Դմիտրի ՍՈՒՍԼՈՎ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՆԳԵՑՆԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓԼՈՒԶՄԱՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի Համաշխարհային տնտեսության և միջազգային քաղաքականության ֆակուլտետի եվրոպական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Դմիտրի Սուսլովը Alpha News-ի ուղիղ եթերում նշել է, որ Հայաստանի իշխանությունները խորհրդանշական գործողություններ են կատարում, որոնք ընդգծում են Հայաստանի ձգտումը՝ վատթարացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ:
«Այսօրվա դրությամբ, Ռուսաստանի տեսանկյունից, Հայաստանը վերակողմնորոշում է իր անվտանգության քաղաքականությունը դեպի Արևմուտք, և դա անում է Ռուսաստանի համար շատ դժվար և տհաճ պահին, երբ Ռուսաստանը հիբրիդային պատերազմի մեջ է հավաքական Արևմուտքի հետ։
Հայաստանի իշխանությունները կատարում են բազմաթիվ խորհրդանշական գործողություններ, որոնք ընդգծում են Հայաստանի ձգտումը՝ վատթարացնել և թուլացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ և միաժամանակ զարգացնել հարաբերությունները հենց այն երկրների հետ, որոնք առավել թշնամաբար են վերաբերվում Ռուսաստանին։ Ըստ այդմ, Ռուսաստանը դա ընկալում է որպես անցում հակառակորդի կողմ»,- նշել է քաղաքագետը։
Մեկնաբանելով Հայաստանի վերակողմնորոշումը դեպի Արևմուտք և Զելենսկու հնարավոր ժամանումը Երևան՝ Դմիտրի Սուսլովն ընդգծել է, որ սա ևս մեկ միտումնավոր ամպագոռգոռ քայլ է, որը ցույց է տալիս Հայաստանի ներկայիս ղեկավարության ցանկությունը՝ վատթարացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։
«Եթե Զելենսկու՝ Երևան ժամանելու մասին տեղեկատվությունը հաստատվի, ապա դա կլինի ևս մեկ շատ ամպագոռգոռ քայլ, որը ցույց կտա Հայաստանի ներկայիս ղեկավարության ցանկությունը՝ միտումնավոր վատթարացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ և միանշանակ անցնել հակառակորդների ճամբար։ Ինձ թվում է՝ նրանք կարծում են, որ մի կողմից Ռուսաստանը կլանված է ուկրաինական պատերազմով, և նրա ռեսուրսները հիմնականում սահմանափակ են, իսկ մյուս կողմից՝ Ռուսաստանը դեռևս առևտրատնտեսական առումով կախված է Հայաստանից։
Պատժամիջոցները շրջանցելու տեսանկյունից Հայաստանի այս անցումը դեպի Արևմուտքի կողմը համեմատաբար անվտանգ կլինի նրա համար։ Այսինքն՝ Ռուսաստանի կողմից որևէ պատասխան ռեպրեսիվ քայլ չի հետևի։ Բացի այդ, ինձ թվում է՝ հիմնական գործոններից մեկը, որը խթանեց այդ վերակողմնորոշումը, Հայաստանի ղեկավարության այն համոզմունքն էր, որ Ռուսաստանը պարտություն կկրի Ուկրաինայում և կփլուզվի հետխորհրդային տարածքի անվտանգության ամբողջ համակարգը, որը կենտրոնացած է Ռուսաստանի վրա։ Ըստ այդմ, Ռուսաստանն այլևս չի կարողանա Հայաստանին և որևէ մեկին աջակցություն ցուցաբերել անվտանգության ոլորտում և, համապատասխանաբար, պետք էր արագ վերակողմնորոշվել դեպի Արևմուտք։
Իսկ Ուկրաինայում Ռուսաստանի պարտության մասին ենթադրությունը հապճեպ էր, քանի որ հիմա տեսնում ենք, որ իրավիճակը հիմնովին փոխվել է հակառակ ուղղությամբ։
Ինչ վերաբերում է Հայաստանի վերակողմնորոշմանը դեպի Արևմուտք, իհարկե, Ռուսաստանի կողմից ոչ մի ռեպրեսիվ քայլ չի լինի, բայց Հայաստանն արդեն լուրջ գին է վճարել այդ վերակողմնորոշման համար։ Ես նկատի ունեմ Ղարաբաղը, որը դադարել է լինել էթնիկ հայերով բնակեցված տարածաշրջան հենց այն պատճառով, որ Հայաստանն անցում էր կատարում դեպի Արևմուտք և վատթարացնում էր հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Բայց գինը կարող է շատ ավելի բարձր լինել:
Փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ չկարգավորելով հարաբերությունները հարևանների հետ, չստանալով անվտանգության հստակ երաշխիքներ Արևմուտքի կողմից, իսկ ես կարծում եմ, որ Արևմուտքը երբեք այդ երաշխիքները չի տա, դա շատ ռիսկային քայլ է։ Այս քայլը պարզապես Հայաստանը կդնի պետականության փլուզման եզրին»,- ընդգծել Է Դմիտրի Սուսլովը։