ՈՎՔԵՐ ԵՆ ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱԳԾՈՂՆԵՐԸ
ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն օրերս Հանրային հեռուստաընկերության լսարանին վստահեցրեց, թե նոր սահմանադրության նախագիծը ոչ թե նախագահ Ալիևի, այլ իշխանության օրակարգն է: Նա մեջբերում արեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր դաշնակցական Արթուր Խաչատրյանի վերջին ելույթից, որպեսզի ցույց տա իշխանության ընդդիմախոսների տեսակետի սնանկությունը։ Խաչատրյանը, հիշեցնեմ, հայտարարել է. «Եթե ինչ-որ բան ես անում, իսկ Ալիևն ասում է, որ հենց դա է պետք անել, ուրեմն չպիտի անես»։ Արշակյանը հիշեցրեց, որ նոր սահմանադրության անհրաժեշտության մասին Փաշինյանը խոսել է դեռևս 2020 թվականին, նախքան 44-օրյա պատերազմը, հետևաբար, նրա խոսքերով, Ալիևի կարծիքն ամենևին չի նշանակում, թե նա մեզ օրակարգ է թելադրում։ «Ընդհակառակը, Ալիևն իր միջամտությամբ ուզում է խանգարել մեր առողջ գործընթացին»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:
Արշակյանը համարում է, որ նոր սահմանադրության անհրաժեշտությունը թելադրված է հարևան երկրների նկատմամբ տարածքային պահանջներ չունենալու Հայաստանի դիրքորոշմամբ, մինչդեռ Սահմանադրությունը, ըստ նրա, հակառակն է պնդում:
Այդ արտահայտությանը հաջորդեց քաղաքական հիմնավորման նմուշ՝ թուրք-ադրբեջանական քարոզչության ոգով. փոխխոսնակը հայտարարեց, թե հայոց պետականությունը հիմնված է մի փաստաթղթի վրա, որը յուրաքանչյուրը կարող է յուրովի մեկնաբանել: Խոսքը Անկախության հռչակագրում «պատմական արդարության վերականգնման» դրույթի մասին է, որին հղում կա Հիմնական օրենքի նախաբանում։ Արշակյանը հայտարարեց, թե եթե դուրս գանք փողոց ու հարցնենք անցորդների կարծիքը, ապա այդ կարծիքը միասնական չի լինի:
Խոսքը, հիշեցնեմ, «պատմական արդարության վերականգնման» մասին է 1915թ. Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների մասով. ի՞նչ տարբեր կարծիքներ կարող են լինել: Թե՞ փոխխոսնակը հիմք է ընդունում այն, որ կան հայեր, որոնք ռեժիմի պարագլխի գաղափարական հետևորդներն են, ուստի չեն մեկնաբանում 1915-ի դեպքերը որպես ցեղասպանություն։ Արևմտյան Հայաստանի մասին հիշատակումն էլ Արշակյանը հայտարարեց խորշելի։ Իսկ հիմա անդրադառնանք առկա գործընթացին, որի ակունքներում կանգնած են (ուշադրությո՛ւն) սահմանադրական բարեփոխման, այլ ոչ թե նոր սահմանադրության նախագծի ստեղծման խորհուրդը և հանձնաժողովը։
Խորհրդում և հանձնաժողովում ընդգրկված են բոլորին հայտնի կերպարներ: Դանիել Իոաննիսյանը՝ Փաշինյանի բոլոր ձախողված նախաձեռնությունների մշտական մասնակիցը։ Այնտեղ է նաև սորոսական հայտնի իրավապաշտպան Արթուր Սաքունցը, որը ոչ մի կերպ չի արձագանքում իշխող ռեժիմի քաղբանտարկյալների առկայությանը։ Նրանց կողքին է Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպան, միշտ և ամեն ինչում նրա հետ համամիտ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։ Հիշյալ մարմինները գլխավորում են արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, փաստաբան և ռեժիմի պարագլխի ընկեր Տիգրան Եգորյանը, տիկինը, որն օմբուդսմենի պաշտոնը զբաղեցրել է լոկ այն պատճառով, որ գլխավոր դատախազի ընկերուհին է, Բարձրագույն դատական խորհրդի անդամը և այլ անձինք:
Փաշինյանից անձնական կախվածությամբ տառապող նույնիսկ այս ջերմ ընկերախումբը հանձնաժողովի և խորհրդի առաջին իսկ համատեղ նիստում կասկածի տակ առավ ընտրված նպատակի ճիշտ լինելը։ Չեք հավատա, հարգելի ընթերցողներ, բայց ռեժիմի պարագլխի հրապարակային բոլոր ելույթներից հետո խորհուրդն ու հանձնաժողովը միահամուռ մտահոգվեցին այն հարցով, թե կոնկրետ ինչ պետք է ստեղծեն իրենք. նոր Հիմնական օրենքի նախագիծ, թե՞ դրա փոփոխությունների ու լրացումների նախագիծ։ Գտնվեցին նույնիսկ խիզախներ, որոնք համարձակվեցին հայտարարել, որ այդ մարմինները լեգիտիմ իրավունք չունեն նոր սահմանադրության նախագիծ մշակելու, քանի որ խորհուրդը ձևավորվել է փոփոխությունների և լրացումների նախագիծ մշակելու համար։
