ԱԴՐԲԵՋԱՆԸ ՈՉԻՆՉ ՉԻ ԿՈՐՑՆԻ, ՀՀ-Ն ԿՓԱԿԻ ԱՐՑԱԽԻ ԷՋԸ. ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳՆԵՐԸ
Միջազգային իրավական ատյաններ ներկայացված հայցերից և միջպետական գանգատներից փոխադարձաբար հրաժարվելու դեպքում Ադրբեջանը ոչինչ չի կորցնի, իսկ Հայաստանը կփակի Արցախի էջը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը` մեկնաբանելով նման հնարավորության մասին ԱԺ խոսնակի երեկվա հայտարարությունը։
Փետրվարի 27-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է հրաժարվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված հայցերից միայն այն դեպքում, եթե Ադրբեջանն էլ հրաժարվի։
«Եթե Ադրբեջանը հրաժարվի իր հայցերից, ապա մեծ հաշվով ոչինչ չի կորցնում` նկատի ունենալով, որ այդ իրավունքն ի շահ Ադրբեջանի չէ, և Ադրբեջանը, իրավունքը խախտելով, քաղաքականության մեջ տվել է այնպիսի լուծումներ, որոնք որևէ կերպ չեն բխում հայերի և Հայաստանի պաշտպանված իրավունքներից։ Մինչդեռ եթե Հայաստանը հրաժարվի այդ հայցերից, ապա փակում է Արցախի էջը, նաև զրկվում է հայերի պաշտպանությունը կազմակերպելու հնարավորությունից, ինչը նշանակում է` կա՛մ հայերը չեն վերադառնա ԼՂ, կա՛մ վերադարձի դեպքում կենթարկվեն մեկ այլ միջազգային հանցագործության»,– ասաց Սահակյանը` շեշտելով, որ Ադրբեջանն իր հայցերով փորձում է ոչ թե իրավունքների խախտման դեպքեր բացահայտել, այլ հայելային հավասար պատկեր ստեղծել ՀՀ–ի հետ` մոլորության մեջ գցելով միջազգային հանրությանը։
Հարցին, թե ինչ կլինի արդեն ներկայացված ու քննության փուլում գտնվող հայցերի հետ, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց, որ դրանք կկարճվեն ու կթողնվեն առանց քննության։
«Եթե գործընթացը կարճվում է, ավտոմատ կերպով վերացվում են նաև արդեն ընդունված միջանկյալ որոշումները»,– նշեց Սահակյանը։
Իրավապաշտպանը նշեց, որ ՀՀ իշխանությունների նման որոշման դպքում էթնիկ զտումների ենթարկված ու բռնի տեղահանված արցախցինրը կարող են ուղղակի զրկվել իրենց իրավունքների պաշտպանության ու վերականգնման իրավունքից։
«Պետք է նկատի ունենանք, որ բազմաթիվ քաղաքացիներ չեն դիմել անհատական իրավունքների պաշտպանության ՄԻԵԴ–ում, քանի որ պետությունը հանձնառել է իրենց իրավունքների պաշտպանությունը։ Եվ եթե այժմ հրաժարվում է, այդ անձանց գույքային իրավունքները մնում են չպաշտպանված, և ժամկետներն անցնելու հիմքով չեն կարող ինքնուրույնաբար գույքային հայց ներկայացնել ՄԻԵԴ»,– ասաց մեր զրուցակիցը։
Նշենք, որ Հայաստանն Ադրբեջանի դեմ ներկա պահին 4 միջպետական գանգատ ունի ներկայացրած Մարդու իրավունքների Եվրոպական դատարան, ևս 1-ը` ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան:
ՄԻԵԴ ներկայացված գանգատները վերաբերում են 44-օրյա պատերազմին և դրան հաջորդած խախտումներին, Ադրբեջանում գերեվարված հայերի նկատմամբ ապօրինի դատավարություններին, Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինված ուժերի ապօրինի ներկայությանը, 2022 թ.-ի մարտից ԼՂ–ի շրջափակմանը, գազամատակարարման ընդհատումներին, Փառուխ և Քարագլուխ գյուղերի մոտ տեղի աւնեցած մարտերին, Լաչինի միջանցքի արգելափակմանը և 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ մարտական գործողույուններին ու դրանց հետևանքով հայերի բռնի տեղահանմանը։
ՄԱԿ–ի Արդարադատության միջազգային դատարան ներկայացված միջպետական գանգատը վերաբերում է ռասայական խտրականության բոլոր ձևերի վերահսկման մասին կոնվենցիայի խախտմանը, որի շրջանակում ՀՀ–ն ներկայացրել է մի շարք հայցապահանջներ։ Դրանք վերաբերում են տասնամյակներ շարունակ Ադրբեջանի կողմից հայատյացության քարոզչությանն ու այդ քաղաքականության իրականացմանը։
Հավելենք` Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ ՀՀ քաղաքական ղեկավարներն իրենց հետ չեն քննարկել միջազգային իրավական ատյաններ ներկայացված հայցերից և միջպետական գանգատներից հրաժարվելու հարցը, և որ իրենք շարունակում են աշխատանքները ՄԻԵԴ–ում ու Արդարադատության միջազգային դատարանում` Հայաստանի ներկայացրած պահանջների վերաբերյալ գործողությունների առումով։