Արսեն Թորոսյանի շուրջ օղակը սեղմվում է

ՀՀ առողջապահության նախկին նախարար, այժմ՝ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի շուրջ օղակը սեղմվում է։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Արտյոմ Սմբատյանը, որը նախկինում զբաղեցնում էր ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, հայտնվել է իրավապահ մարմինների խոշորացույցի տակ և չի բացառվում, որ առաջիկայում ներգրավվի ՀՀ ԱՆ «Դատաբժշկական Գիտագործնական Կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Մհեր Բիշարյանին առնչվող գործով։ Ի դեպ, մամուլն արդեն գրել է, որ Սմբատյանը պատրաստվում է հեռանալ պաշտոնից։

Մհեր Բիշարյանին, հիշեցնենք, մեղադրանք է ներկայացվել 44-օրյա պատերազմից հետո ԴՆԹ փորձաքննությունների համար նախատեսված սարքավորումների ձեռքբերման նպատակով կնքված գործարքների վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում։ ՀԿԿ քննիչը միջնորդություն էր ներկայացրել Բիշարյանին կալանավորելու վերաբերյալ, որը դատարանի կողմից մերժվել է, ինչից հետո, «Փաստինֆո»-ի տեղեկություններով, Բիշարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։ Փաստաբան Էմին Խաչատրյանը մեզ հետ զրույցում ավելի վաղ հայտնել էր, որ Մհեր Բիշարյանը Քովիդի համավարակի պայմաններում՝ 44-օրյա պատերազմից հետո ԴՆԹ փորձաքննությունների համար նախատեսված սարքը գնել է հրատապ կարգով, ինչը Բիշարյանի միանձնյա որոշումը չէր։

Մեր տեղեկություններով՝ հրատապ կարգով գնումը կատարելու հանձնարարականը տրվել էր այն ժամանակվա առողջապահության նախարարի կողմից, ինչի մասին էլ առկա են համապատասխան փաստաթղթեր և չի բացառվում, որ այս գործով առաջիկայում նոր մեղադրյալներ կլինեն՝ ի դեմս «ավելի խոշոր ձկների»։

Նշենք, որ Արսեն Թորոսյանի պաշտոնավարման օրոք նաև համավարակի դեմ պայքարում էին հայտնաբերվել չարաշահումներ, որի առնչությամբ ևս քրեական գործ է քննվում ՀԿԿ-ում, թեև իշխանությունների կողմից փորձ է արվում հնչեղություն ունեցող այդ գործը մոռացության մատնել։