«Հրապարակ». ՄՀԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՇԱՏԵՐՆ ՈՒՆԵՆ, ՍԱԿԱՅՆ ՔԻՉ ՀԱՎԱՆԱԿԱՆ Է ՆՐԱ ԱԶԱՏՈՒՄԸ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես գրել էինք՝ մյունխենյան հանդիպումից հետո Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտան բաց առճակատման փուլ, ինչն Արևմուտքի պահանջն է եղել. վերջնականապես կողմնորոշվեք՝ մեզ հե՞տ եք, թե՞ Ռուսաստանի։

Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական լրատվամիջոցին տված հարցազրույցում իրագործել է այդ պահանջը՝ հայտարարել է, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին սառեցված է, և Ռուսաստանն անցած տարվա սեպտեմբերին հեղաշրջման փորձ է արել Հայաստանում։ Իշխանական աղբյուրները հայտնում են, որ Արևմուտքը նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետագա պաշտոնավարման ոչ նպատակահարմարության հարցն է առաջ քաշել։

Հայտնի է, որ իշխանության սորոսական թևը պարբերաբար Փաշինյանի մոտ դժգոհել է Մհեր Գրիգորյանից, քանի որ նրան համարում են ռուսական ազդեցության գործիչ և կասկածներ ունեն, որ Գրիգորյանը խոչընդոտում է Արևմուտքի պլանները Հայաստանում։ Սակայն Մհեր Գրիգորյանին առհասարակ ՔՊ-ում «սվոյ» չեն համարում և կարծում են, որ նրան պետք է իրենց թիմակցով փոխարինել, բայց արժանի փոխարինող չեն գտնում։

Հատկապես լարված են Գրիգորյանի և ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Բաբկեն Թունյանի հարաբերությունները: ԱԺ-ում ասում են, որ Մհեր Գրիգորյանն այնպիսի նախագծեր է լոբբինգ անում, որոնք սպասարկում են փողատերերի խավերին։ Եվ չնայած Մհեր Գրիգորյանին հեռացնելու ցանկություն շատերն ունեն, սակայն կառավարության աղբյուրները կարծում են, որ քիչ հավանական է նրա ազատումը, քանի որ նա հմուտ ֆունկցիոներ է, բացի այդ՝ կարևոր ֆունկցիա է իրականացնում` դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովը ղեկավարելով»։

Aysor.am