Սիրանուշ ՍԱՀԱԿՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆ ՀԱԴՐՈՒԹՈՒՄ ՀԱՅ ԾԵՐՈՒՆՈՒ Է ԳԼԽԱՏԵԼ, ԴԱ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ՉԷ
Եթե ադրբեջանցու կողմից հայ ծերունու գլխատման տեսանյութերի առկայության պայմաններում ռուսական կողմը հետ վերադարձնի Քյամիլ Զեյնալլինին, ապա դա նշանակում է պատերազմական հանցագործությունների հովանավորում։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։
Նշենք, որ ադրբեջանցի Քյամիլ Զեյնալլինը 44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութի անտառներից մեկում առանձնակի դաժանությամբ սպանել էր անօգնական վիճակում հայտնված հայ ծերունուն և հրապարակել այդ կադրերը համացանցում։ Այդ անձը Հայաստանի կողմից միջպետական մակարդակով հետախուզվում է՝ պատերազմական հանցանք կատարելու համար։ Եվ պատերազմից 4 տարի անց Քյամիլ Զեյնալլինը Մոսկվայից Բաքու վերադառնալիս «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է։ Ռուսաստանի իրավապահները նրան բերման են ենթարկել, որից հրապարակվել են նաև կադրեր։
Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ վերագրվող հանցանքը սովորական պատերազմական հանցագործություն չէ․ «Այն ատելության հողի վրա խոցելի քաղաքացիական անձի նկատմամբ առանձնակի դաժանությամբ և ահաբեկչական մեթոդներով կատարված սպանություն է, որը բազմապիսի միջազգային կոնվենցիոնալ նորմերի դեմ է․ խոսքը տարեց տղամարդու գլխատմանն է վերաբերում, որը ֆիզիկական տիրապետության տակ էր հայտնվել։ Նման հանցագործությունները պետք է պատժվեն, եթե անգամ ռուսական կողմը չի ցանկանում տրամադրել Հայաստանի Հանրապետությանը, ապա միջազգային իրավունքում գործում է մեկ այլ սկզբունք՝ «կամ հանձնիր կամ դատիր», և առնվազն Մոսկվայի համար գոյություն ունի պարտականություն՝ համընդհանուր իրավազորության ներքո քննել և արդարադատության առջև կանգնեցնել նման հանցագործություն կատարած անձին»։
Սիրանուշ Սահակյանը նշեց, որ եթե նման տեսանյութերի առկայության պայմաններում ռուսական կողմը հետ վերադարձնի Ադրբեջանին, սա նշանակում է պատերազմական հանցագործությունների հովանավորում․
«Կարծում եմ՝ Ռուսաստանը պետք է փրկի իր իմիջը։ ՌԴ-ն մեղադրում է պատերազմական ծանր հանցագործությունների կատարման մեջ, եթե ՌԴ-ն իրապես ներագրավված չէ եղել և նման պետական քաղաքականություն չի իրականացնում, ապա իր երկրում հայտնված պատերազմական հանցագործին ատելության հիմքով կատարված շարժառիթներով չի կարող ուղղակի անպատժելիություն երաշխավորել։ Կարծում եմ՝ սա իրավունքի մեջ չի տեղավորվում։ Այն նաև բացասաբար կանդրադառնա նաև փոխհարաբերությունների վրա, յուրաքանչյուր հայ թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանի սահմաններից դուրս ապրող տեղյակ է միջադեպին»։