ՀՀ ՄԻՊ-ը Արցախից բռնի տեղահանվածներին առնչվող հարցեր է քննարկել Բուրիչի հետ

Ստրասբուրգում աշխատանքային այցով գտնվող ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր է քննարկել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ գրասենյակը։

Հանդիպման ընթացքում Մանասյանն անդրադարձել է իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին։

«Ստացվել են քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և վատ վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններ»,–ասել է Մանասյանը։

Նա ընդգծել է, որ նշված տեղեկությունները ներառվել են մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում, որը տեղեկությունների իսկությունն ապացուցող խորհրդապահական հատվածով պաշտպանի կողմից ներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին։

Բացի այդ, Մանասյանն անդրադարձել է նաև կանանց իրավունքների պաշտպանությանը, ընտանեկան բռնության կանխարգելմանը, Ստամբուլյան կոնվենցիային, կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության ծրագրի իրականացման մանրամասներին, այդ թվում՝ Օվիեդոյի կոնվենցիան Հայաստանի կողմից վավերացնելու հարցին:

Նա ներկայացրել է խտրականության, անհանդուրժողականության, ատելության խոսքի դեմ պայքարի, հավաքների ազատության իրավունքի և մի շարք այլ ոլորտներում իրականացվող աշխատանքները:

Sputnik Արմենիա