ԻՆՏՐԻԳՆԵՐ ՌԴ-ՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆԱՏԱՆԸ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Տեղեկությունը, թե Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանի օրերը կարճ են, և նա շուտով հետ է կանչվելու, պտտվում են դեռ ամառվանից, երբ հայտնի դարձավ, որ ՀՀ իշխանությունը նոր դեսպանի անուն է ուղարկել ՌԴ ԱԳՆ` հաստատման: Իհարկե, ռուսական կողմը, որոշակի նկատառումներից ելնելով, մինչ օրս չի հաստատել դեսպանի թեկնածությունը, սակայն հարցը դեռ վերջնականապես փակ չէ։
Ըստ չար լեզուների՝ հենց սա է Վաղարշակ Հարությունյանի «հարատևման» գաղտնիքը․ ռուսական կողմը, դժգոհ լինելով նրանից, կասկածներ ունի նոր թեկնածուի հարցում, ուստի նա դեռ մնում է։ Իսկ Ռուսաստանում ՀՀ դեսպանատան ոչ այնքան աշխատանքն է տեսանելի, որքան ինտրիգները։ Մեր աղբյուրը հայտնում է, որ դեսպանությունում երկիշխանություն է։ Կոլեկտիվը պառակտվել է 2 բանակի՝ «վաղոյականների» ու «արտակականների»։
«Վաղոյականներին» գլխավորում է Վաղարշակ Հարությունյանի եղբորորդին, ով հիմնականում Վաղարշակ Հարությունյանի թիկնապահի դերն է կատարում, բայց նաև դեսպանատան ստվերային ղեկավարն է։
«Արտակի» թևը դեսպանատան առաջին քարտուղար Արտակ Գաբրիելյանի մարդիկ են։ Իսկ Արտակ Գաբրիելյանն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աներորդին է` կնոջ՝ Գոհար Աբաջյանի եղբայրը։ Գաբրիելյանը ՀՀ դեսպանության առաջին քարտուղար է նշանակվել մոտ կես տարի առաջ, արտաքին մրցույթի արդյունքում: Մինչ այդ նա ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարն էր և այս պաշտոնին էլ նշանակվել է խախտումով։ «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար նշանակվում է օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմիններում և արտաքին գործերի նախարարությունում առնվազն 10 տարվա դիվանագիտական ծառայության ստաժ և բարձրագույն դիվանագիտական աստիճան ունեցող անձը: Արտակ Գաբրիելյանը, սակայն, նշանակման պահին չի ունեցել պահանջվող ստաժը և այս պաշտոնին է հայտնվել բարձր հովանավորության ու Միրզոյանի հետ մերձավոր կապերի շնորհիվ։
ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը նրա համար նոր պաշտոն են հորինել՝ առաջին քարտուղար, աշխատակազմի ղեկավար։ Դեսպանատանը նման պաշտոն երբեք չի եղել ու չկա որևէ երկրում։ Առհասարակ, Վաղարշակ Հարությունյանը սիրում է իր մարդկանց համար նոր պաշտոններ հորինել։ Իր եղբորորդու համար էլ օգնական-թիկնապահի պաշտոն էր մտածել, ինչով ռուս բարձրաստիճան պաշտոնյաների զարմանքն էր հարուցել։ Չնայած տեղեկությունը՝ թիկնապահներով իրեն շրջապատելու վերաբերյալ, ԱԳՆ-ն հերքում էր։ Զավեշտն այն է, որ դե ֆակտո աշխատակազմը ղեկավարում են Վաղոյի եղբորորդին ու մեկ այլ ազդեցիկ ֆիգուր՝ մշակույթի կենտրոնի տնօրեն, նախկինում Մոսկվայի Փարաջանովի անվան թատրոնի տնօրեն Վլադիմիր Գաբբեն։ Նա ևս հանդես է գալիս Վաղոյի կողմից և սերտ կապեր ունի դեսպանի և նրա ազգականի հետ։
Մենք դիմեցինք ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը մամուլի հարցերով զբաղվող Ռոզա Անտոնյանին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչպես, ինչ ընթացակարգով, երբ է Արտակ Գաբրիելյանը նշանակվել պաշտոնի, և այլ հարցեր էլ էինք ուզում տալ, սակայն դեսպանատան մամուլի կապերով զբաղվող պաշտոնյան մեզ միայն Արտակ Գաբրիելյանի ազգանունը հայտնեց։ Մնացած հարցերին չցանկացավ պատասխանել՝ ասելով, որ պետք է գրավոր հարցումով դիմել ՀՀ ԱԳՆ․ ինքն իրավասու չէ պատասխանել ոչ մի հարցի։ Ի դեպ, Ռոզա Անտոնյանը ևս «արտակականներից» է։ Նրան, ինչպեսև Արտակ Գաբրիելյանին, ՀՀ ԱԳՆ-ն է գործուղել Մոսկվա` մամուլի հետ շփումներն իրականացնելու առաքելությամբ։ Բայց, ինչպես համոզվեցինք, այս միսիան նա չի կատարում: Ի դեպ, դեսպանատան աշխատակիցները բարձր աշխատավարձ են ստանում` առնվազն 1000 դոլարի կարգի, իսկ եթե դիվանագիտական աստիճան ունեն` առնվազն 3 հազար դոլար»: