«Հրապարակ»․ «ԱՍԵԼ ԵՄ՝ ՄԱՐՏԻ 1-ԻՑ, ՈՒՐԵՄՆ ՄԱՐՏԻ 1-ԻՑ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է Մարտի 1-ից գործող էլեկտրոնային դեղատոմսերի պահանջն իսկական պատուհաս է դարձել առողջապահության ոլորտի համար և մեծ բողոքներ առաջացրել։ «Արմեդ» համակարգն աշխատում է խափանումներով, տեխնիկական խոտաններով։

Ոլորտի ներկայացուցիչը պատմում է, որ համակարգն աշխատեցնողներն ասել են՝ էլեկտրոնային դեղատոմսերի ներդրմանը պատրաստ չեն, նոր սերվեր է հարկավոր։ Իրավաբանի մասնագիտությամբ նախարարը պնդել է. «Ասել եմ՝ մարտի 1-ից, ուրեմն մարտի 1-ից»։ Մինչդեռ, որպես իրավաբան, գոնե պետք է հասկանար, որ հանրային շահերին առնչվող նման փոփոխությունը չեն ընդունում և մեկ օր անց սկսում կիրառել` ժամանակ է պետք, որ մարդիկ մարսեն նոր փոփոխությունները, պատրաստվեն դրան։

Կոնկրետ էլեկտրոնային դեղատոմսերին անցնելուն պատրաստ չեն նաև հիվանդանոցները, քանի որ նույն «Արմեդ» համակարգում ոչ բոլորը մուտք ունեն, ոչ բոլորն են կարողանում դրանով աշխատել։ Ի դեպ, հակաբիոտիկները դեղատոմսերով գնելու պարտադիր պայման նաև տարիներ առաջ էին մտցրել, որը չաշխատեց։ Մասնագետները կարծում են՝ այս համակարգն էլ երկար կյանք չի ունենա, քանի որ տեխնիկապես պատրաստ չեն դրա կիրառմանը: Ասենք, ահազանգեր կան, որ շաբաթ օրն «Արմեդ» համակարգը նորմալ չի գործել դեղատներում, և հրատապ հիվանդներին դեղորայքը վաճառել են առանց դեղատոմսերի։

VERELQ