Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի մեղադրանքը պաշտպանող դատախազը չի հեռացվի վարույթից
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և «Դիմադրություն» շարժման մասնակից Սերգեյ Ասատուրովի գործով նախնական դատական նիստին մերժվեց գործով մեղադրող դատախազ Արթուր Դանիելյանին վարույթից հեռացնելու մասին փաստաբանների միջնորդությունը։
Նշենք, որ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը միջնորդել էր վարույթից հեռացնել դատախազ Դանիելյանին, քանի որ նա անաչառ չէ.
«Նույն դատախազը հանդիսացել է նաև Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի մեղադրանքը պաշտպանող դատախազը։ Ինչպե՞ս ստացվեց, որ Արթուր Դանիելյանը ընտրվեց Լևոն Քոչարյանին մեղադրող դատախազ, երբ նա եղել է նաև Աշոտ Փաշինյանին՝ որպես տուժող՝ մեղադրանքը ներկայացնող դատախազ։ Աշոտ Փաշինյան, Լևոն Քոչարյան և նույն դատախազ. ինչպե՞ս է ստացվում»։
Դատախազն էլ իր հերթին առարկել էր միջնորդության դեմ, նշելով, որ այն անհիմն է։
Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանը նախորդ տարվա սեպտեմբերի 22-ին Երևանում ընդդիմության ակցիայի ժամանակ էր բերման ենթարկվել, ավելի ուշ նրան մեղադրանք առաջադրվեց ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար, թեև միջադեպը ֆիքսած տեսախցիկներում առկա տեսագրություններում ոստիկաններն իրեն են հարվածել: Լևոն Քոչարյանը նույն օրն էլ ձերբակալվել, ապա կալանավորվել է 1 ամիս ժամկետով։ Նա ազատ արձակվեց մի քանի ամիս անց միայն պատգամավորական մանդատը ստանալուց հետո։
Լևոն Քոչարյանի փաստաբանները պնդում են, որ իրենց պաշտպանյալը որևէ հակաիրավական գործողություն չի արել, և, որ սա քաղաքական հետապնդում է նրա նկատմամբ։
Նախաքննության ընթացքում փաստաբանները միջադեպից պարբերաբար տեսանյութեր են հրապարակել։ Օրինակ՝ տեսանյութերից մեկում երևում է, որ Հրաչիկ Խաչատրյանը Լևոն Քոչարյանի նկատմամբ խեղդելու հնարքով բռնություն է գործադրում, մյուս դրվագում Լևոն Քոչարյանին ավտոմեքենայում ծեծի են ենթարկել։ Փաստաբանը պատմել են, որ երբ Լևոն Քոչարյանը բերման է ենթարկվել ոստիկանական բաժին, նա խնդրել է բժշկական զննություն, սակայն մոտ կես ժամ իրավապահները մերժել են խնդրանքը։
Չնայած հրապարակված տեսագրություններին նախաձեռնվել է քրեական վարույթ Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի նկատմամբ՝ ՀՀ ՔՕ 452-րդ հոդվածի 3-րդ մասով (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)։
News.am