգամ չէր անցնում խոսել այս Հռչակագրի մասին Ռուսաստանի հետ հակամարտության համատեքստում, բայց Փաշինյանին պետք էր ինչ-որ կերպ կազմակերպել իր փաստացի միանալը հակառուսական կոալիցիային, այստեղից էլ հայտնվեց թեզը Մոսկվայի և Կիևի միջև խնդիրների լուծման մասին հենց այդ հռչակագրի հիման վրա։

Ի դեպ, կա ևս մեկ նրբություն, բացի միմյանց տարածքային ամբողջականությունը և գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը ճանաչելու և հարգելու մասին կետից, հռչակագրում կան նաև այլ կետեր, որոնց համաձայն ԱՊՀ մասնակիցները պիտի պահպանեն ռազմավարական ուժերի միասնական կառավարումը։ Ինչպես է այդ կետերի մեջ մտնում Փաշինյանի՝ հայկական զինված ուժերը ՆԱՏՕ-ի զինված ուժերին ինտեգրելու ձգտումը։

Թե՞ Հռչակագիրը գործում է «միայն մասամբ», և միայն այնտեղ, որտեղ դա բխում է Փաշինյանի և նրա քաղաքական գործընկերների շահերից։ Ադրբեջանի հետ խնդիրները «հողի վրա» քիչ էին, ու հիմա էլ մենք մտնում ենք Ռուսաստանի հետ բաց առճակատման նոր փուլ։ Ընդ որում՝ առճակատում՝ առանց Արևմուտքի կողմից անվտանգության նվազագույն տեսանելի ու իրական երաշխիքների։

Մտածե՛ք այդ մասին…»։

Alpha News