Արտակ ԲԵԳԼԱՐՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՅԱԹԱՓՈՒՄԸ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՐԵԼ ԵՆ ԵՄ-ՈՒՄ, ԱՄՆ-ՈՒՄ ԵՎ ՌԴ-ՈՒՄ

Ադրբեջանն ու Թուրքիան Արցախի հայաթափումը համաձայնեցրել են ԵՄ-ում, ԱՄՆ-ում և ՌԴ-ում, յուրաքանչյուր գերտերության հետ իրենց շահերին համապատասխան են բանակցել, «Ազատությանը» հայտնել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Մենք չենք տեսնում, որ ամերիկյան վարչակազմը որևէ էական պատժամիջոց կիրառի Ադրբեջանի հանդեպ։ Նաև այս է պատճառը, որ, ըստ իս, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ԵՄ-ում, ԱՄՆ-ում և ՌԴ-ում Արցախի հայաթափումը համաձայնեցված է եղել»,- ասել է Բեգլարյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանն ու Թուրքիան որոշակի գործողություններ են կատարել այդ նպատակին հասնելու համար։

«Որոշ դեպքերում՝ փաստի առաջ են կանգնեցրել, բայց ես տպավորություն ունեմ, որ Ադրբեջանն ու Թուրքիան ինչ-որ ձևով կանաչ լույս են ստացել և ագրեսիա են իրականացրել Արցախի դեմ։ Այլապես՝ մենք կտեսնեինք, որ Ալիևը որևէ գին է վճարում, իսկ Ալիևը որևէ գին չի վճարում»,- ասել է նախկին պետնախարարը։

Բեգլարյանը նշել է, որ ԱՄՆ կատարած այցի ժամանակ Կոնգրեսից Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցում դրական ազդակներ են ստացել, ինչը, սակայն, բավարար չէ։

«Հայաստանում պետք է հետևողական աշխատենք։ Հետևողական պետք է աշխատեն և՛ արցախցիները, և՛ ՀՀ, և՛ Սփյուռքի կազմակերպությունները, և, առաջին հերթին, ՀՀ իշխանությունները, որպեսզի հասնենք պատժամիջոցների»,- հավելել է Բեգլարյանը։

Արցախի նախկին ՄԻՊ-ը նշել է, որ որևէ արցախցու չգիտի, ով ցանկանում է վերադառնալ Արցախ՝ նախկին երաշխիքների հիման վրա: Նա պարզաբանել է, որ խոսքը ռուս խաղաղապահների նույն գործող երաշխիքների մասին է:

«Կարծում ենք՝ դա որևէ արդյունավետություն չի կարող ունենալ, արդեն տեսել ենք, որ արդյունավետ չէ: Այստեղ շատ մեծ գործոն է եղել նաև այն, որ Արցախի անվտանգության կամ ագրեսիան ու շրջափակումը կանխելու շուրջ ռուս-արևմտյան կոնսենսուս չի եղել: Հակառակը՝ և՛ ռուսական կողմից, և՛ արևմտյան կողմից մեր հարցը դիտարկվել է որոշ չափով նաև իրար դեմ մրցակցելու կամ հակամարտության պրիզմայով»,- ասել է նա՝ հավելելով, որ նաև դրա համար ենք կորցրել Արցախը:

Բեգլարյանը նշել է, որ գլխավոր հարցը՝ ավելի մեծ պրիզման, ՀՀ-ի աշխարհաքաղաքական կուրսն է, Ադրբեջանի հետ հարաբերությունները, ՌԴ-ի ու Արևմուտքի հետ հարաբերությունների հարցերը և այս տեսանկյունից՝ Արցախի վերաբերյալ այն անընդունելի դիրքորոշումը, որ ՀՀ-ն Արցախն ընդունեց Ադրբեջանի կազմում: Սա է, ըստ Բեգլարյանի, եղել ՌԴ-ի, ԵՄ-ի ու ԱՄՆ-ի անգործության պատճառը:

«Խաղաղապահները ձախողել են, նրանք իրենց պարտականությունները պետք է կատարեին, բայց դա չի նշանակում, թե միայն ռուսական կողմն է պատասխանատու»,- ասել է նա և հավելել, որ ինչ-որ չափով նաև ԱՄՆ-ն ու ԵՄ-ն են պատասխանատու Ադրբեջանի վրա չազդելու համար:

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, ՀՀ ՔԿ վերջին տվյալներով, զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100632 քաղաքացի է ժամանել ՀՀ։

Armenia Today