«Հրապարակ». ԳԱՂՏՆԻ ՆԻՍՏԵՐ ԵՎ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ Արցախի ԱԺ պատգամավորները ոչ միայն գաղտնի նիստեր են հրավիրում, այլև ակտիվ հանդիպումների մեջ են տարբեր քաղաքական-հասարակական կառույցների հետ։

Տեղեկացանք, որ փետրվարի սկզբներին էլ ԱՀ ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը և խորհրդարանական երեք ուժերի ներկայացուցիչները՝ «Արդարություն»-ը, ԱԺԿ-ն և «Միասնական հայրենիք»-ը, Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում հանդիպել են ՀՀ խորհրդարանական ֆրակցիաների ներկայացուցիչների հետ՝ առանձին-առանձին:

«Պատիվ ունեմ»-ը ողջ կազմով է ներկայացել հանդիպմանը, «Հայաստան» խմբակցությունը՝ ևս ներկայացուցչական կազմով Սեյրան Օհանյան, Իշխան Սաղաթելյան և այլք։ Քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակի և Հայաստանում արցախցիների խնդիրների վերաբերյալ հարցեր, կողմերը որոշել են հանդիպումները շարունակել, նույնիսկ քննարկվել է կանոնավոր հանդիպումների շարք իրականացնելու հարցը:

Իսկ հանդիպման ֆորմատը եղել է` նախ խորհրդարանի պատգամավորների հետ հանդիպում, որից հետո հանդիպում Արցախի նախագահի հետ: Այսինքն՝ նույն օրը պատգամավորները նաև Սամվել Շահրամանյանի հետ են հանդիպել»:

News.am