Հայկ ԴԵՄՈՅԱՆ․ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՆՈՒՐԲ ԱՐՎԵՍՏԸ

Բողոքել ու վախենալ Ադրբեջանի մոտալուտ հարձակումից. սա է հայկական իշխանությունների նոր այցեքարտը: Ի դեպ ասեմ, որ այդպիսի վախ տարածելն ու դրա մասին առաջին դեմքի մակարդակով հանրայնացնելը, համարյա թե նույնն է, ինչ Ադրբեջանի ու Ռուսաստանի Դաշնության կողմից պարտադրվող պայմաններն ի կատար ածելը: Եկեք չմոռանանք, որ «եկեք պայմանավորվենք, ինչ էլ որ լինի…» ձևակերպման հեղինակը նույն մարդն է, ով այս պահին մեզ վախեցնում է ադրբեջանական նոր ու շարունակական ագրեսիայով: Այդ նույն մարդն է ստորագրել նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստը և դեռ պահում է իր ստորագրությունը` շրջափակում և էթնիկ զտումներ իրականացնելու համար դուռ բացած փաստաթղթի տակ: Դժվար չէ կռահել, թե դա ինչ է նշանակում:

Իսկ ի՞նչն է խանգարում հայկական կողմին պայմաններ թելադրելու համար, եթե միևնույնն է, որ Ադրբեջանի կողմից նոր հարձակումը անխուսափելի է, իսկ Մոսկվան էլ նույն կերպ է պահելու իրեն, քանի որ Բաքուն, ի դեմս Իլհամ Ալիևի, ընդամենը ադրբեջանցիների կյանքի հաշվին իրականացնում է հենց Մոսկվայի թելադրանքները:

Ի դեպ Բաքվի ու Իլհամ Ալիևի մասին: 2022 թ. փետրվարի 22-ին ՌԴ և Ադրբեջանի միջև ստորագրված հռչակագրով, Ադրբեջանի փաստացի հանձնումը տեղի ունեցավ պաշտոնապես ու լուրջ իրավական հենքի վրա: Ներկա պահին Իլհամ Ալիևի կարգավիճակը Ադրբեջանում ավելի շուտ նավթագազային խողովակների ու պոմպակայանների փականների բացող փակողի մակարդակի է իջեցված: Այն, որ Իլհամ Ալիևը վերջին ընտրությունների ժամանակ ստացավ ձայների 92 տոկոսը, դա ամենևին ինձ չի վհատեցնում: Ճիշտ հակառակը, ինձ խիստ ոգևորում է այն հանգամանքը, որ Ադրբեջանում տակավին կա ութ տոկոս բնակչություն, ովքեր մտածում են այլ կերպ և դա է լինելու Ադրբեջանի միակ շանսը` ապագա ունենալու առումով:

Ի՞նչ պետք է անի հայկական կողմը այս իրադրության պայմաններում: Վախենա՞լ, հանձնվե՞լ ու անվերջ կատարել Բաքվի միջնորդավորված պահանջներն ու թելադրանքները:

Հայկական կողմի նախապայմանների մենյուն այնքան էլ հարուստ չի, բայց կարող է շատ տպավորիչ լինել` հաշվի առնելով, որ ներկա պահին ՌԴ ռազմավարական դաշնակցի պարտավորությունները ՀՀ հանդեպ գոյություն չունի նույնիսկ այն թղթի մակարդակով, որի վրա դրանք արձանագրված են:

Պաշտոնական Երևանը առաջ է քաշում հետևյալ պահանջները`իր ռազմավարական անվտանգությունը երաշխավորելու և Ադրբեջանի շարունակական ագրեսիվ պահվածքը զսպելու համար.

Ա. Ռուսաստանի Դաշնությունը տեղաբաշխում է Արցախի տարածքում գտնվող ռուսական ստորաբաժանումները 2020 թ. սեպտեմբերի 26-ի դրությամբ հայ-ադրբեջանական շփման գծի արևելյան սահմանագծով:

Բ. Վերացվում է Քաշաթաղի ու Քարավաճառի շրջաններում տեղաբաշխված ադրբեջանական ռազմական հենակայանները, երկու շրջանները ապառազմականացվում են, իրականացվում է համատեղ ականազերծման աշխատանքներ:

Գ. Որևէ խոչընդոտ չի ստեղծվում Արցախի հայ բնակչության վերադարձին իրենց բնակության վայրերը, տեղի ուժային կառույցներին փոխանցվում է առգրավված զենքն ու զինամթերքը:

Դ. Արցախի և ՀՀ հետ հետ անխափան կապն ապահովվում է երկու հիմնական մայրուղիներով:

Ե. Պայմանավորվածություն է ձեռք բերվում Արցախին երեք տարով միջանկյալ կարգավիճակ տալու համար: Դա էլ կլինի ռուս զինվորականության` տարածաշրջանում մնալու նախապայմանը:

Զ. Տեղի է ունենում երկաթուղային ու ճանապարհային հաղորդակցության ուղիների անվերապահ ապաշրջափակում և գործարկում:

Այս պայմանները չկատարելու դեպքում հստակ պետք է հայտարարել մեր հետագա քայլերի մասին: Կրկնում եմ, նախապայմաններ չդնելու դեպքում, Ադրբեջանը միևնույն է անելու այն, ինչ կթելադրեն անել: Իսկ նախապայմաններ թելադրելու առումով հայկական կողմը ունի շատ լուրջ հիմնավորումներ ու շատ լուրջ լսարան` դրանք ի գիտություն ընդունելու համար:

Հայաստանի Հանրապետության ԱԳՆ-ին

«Արևմտյան Ադրբեջան» ապշերոնյան եզրույթին միս ու արյուն տալու փոխարեն, դիմեք Իրանի ԱԳՆ-ին` միջազգային ատյան համատեղ հայց ներկայացնելու և Ադրբեջանի Հանրապետության պաշտոնական անունը վիճարկելու համար: Մեր հարևանները, կարծում եմ, շատ էլ ուրախ կլինեն դրա համար: Մի մոռացեք, որ 1918 թ. պարսկական կողմը պաշտոնապես բողոքել է Արաքսից հյուսիս գտնվող տարածքները «Ադրբեջան» անվանելու որոշման դեմ: Իրանի պես լուրջ պետական ավանդույթներ ունեցող երկրի դեպքում, նման բաները չեն մոռացվում:

Հայկ ԴԵՄՈՅԱՆ, ֆեյսբուքյան էջ