Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԼԱՎՐՈՎՆ ԱՆՈՒՂՂԱԿԻ «ՏԵՂՅԱԿ ՊԱՀԵՑ», ՈՐ ՀԱՊԿ-ՈՒՄ ՉՄՆԱԼԸ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԿՈՒՆԵՆԱ

Եվ այսպես, ինչպես և կանխատեսելի էր, ՌԴ ԱԳ նախարարն անդրադարձավ Փաշինյանի` ՀԱՊԿ-ում գործունեության սառեցման վերաբերյալ հայտարարությանը, նշելով, որ Հայաստանը պետք է հստակ կողմնորոշվի` մնում է՞, թե՞ հեռանում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Իհարկե այդ համատեքստում ՌԴ պաշտոնյան անուղղակի «տեղյակ պահեց», որ չմնալն ու, առհասարակ, ՌԴ-ի հետ հարաբերությունների նշաձողի իջեցումը նաև հետևանքներ կունենա:

Ենթադրաբար դա նշանակում է ՌԴ-ի՝ ՀՀ-ի նկատմամբ իրականացվող քաղաքականության վերանայումներ, ինչը նշանակում է քաղաքական, ռազմական համագործակցությունից մինչև տնտեսական:

Այնպես չէ, որ ՀՀ իշխանությունն այս դիսկուրսը նոր է ծավալում կամ դրա մեջ լրջություն դնում, հարցն այն է, որ ՌԴ-ն փորձում է վերջնականացնել հաշիվները` հասկանալու, թե սա սովորական շանտաժ է՞, թե՞ Հայաստանի նոր ընթացքը դեպի ԵՄ:

ՌԴ-ն սա անում է, որպեսզի հետագայում իր կոշտ հակազդեցությունը ՀՀ-ում և արտաքին աշխարհում ամբողջությամբ լինի ընկալելի, իսկ թե դրանք ի՞նչ հետևանքներ կունենան և ի՞նչ ծավալով կլինի, կախված է իրադարձությունների ընթացքից:

Ի՞նչ կանի այս իրավիճակում հայաստանյան իշխանությունը: Այո´, կգնա ամենավատ ճանապարհով` ինչպես նախորդ բոլոր կարևոր որոշումներում», - գրել է նա:

News.am