«Միասին» շարժումը փետրվարի 29-ին հանրահավաք կանցկացնի Փաշինյանի հրաժարականի պահանջով

«Միասին» շարժումը փետրվարի 29-ին՝ ժամը 17:00-ին, Երևանի Ազատության հրապարակում լայնածավալ հանրահավաք կանցկացնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ գործող իշխանության հրաժարականի պահանջով:

Այս մասին հայտնել է «Միասին» շարժման համակարգող, Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։

«Մենք կներկայացնենք մեր քաղաքական օրակարգը, բանակցային գործընթացի որոշ արդյունքներ, ինչպես նաև ապագա կառավարման համակարգի վերաբերյալ մեր տեսլականը», - ասաց Սարգսյանը:

Նրա խոսքով ՝ այս տարիների ընթացքում գործող կառավարման համակարգը ծնել է հասարակության բևեռացում, սոցիալական անարդարություն, սնապարծություն։ Նա նաև ընդգծեց, որ ակցիայի կազմակերպիչները հաշվի են առնում, որ հասարակության մեջ տարբեր կարծիքներ կան:

Բանախոսը նշել է, որ կներկայացվեն նաև 100 պատճառ, թե ինչու են պահանջում կառավարության ղեկավարի հրաժարականը։

Հիշեցնենք, որ նախորդ անգամ «Միասին» ակցիան անցկացվել էր փետրվարի 20-ին։ Հանրահավաքի ընթացքում կազմակերպիչները խորհրդարանում ընդդիմադիր խմբակցություններին առաջարկել էին սկսել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարությանը անվստահություն հայտնելու գործընթաց:

Հաջորդ քայլը նրանք համարում են ժամանակավոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտությունը ՝ գործընթացներից հասկացող մասնագետների մասնակցությամբ, ինչպես նաև խոստացել են ներկայացնել նոր կառավարության ծրագիրը։

Sputnik Արմենիա