Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրել է Ֆրանսիային «նենգության» մեջ
Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրել է Ֆրանսիային «նենգության» և իրավիճակը Հարավային Կովկասում ապակայունացնելու փորձերի մեջ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Փարիզում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մամուլի համատեղ ասուլիսում արած հայտարարությունների մեկնաբանություններում Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարում է այն մասին, որ «բոլորովին տեղին չէ խոսել հայերի իրավունքների և անվտանգության մասին, որոնք հեռացել են ադրբեջանական տարածքներից սեփական ցանկությամբ և առանց բռնության կիրառման», քանի որ գրեթե մոտ 30 տարվա ընթացքում «խախտվել են ադրբեջանցիների իրավունքները, որոնք տեղահանվել են իրենց տարածքներից և ենթարկվել զանգվածային սպանությունների»։
Բաքվում կարծում են, որ «անթույլատրելի է մեղադրել Ադրբեջանին անհամամասնական պատասխան միջոցներ ձեռնարկելու մեջ», իսկ «Ֆրանսիայի նենգ քաղաքականությունը՝ ուղղված տարածաշրջանում նոր լարվածության ստեղծմանը և խաղաղությանն ու կայունությանը խանգարելուն, ոչ մի արդյունք չի տա»։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն նկատի ունի Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած արյունահեղ պատերազմի հետևանքները։ Խոսելով ադրբեջանցիների իրավունքների խախտումների մասին «30 տարվա ընթացքում»՝ Բաքուն լռության է մատնում հազարավոր հայերի իրավունքների խախտումները, ովքեր ապրում էին Խորհրդային Ադրբեջանում և ենթարկվում զանգվածային ջարդի ու բռնի տեղահանման։
Լեռնային Ղարաբաղի դեմ 2023թ. սեպտեմբերի 19-20-ի ագրեսիայի հետևանքով ցեղասպանության սպառնալիքի ներքո երկրամասը լքել է նրա ողջ բնակչությունը։
News.am