ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԶԵՆՔՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵ՞Տ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ. ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Նախևառաջ անհրաժեշտ է հասկանալ, ինչ բանակ է ստեղծում ՀՀ ռազմական ղեկավարությունը և միայն դրանից հետո գնահատել ֆրանսիական զենքի արդյունավետությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԳՇ նախկին պետ, գեներալ–գնդապետ Մովսես Հակոբյանը։
«Եթե ֆրանսիացիները մանրակրկիտ ուսումնասիրել են Հայաստանի պաշտպանության ոլորտը, տեղյակ են կարիքներից և հայ մասնագետների հետ սերտ համագործակցությամբ ցանկանում են վերազինել հայկական բանակը, ես միայն կարող եմ ողջունել այդ որոշումը։ Եվ ընդհանրապես կարևոր չէ` ումից զենք գնել` թեկուզ Հարավային Կորեայից կամ Հյուսիսային Կորեայից, հարցը դա չէ։ Խնդիրն այդ զենքի ռազմավարական և մարտավարական կիրառումն է։ Հարցն այն է, թե արդյոք մենք նման ռազմավարություն և մարտավարություն ունենք, թե ոչ։ Այդ հարցի պատասխանը ես չունեմ», – ասաց գեներալը։
2016-2018 թվականներին ԳՇ–ն գլխավորած Հակոբյանը այժմ տեղյակ չէ, թե ինչ արդյունք են ուզում ունենալ, ինչ բանակ ստեղծել։ Ընդհանրապես սկզբում մշակում են ռազմավարությունը, հետո մարտավարությունը, միայն դրանից հետո են որոշում գնել այս կամ այն զենքը մտածածն իրագործելու համար։ Անհրաժեշտ է հասկանալ նաև, թե ինչ հակառակորդի հետ ենք ստիպված լինելու պատերազմել, պետք է գնահատել հակառակորդի հնարավորություններն ու սպառազինությունը։ Եթե զենքի գեղեցիկ տեսակների անուններ պարզապես պետք է հնչեցնենք գովազդի համար, ապա դա մի բան է, սակայն եթե խնդիր է դրվում արդիականացնել բանակը և պաշտպանության արդյունավետ համակարգ կառուցել, որը, գեներալի կարծիքով, ամենևին էլ չի նշանակում խրամատներում նստել, այլ անհրաժեշտության դեպքում նաև հարձակողական գործողություններ ձեռնարկել, ապա դա բոլորովին այլ բան է։
Հակոբյանը տեղյակ չէ, թե ինչ վիճակում է բանակն այսօր։ Նա միայն կարող է ասել, որ մինչև 2018 թվականի հայկական բանակն ի զորու էր դիմակայել հակառակորդին։
«Ցանկացած որոշում, որն ընդունում էի, հիմնվում էր նրա վրա, որ հակառակորդի մասին իմ տեղեկությունները գոնե 50% համապատասխանեին իրականությանը», – ասաց նա։
Ներկայիս ռազմական ղեկավարությունը Մովսես Հակոբյանից ոչինչ չի հարցնում, խորհրդի կամ խորհրդակցության համար չի դիմում։
Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին Ֆրանսիայի ԶՈւ նախարար Սեբաստյան Լեկոռնյուի Երևան կատարած այցի ընթացքում փաստաթուղթ էր ստորագրվել երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը զարգացնելու մասին։ Նմանատիպ համաձայնագրեր էին կնքվել 2023 թվականի հոկտեմբերին Պապիկյանի Փարիզ կատարած այցի ժամանակ։ Փոխգործակցության շրջանակում Հայաստանը ստանում է Ground Master (GM200) ռադարներ և գիշերային տեսանելիության սարքեր։ Ֆրանսիան նախորդ տարի Հայաստան է մատակարարել նաև Bastion տիպի 24 զրահափոխադրիչ, ևս 26-ը` արտադրման փուլում են։
Անհրաժեշտության դեպքում Փարիզը պատրաստ է նաև տարբեր հեռահարության ՀՕՊ համակարգեր մատակարարել։ Համաձայնագրերի փաթեթը նաև ֆրանսիական բուհերում հայ զինվորականների վերապատրաստում է ներառում, իսկ Հայաստանում մշտական հիմունքներով ֆրանսիացի ռազմական խորհրդական է գտնվելու։
Հիշեցնենք, որ հունվարի 16-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանում քաղաքացիական օբյեկտներին ուկրաինական հարվածների գլխավոր խնդիրներից մեկը «սեփական բնակչության և հովանավորների ուշադրությունը կրկին շեղելն է, այսպես կոչված, հակահարձակման լիակատար ձախողումից` ամբողջական և բացարձակ»։