«Հրապարակ»․ ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ ԵՆ ԳՏԵԼ
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին, ամենայն հավանականությամբ, կփոխարինի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանը, ում պաշտոնավարման ժամկետն օրեր առաջ լրացել է, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Նշվում է, որ նախարարի թափուր հաստիքի համալրումը փորձություն է դարձել Նիկոլ Փաշինյանի համար, որ հարմար թեկնածու չեն գտնում:
«Մամուլում շրջանառվեցին ՔՊ-ական պատգամավորներ Գևորգ Պապոյանի և Բաբկեն Թունյանի անունները, սակայն Փաշինյանը չի պատրաստվում նրանց տեղափոխել խորհրդարանից, քանի որ օրենսդիր մարմնում էլ մատների վրա հաշված պատգամավորներ կան, որոնք քիչ թե շատ հասկանում են օրենքից: Իսկ Թունյանը չի էլ ուզում նախարարի պաշտոն զբաղեցնել»,–գրում է թերթը։
Նա ԵՏՀ է գործուղվել 2020 թ. փետրվարի 1-ին՝ 4 տարի ժամկետով։ Մինչ այդ զբաղեցնում էր գյուղատնտեսության, ապա էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնը: Նշվում է, որ ԵՏՀ կոլեգիայում Արտակ Քամալյանին կփոխարինի Գոհար Բարսեղյանը, որն արդեն մի քանի տարի է՝ գլխավորում է ինտեգրման զարգացման դեպարտամենտը:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում։
Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին Վահան Քերոբյանը հայտնել էր, որ հրաժարական է տալիս նախարարի պաշտոնից։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաների շուրջ կոռուպցիոն սկանդալ էր սկսվել հունվարի 31-ից։