Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նիկոլայ Ռիժկովի մահվան կապակցությամբ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի մահվան կապակցությամբ` նշելով, որ հայ ժողովուրդը և Հայաստանը կորցրին լավագույն բարեկամի:
«Նիկոլայ Ռիժկովն իր բազմամյա պետական գործունեության ընթացքում մարդկային բարձր որակների և լայնախոհ, հմուտ պետական գործչի օրինակ է ծառայել»,– գրված է հեռագրում։
Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ Ռիժկովը մեծ ավանդ է ունեցել 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից հետո կատարված վերականգնողական աշխատանքների կազմակերպման գործում։
«Նա մշտապես մեծ ուշադրությամբ է վերաբերվել Հայաստանին, ընդունել նրա խնդիրներն ինչպես իրենը՝ միաժամանակ զգալի ջանքեր ներդնելով հայ-ռուսական միջպետական հարաբերությունների համակողմանի զարգացման ու ամրապնդման ուղղությամբ»,– գրել է ՀՀ երրորդ նախագահը։
Նա ցավակցություն ու զորակցություն է հայտնել Նիկոլայ Ռիժկովի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, նրան ճանաչող ու հարգող բոլոր անձանց:
Հիշեցնենք` ռուս պետական գործիչ Նիկոլայ Ռիժկովը մահացել է այսօր` փետրվարի 28-ին, 94 տարեկանում։ Նա ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի վերջին նախագահն էր (1985-1991)։
Sputnik Արմենիա