«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ» ՑՄԱՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԳՈՒՄԱՐԱԾ` ՈՂՋ ԵՐԿՐԻ ԴԻՎԵՐՍԻՖԻԿԱՑԻԱ

Հայոց ներկայիս իշխանության ևս մեկ սիրելի կախարդական բառը դիվերսիֆիկացիան է։ Է՛լ ավելի կախարդական հասկացություն է անվտանգության դիվերսիֆիկացիան:

ԶԵՆՔ ԵՍ ԳՆՈՒՄ ՀՆԴԿԱՍՏԱՆԻՑ ՈՒ ՖՐԱՆՍԻԱՅԻՑ՝ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԻՎԵՐՍԻՖԻԿԱՑԻԱ Է: Չես աջակցում Ռուսաստանին Ուկրաինայի հետ հակամարտության մեջ՝ անվտանգության դիվերսիֆիկացիա: Հայտարարում ես, թե ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է կարգավորել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, դա էլ է անվտանգության ամենաիսկական դիվերսիֆիկացիա, ով ինչ ուզում է մտածի, ոչ մի անձնական բան։

Ասում ես, որ գործնականում սառեցնում ես քո մասնակցությունը ՀԱՊԿ-ին. անվտանգության դիվերսիֆիկացիա է։ Հայտարարում ես, թե Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյաները հայ ժողովրդին կոչ են անում դուրս գալ փողոց ու տապալել սիրելի Փաշինյանին. անվտանգության դիվերսիֆիկացիա: Ասում ես, թե ռուսական լրատվամիջոցները հալածում են քեզ արդեն 6 տարի. դե, կրկին իսկ անվտանգության դիվերսիֆիկացիա է, որ կա։

Պատրաստում ես Վլադիմիր Զելենսկու այցը՝ դիվերսիֆիկացիա է։ Անվտանգության շատ կոնկրետ դիվերսիֆիկացում: Քանզի հենց որ Զելենսկին հայտնվի Երևանում, Բաքուն տեղնուտեղը տակը կլցնի այդպիսի դիվերսիֆիկացիայից ու դուրս կբերի իր զորքերը Հայաստանի տարածքից։ Եվ նույնիսկ կբացի Լաչինի միջանցքն ու կհեռանա Արցախից լրջորեն ու երկար ժամանակով…

Վերաձևակերպելով մեծ հեղափոխության մեծ դասականի խոսքերը՝ կարելի է այսպես պատասխանել այն հարցին, թե ինչ է իրենից ներկայացնում Հայաստանի ապագան. «Քաղաքացիական պայմանագրի» ցմահ իշխանություն, գումարած՝ ողջ երկրի դիվերսիֆիկացիա։

Ամբողջ երկրի դիվերսիֆիկացիայի միակ խնդիրն այն է, թե ինչպես անել, որ համայն Հայաստանի դիվերսիֆիկացման գործընթացը մյուս երկրները նույնպես ընկալեն։ Այսինքն՝ բացառապես որպես անվտանգության դիվերսիֆիկացում, ոչ այլ կերպ։ Թե չէ, օրինակ, դաշնակից մի տերությունում, որտեղ մարտի 7-ին նախագահական ընտրություններ են, կարող են մտածել, թե վերոթվարկյալ ամենը բոլորովին էլ դիվերսիֆիկացիա չէ, այլ նպատակաուղղված քայլեր՝ միտված ինչպես տերության, այնպես էլ նրա առաջնորդի վարկաբեկմանը։ Եվ այդ քայլերի նպատակաուղղվածությունն առանձնակի ցայտուն է դրսևորվում է հենց այդ նախագահական ընտրությունների նախաշեմին։ Հատկապես Վլադիմիր Զելենսկու այցի հնարավորությունը ոմն փոքրիկ, դեռևս այնուամենայնիվ ոչ լիովին դիվերսիֆիկացված երկիր:

Եվ եթե սույն դաշնակից տերությունում գերիշխի հենց այդպիսի ընկալումը, անսպասելիորեն կարող է պարզվել, որ դիվերսիֆիկացիան, իհարկե, ընթանում է, միայն թե երկրի անվտանգության վրա այդպիսի դիվերսիֆիկացիան անդրադառնում է բնավ ոչ օգտավետորեն։ Հանկարծ այնպես չստացվի, թե ուզում էիր դիվերսիֆիկացնել քո անվտանգությունը, իսկ արդյունքում պարզվեց, որ դիվերսիֆիկացրել են քեզ։ Կոշտ են դիվերսիֆիկացրել։

Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացի «դիվերսիֆիկացման» քաղաքականությունն, ըստ էության, հենց դրանով ավարտվեց։