Հայտնի է, որ նոր սահմանադրության նախագիծը քաղաքական պահանջի արդյունք է (համենայնդեպս այդպես պետք է լինի), ուստի անկախ մարմինների ներկայացուցիչները (օմբուդսմենն ու Բարձրագույն դատական խորհրդի անդամը) չեն կարող մասնակցել այդ մշակումներին։
Փաշինյանի ստորագրությունը դրված է մի փաստաթղթի տակ, որը նախորոշում է սահմանադրական բարեփոխման, դրա հայեցակարգի և նախագծերի մշակման խորհրդի խնդիրը։ Նոր սահմանադրության նախագծի մասին այդ փաստաթղթում մի բառ անգամ չկա, իսկ դա նշանակում է, որ բոլոր խոսակցությունները, թե խորհուրդն ու հանձնաժողովը զբաղված են նոր սահմանադրության նախագծի մշակմամբ, զուրկ են լեգիտիմությունից, ինչը չէին կարող չնշել հենց հանձնաժողովի ու խորհրդի անդամները։ Արդյունքում պարոնայք համակարծիք գտնվեցին, որ պետք է հստակեցնեն իրենց անելիքները Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում։ Եթե ընդ որում հաշվի առնենք փոխխոսնակի վերոնշյալ ելույթը, ապա կայուն տպավորություն կստեղծվի, որ ռեժիմի աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը։
Փաշինյանի հետ հանդիպումը, ինչպեսև հանձնաժողովի և խորհրդի առաջին համատեղ նիստը, տեղի կունենա փակ դռների հետևում, իսկ առայժմ զվարճացնենք ընթերցողներին Իոաննիսյանի հատուկ կարծիքով:
Բանն այն է, որ հանրության առջև իրեն դրսևորելու անսանձ եռանդով բռնված սույն պարոնը չունի իրավաբանական կրթություն, բայց միշտ մեջտեղ է ընկնում, երբ խոսքը վերաբերում է իրավաբանական և իրավական բնույթի հարցերին. լինի դա ընտրական օրենսդրություն, կորոնավիրուսի տարածման կանխարգելման ռեժիմի պահպանում, թե Հիմնական օրենքում փոփոխությունների նախագծի վրա աշխատանք, որում այս հասարակական գործիչը ներգրավված է դեռևս 2020 թվականի փետրվարից։
Այս անգամ իրավական հարցերի վերաբերյալ ֆիզիկոսի հատուկ կարծիքը հանգեց նրան, որ խորհուրդն ու հանձնաժողովն իրավունք չունեն կասկածի տակ առնել իրենց լիազորությունները, քանի որ Փաշինյանը դեռևս 2020 թվականին խոսել է նոր սահմանադրության անհրաժեշտության մասին, ուստի խորհուրդն ունի նման լիազորություններ և կարող է անհապաղ ձեռնամուխ լինել դրանց կատարմանը։ Ընդ որում Իոաննիսյանը կարծիք հայտնեց, որ նոր Սահմանադրության նախագծի ստեղծման գործընթացը կտևի առնվազն 3 տարի, այդ ընթացքում շատ բան կարող է փոխվել:
Ցանկանում եմ հիշեցնել ընթերցողներին իշխանափոխությունից հետո Հիմնական օրենքի ենթադրյալ փոփոխությունների վերաբերյալ ԶԼՄ-ների մի շարք հրապարակումների մասին։ ՍԴ նախագահի պաշտոնից Հրայր Թովմասյանի հեռացումն ապահովելու կոչված միակ փոփոխության նախագծի մշակումից ի վեր, որը դրվելու էր համաժողովրդական հանրաքվեի, որն էլ, ինչպես հայտնի է, չկայացավ համավարակի պատճառով, մինչև Հիմնական օրենքում փոփոխությունների մշակման խորհրդի անդամների հեռավար նիստեր, իրոք, տարիներ են անցել։ Խորհրդի անդամները, հիշեցնեմ, նիստերը հեռավար էին անցկացնում կորոնավիրուսի պատճառով։
Լրատվամիջոցներն ամենայն մանրամասնությամբ լուսաբանել են այդ նիստերը։ Ռեժիմը ձևացնում էր հատուկ մարմնի բուռն գործունեություն, մինչդեռ Իոաննիսյանը հրապարակավ խոստովանեց, որ այդ խորհուրդը ոչինչ չի ստեղծել... Ստացվում է, որ հեռավար նիստերը գումարվում էին հանուն շոուի, որպեսզի ժողովուրդը չձանձրանար համավարակի պայմաններում։
Հասարակական գործիչը անգործության մեջ բացահայտ մեղադրեց արդարադատության նախկին և ներկա նախարարներին, այսինքն՝ Կարեն Անդրեասյանին (այժմ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ) և Գրիգոր Մինասյանին։
«Ոչինչ չի արվել, որովհետև արդարադատության նախկին և ներկա նախարարները լուրջ չեն վերաբերվել և վերաբերվում գործընթացին, մինչդեռ 2020 թվականին Ռուստամ Բադասյանի օրոք մենք արդյունավետ ենք աշխատել»,- ընդգծեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավարը: Իսկ գուցե արդարադատության նախկին և ներկա նախարարները բնավ վատ իրավաբանները չե՞ն, ուստի գործընթացին վերաբերվում են այնպես, ինչպես վայել է։