«Ավրորա»-ի 2024 թ. հիմնական միջոցառումները տեղի կունենան Լոս Անջելեսում

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հատուկ միջոցառումների շարք կանցկացնի 2024 թ. մայիսի 8-10-ը Լոս Անջելեսում: Միջոցառումները, այդ թվում՝ 2024 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը և Մարդու իրավունքների և մարդասիրության ֆորումը, տեղի կունենան Կալիֆորնիայի համալսարանի «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտի հետ համագործակցությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գրասենյակը։

Միջոցառումները կանցկացվեն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն, «Մոդերնայի» համահիմնադիր և նախագահ Նուբար Աֆեյանի և Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր, Վաչե և Թամար Մանուկյանների անվան մարսողական հիվանդությունների բաժանմունքի ղեկավար, ինչպես նաև «Էմմիի» անվանակարգում առաջադրված կինոպրոդյուսեր և ձեռներեց Էրիկ Էսրայիլյանի նախագահությամբ: Վերջինիս ջանքերի շնորհիվ 2017 թ. ստեղծվել է Կալիֆորնիայի համալսարանի «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը:

«Մեզ համար պատիվ է միավորել ջանքերը «Խոստում» ինստիտուտի հետ, որպեսզի աջակցենք ականավոր մարդասերներին և մարդու իրավունքների պաշտպաններին, որոնք վտանգում են սեփական անձը՝ այլոց օգնելու համար»,- ասաց դոկտոր Նուբար Աֆեյանը: «Անցած ութ տարիների ընթացքում «Ավրորան» ստեղծել է համախոհների համաշխարհային ցանց, որոնք նվիրված են այս կարևոր գործին, և մենք ուրախությամբ սպասում ենք նրանց Լոս Անջելեսի միջոցառումներին, ինչն ավելի կբարձրացնի համայնքային ակտիվիստների ձայնն ամենուրեք և աշխարհին ցույց կտա յուրաքանչյուր անհատի ուժը դրական փոփոխության հասնելու գործում»:

«2024 թ. «Ավրորա» մրցանակի միջոցառումները Լոս Անջելեսում հնարավորություն կտան հյուրերին և մասնակիցներին իրենց երախտագիտությունը հայտնելու նրանց, ովքեր, չխնայելով սեփական անձը, օգնում են կարիքի մեջ հայտնվածներին: Հուսով ենք, որ սա կոգևորի մարդկանց այդ երախտագիտությունը վերածելու գործի՝ միանալով մեզ և մաս կազմելով այս համաշխարհային շարժմանը՝ ի նպաստ համընդհանուր բարօրության»,- նշեց միջոցառումների համանախագահ Էրիկ Էսրայիլյանը: «Լույս սփռելով մարդասիրության վրա, որը հաճախ դրսևորվում է ամենադժվարին պահին՝ մեր նպատակն է ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում բարձրացնել իրազեկությունն այն սովորական մարդկանց մասին, որոնց արտասովոր քայլերի է մղում կարեկցանքի և արդարության զգացումը»:

2024 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի դափնեկրի անունը կհայտարարվի «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ: Դափնեկիր կդառնա «Ավրորայի» հերոսներից մեկը. նրանց անունները հայտնի էին դարձել 2023 թ. սեպտեմբերին: Մրցանակը տրվում է դափնեկրին՝ հնարավորություն տալով նրան շարունակելու մարդասիրության շղթան և աջակցելու մարդասերներին և կազմակերպություններին, որոնք երկրորդ հնարավորություն են տալիս կարիքի մեջ գտնվող մարդկանց:

Մարդու իրավունքների և մարդասիրության ֆորումն ու մյուս միջոցառումները կհամախմբեն ոլորտի առաջատար փորձագետներին՝ ծավալելու բովանդակային քննարկում տարբեր հարցերի շուրջ՝ գենդերային արդարության, կրթության, արհեստական բանականության, կլիմայի փոփոխության, համաշխարհային առողջապահական ճգնաժամի և այլն:

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի մասին

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը 1 միլիոն ԱՄՆ դոլար պարգև է, որը շնորհվում է նրանց, ովքեր վտանգում են սեփական կյանքը, առողջությունը կամ ազատությունը՝ փրկելու այլոց կյանքը, առողջությունը կամ ազատությունը: Իր ստեղծումից ի վեր (2015 թ.) այն լույս է սփռում աշխարհի մի շարք ամենահրատապ և անտեսված ճգնաժամերի վրա: 2024 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի հավակնորդ 2024 թ. «Ավրորայի» հերոսների անունները հայտարարվեցին 2023 թ. սեպտեմբերի 18-ին «Քլինթոն» համաշխարհային նախաձեռնության (CGI) ամենամյա միջոցառման ընթացքում Նյու Յորքում:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ձգտում է լուծել մարդասիրական խնդիրներն աշխարհի տարբեր անկյուններում՝ տեղում օգնելով ամենակարիքավորներին: Նախաձեռնությունն ունի հայկական պատմական արմատներ, քանի որ այն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտելով վերափոխել այս փորձառությունը համաշխարհային շարժման:

«Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտի մասին

«Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը Կալիֆորնիայի համալսարանի իրավաբանության դպրոցում գործող մարդու իրավունքներին ուղղված կրթության, հետազոտության և ազդեցության նորարարական կենտրոն է: Կիրառելով Լոս Անջելեսի ստեղծարար և դինամիկ մոտեցումները՝ մենք ձգտում ենք վերաիմաստավորել մարդու իրավունքների ներուժը՝ հաղթահարելու մեր ժամանակի ամենահրատապ որոշ խնդիրներ: