Ծաղիկ ՎԱՐԴԱՆՅԱՆ․ ՕՖԵՐՏԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՊԵՏՊԱՏՎԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ Է ԵՎ ԱՆԻՐԱԿԱՆԱՆԱԼԻ

Օֆերտայի պայմանագրով պետական պատվերի շրջանակում բուժօգնություն տրամադրելու մասին որոշումը «Առողջության իրավունք» ՀԿ համանախագահ, Պետական առողջապահական գործակալության (ՊԱԳ) նախկին ղեկավար Ծաղիկ Վարդանյանը համարում է հեղափոխական և անիրականանալի։

News.am-ի թղթակցի հետ զրույցում նա պարզաբանեց, թե ինչով է տարբերվում օֆերտայի պայմանագիրը պետպատվերի պայմանագրից։ Նրա խոսքով՝ մինչև 2020-ը բուժահաստատությունները պետպատվերի հայտ էին ներկայացնում, դրանք ուսումնասիրվում էին և սահմանափակ բյուջեով պայմանագրեր էին կնքվում:

«Սահմանվել է որոշակի գումար, որի շրջանակում տվյալ կազմակերպություններում իրականացվել է բժշկական օգնություն և սպասարկում: Մենք հաճախ լսում ենք բնակիչներից, դիմորդներից, որ ասում են՝ գնացինք, պետպատվերը վերջացել էր կամ գնացինք՝ չընդունեցին, հերթագրեցին»,- ասաց նա, հավելելով, որ 2020-ից մի քանի բժշկական ծառայությունների համար սկսել է գործել օֆերտայի պայմանագիր, երբ գումարի սահմանափակում չի կիրառվում։

Ծաղիկ Վարդանյանը պարզաբանեց, որ «օֆերտա» թարգմանաբար նշանակում է հրապարակային հրավեր, այսինքն՝ տվյալ գերատեսչությունը հրապարակայնորեն հրավիրում է ծառայությունների մատուցման և այդ հրավերը տեղադրում է կայքում՝ բոլորի համար տեսանելի ու հասանելի:

«Հետևաբար՝ այդ ծրագրերի շրջանակում պայմանագրեր չկնքվեցին: Կնքվեց միայն օֆերտայի մեկ պայմանագիր, որն ամրացված է Առողջապահության նախարարության կայքի հրապարակային օֆերտա դարանում: Այնտեղ դրված է և՛ հրապարակային օֆերտան, և՛ դիմելու ձևը, որը «ակցեպտ» է կոչվում: Սա քայլ էր դեպի առողջապահական պարտադիր ապահովագրություն: Նրանք, ովքեր որևէ ձևով ապահովագրության հետ շփվել են, կհավաստեն, որ որևէ անգամ նրանց չեն ասել, որ գումարը վերջացել է, չենք կարող ձեզ բուժօգնություն ցուցաբերել»,- ասաց նա:

«Առողջության իրավունք» ՀԿ համանախագահը նշեց, որ արդեն իսկ 2020-ին զինծառայողների ընտանիքների անդամների համար, ծննդօգնության դեպքում, դիալիզի և մի շարք այլ ծրագրերի դեպքում բուժօգնությունը տրամադրվում էր առանց սահմանափակ բյուջեի։

Նա հիշեցրեց, որ 2023-ի վերջին Կառավարությունը որոշեց, որ պետպատվերի պայմանագրից պետք է անցում կատարվի օֆերտայի։ Ըստ նրա՝ մոտ 2018-19 թվականներին նախնական հաշվարկ էր կատարվել, որ եթե սկսեն շահառուներին սպասարկել ոչ թե սահմանափակումներով, այլ ըստ դիմելիության և կարիքի, ապա որքան գումար հարկավոր կլինի: Հաշվարկել էին, որ անհրաժեշտ կլինի մոտ 220-240 մլրդ դրամ:

«Այս պահին ամբողջ Առողջապահության նախարարությանը տրվում է 147 մլրդ դրամ, որն ամբողջությամբ միայն բժշկական օգնության համար չէ: Այսինքն՝ մոտ երկու անգամ ավել գումար է պետք: Քանի որ այս ամենը ես շատ ավելի մանրամասն գիտեմ, ինձ համար այս որոշումը հեղափոխական է և անիրականալի՝ հաշվի առնելով այն, ինչ մենք ունենք հիմա և ֆինանսական այն հատկացումները, որոնք 2024 թվականի բյուջեով սահմանված են»,- նշեց նա։

Ծաղիկ Վարդանյանը հիշեցրեց, որ 2024-ի հունիս-հուլիս ամիսներին պիտի լուծարվի Պետական առողջապահական գործակալությունը, ձևավորվի Պետական ապահովագրական հիմնադրամ, և սկսվի առողջության համապարփակ ապահովագրության փուլային ներդրումը։  

«Նորից եմ ասում, և՛ օֆերտայի անցնելը, և՛ ապահովագրության սկսելը, որպես առողջապահության ոլորտում իրականացվող միջոցառումներ, համարում եմ վերջին 10-15 տարիների համար հեղափոխական: Այլ բան է, թե ինչքանով է դա կատարվելու: Շատ ցավալի կլինի, եթե այդ ամենը պարզապես ֆիասկո ապրի»,- նշեց նա։

Պետական առողջապահական գործակալության նախկին ղեկավարին զարմացրել է, թե ինչու է Կառավարության նոր ծրագիրը հայտարարվել որպես պիլոտային, երբ պիլոտային ծրագիրն իրենք արդեն իրականացրել են 2020-ից։ «Արդեն մենք ունեինք օֆերտայով ծրագրեր. զինծառայող, ընտանիքի անդամ, նրանց հավասարեցված անձինք, մոտ 450,000 շահառուների մասին է խոսքը: Ի՞նչ պիլոտային ծրագրի մասին է խոսքը, ես չեմ կարողանում հասկանալ: Այդ հասկացությունը մի փոքր անընկալելի է»,- ասաց նա։

Մասնագետը տեղեկություններ ունի, որ Առողջապահության նախարարությունն արդեն սկսել է կոշտ գործիքներ կիրառել, մերժել պետպատվերի տրամադրումը, քանի որ համակարգը պատրաստ չէր դրան։ Նրա տեղեկություններով՝ նախարարությունը դիմել է Կառավարություն և համապատասխան գերատեսչություններ, որպեսզի թույլատրվի Պետական առողջապահության գործակալության 30 փորձագետ ավելացնել:

«և ի՞նչ է գրված այս օֆերտայի պայմանագրի մեջ: Գրված է, որ նրանք, ովքեր դիմել են պետպատվերի համար, ինչը ստացել են, դրանով է միայն օֆերտան սահմանափակվում: Այսինքն՝ սա օֆերտա չէ, սա ինչ-որ տարօրինակ պայմանագիր է, անունը փոխե՛ք: Քաղաքացիական օրենսգրքով հստակ սահմանված է՝ ինչ է օֆերտան: Դուք արդեն ունեք դրա օրինակը, արդեն 3-4 տարի է՝ Առողջապահության նախարարությունը շատ գեղեցիկ, հստակ այդ ամեն ինչն անում է այլ ծրագրերով: Հիմա նոր ծրագիրը սկսել եք, մեջը գրել եք՝ օֆերտան անում ենք նրանց համար, ովքեր ստացել են պետպատվերի իրավունքը: Սա օֆերտա չէ: Մի այլ անուն գտե՛ք, դրե՛ք, մի՛ պախարակեք այս անունը, դուք օֆերտայի տրամաբանությունից դուրս եք եկել»,- ասաց նա։

Ծաղիկ Վարդանյանի խոսքով՝ եթե տվյալ կազմակերպությունն ունի նեյրովիրաբուժություն, սակայն պետպատվերում ներառված չէ, օֆերտայում ևս չեն ներառելու, և հարց է առաջանում, թե ինչու: «Բայց չէ՞ որ Կառավարության ղեկավարը հայտարարում էր, որ չպետք է լինի կազմակերպություն, որ չունենա պետպատվեր: Ոչ միայն կան բազմաթիվ կազմակերպություններ, որոնք չունեն պետպատվեր, այլև կան կազմակերպություններ, որոնք ունեն պետպատվեր, սակայն որոշ ծառայություններ, որոնք վճարովի հիմունքներով մատուցվում են, պետպատվերում ներառված չեն: Ի՞նչ եք արել դուք: Ես հասկանում եմ, որ դուք գումարի անբավարարություն ունեք, բայց գոնե արդար ու անկեղծ եղեք, ասե՛ք, որ այդ ամենը չեք կարող անել, որովհետև ֆինանսական միջոցները չեն բավարարում և ենթակառուցվածքները հարմարեցված չեն»,- ասաց նա։

Մասնագետի խոսքով՝ բերել երկու տարբեր, իրար չհամապատասխանող, զուգահեռ, բայց ոչ նույն ուղղությամբ ընթացող գործընթացներ միավորել են իրար։ Սակայն դրանք չեն կարող միավորվել: Ըստ նրա՝ պետպատվերի հայտի տեղադրման գործընթացն արվում էր այն ժամանակ, երբ սահմանափակ բյուջեով պայմանագիր էր կնքվում: Այժմ, երբ բյուջեի սահմանափակում չի դրվում, բուժհաստատության լիցենզիայի առկայությունը պետք է բավարար լինի տվյալ ծառայությունը մատուցելու համար, այդ թվում՝ պետպատվերով։ Ու այդպիսի օրինակ հիմա էլ կա։

«Եթե առողջապահության նախարարությունը սահմանված կարգով, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով և այլ օրենսդրական ակտերով տվել է լիցենզիա, ապա սոցփաթեթի շահառուներին սպասարկող բժշկական կազմակերպությունն անձայն, առանց որևէ խնդրի մտնում է ցանկի մեջ, և նրա հետ ապահովագրական կազմակերպությունները պայմանագիր են կնքում: Առավել ևս, որ 2026-2027 թվականից լիցենզիան ոչ թե անժամկետ, այլ հինգ տարի ժամկետով է տրվելու»,- բացատրեց նա։

Խոսելով ներդրվող առողջության համապարփակ ապահովագրության մասին, և ստեղծվելիք Պետական ապահովագրական հիմնադրամի մասին՝ Ծաղիկ Վարդանյանը նշեց, թե ցավով պետք է փաստի, որ մասնավորն ավելի լավ կառավարիչ է, քան պետությունը:

«Ի՞նչ սպասել ապահովագրության ներդրումից: Մեծ ՊԱԳ է ստացվելու՝ ստորաբաժանումների անունները փոխած, սակայն նույն ֆունկցիայով: Կստացվի նույն պետական ֆինանսավորումը, իհարկե, գումար կվերցվի նաև աշխատողից: Սակայն այս ամենը այդքան էլ ապահովագրությանը նման չէ։ Եթե մենք կարողանանք հստակ սահմանել, թե ինչ է անելու պետությունը, իսկ մնացած մասը պատվիրակել մասնավորին, հավատացե՛ք, որ մենք շատ ավելի ճկուն ու հավասարակշիռ մոդել կունենանք»,- ասաց նա։

Ծաղիկ Վարդանյանը նաև համաձայն է բուժհաստատությունների ղեկավարների այն մտահոգությունների հետ, որ եթե ապահովագրական ծառայությունների գները պետպատվերի գների պես լինեն, ապա բուժհիմնարկները չեն կարողանա ծածկել իրենց ծախսերը, քանի որ պետպատվերի գները բավական հեռու են շուկայականից։

«Կցանկանայի անպայման խոսել գների մասին: Ունեցել ենք X գումար, ենթադրվել է, որ ծառայությունն արժե 10,000 դրամ, X-ը բաժանել ենք 10,000-ի և ստացել մի թիվ: Այսինքն՝ գնագոյացման մեխանիզմ չկա: 2019 թվականին նախարարի հրամանով այդպիսի մեթոդաբանություն հաստատվեց, որովհետև Ֆինանսների նախարարությունն աղաղակում էր: Հաշվեքննիչ պալատը անընդհատ հաշվեքննություն էր իրականացրել և արձանագրել, որ գները գնագոյացման որևէ մեխանիզմ չունեն, օրինակ՝ շտապօգնության կանչի գինը 8300 դրամ, որտեղի՞ց է այդ գինը»,- ասաց նա, հավելելով, որ այժմ նախարարությունը խոստանում է, որ գների վերահաշվարկ կարվի, սակայն, ըստ ապահովագրության հայեցակարգի, այն ևս գործելու է սահմանափակ բյուջեի սկզբունքով, ինչը ճիշտ չէ։

«Խոշորացված բոլոր համայնքները ինչ-որ օպտիմալացումներ են անում: Մի տեղ միացնում են, մի տեղ հարևան, բարեկամներին են աշխատանքի ընդունում, դա նրանից է, որ միասնական աշխատանքը բացակայում է: Առողջապահությունը հիմա սնկի դաշտի է նման, մի տեղ լավ է աճել, մի տեղ կոճղասունկ է աճել, մի տեղ՝ թունավոր սունկ: Ու մենք ի՞նչ ենք անում: Աճած սնկերը մեկ-մեկ սիրունացնում ենք: Սխեմա՛ գծեք, թե ինչպիսին է լինելու առողջապահությունը: Համարձակությո՛ւն ունեցեք կարգավորել, առողջապահությունը դարակներով դասավորե՛ք»,- ասաց Ծաղիկ Վարդանյանը։

News.am