ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՐԴԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐՆ ԵՆ, ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ ՊԵՏՔ Է ՄՏԱԾԵՆ ՈՒՐԻՇՆԵՐԸ
Մարտի 4-ին Գելափի միջազգային ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը հրապարակեց հերթական հարցման տվյալները: Ի թիվս այլ հարցերի՝ տրվել է հետևյալը. բավարար ջանքեր գործադրո՞ւմ է արդյոք Հայաստանի կառավարությունը Բաքվի բանտերում ապօրինի պահվող արցախյան առաջնորդներին ազատելու համար: Հարցվածների 44,4%-ը պատասխանել է, որ իշխանությունների ջանքերը բավարար չեն, ևս 15% - ը համարում է, որ ավելի շուտ անբավարար են: Փորձագետները վաղուց շատ ավելի կտրական են արտահայտվում, հայտարարելով, որ Փաշինյանի կառավարությունը դրա համար գործնականում ոչինչ չի անում։
Փոխարենը՝ ադրբեջանցիների նկատմամբ նույն այդ կառավարության «բարի կամքն» ակնհայտորեն լիառատ է։ Ե՛վ ականապատ դաշտերի քարտեզների փոխանցման հարցում, որպեսզի զավթիչները հանկարծ չպայթեն Արցախի հողի վրա, և՛ դիվերսիաների ու սպանությունների նպատակով Հայաստանի տարածք ներխուժող ադրբեջանցի զինծառայողների վերադարձման, ընդ որում՝ ամենակարճ ժամկետներում։ Մարտի 5-ին Փաշինյանը կրկին դրսևորեց իր «բարի կամքը» և Բաքվին վերադարձրեց այդօրինակ հերթական գերուն՝ փետրվարի 28-ին Տեղ գյուղի մոտ ձերբակալված Ռուսլան Փենախովին։
«Որպես բարի կամքի դրսևորում և ի կատարումն Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև բարձրագույն մակարդակում ձեռք բերված պայմանավորվածության, որ երկու կողմերի մոլորված և հակառակ կողմում հայտնված զինծառայողները սեղմ ժամկետներում պետք է վերադարձվեն, Հայաստանի Հանրապետությունը որոշում է կայացրել Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովին հանձնել ադրբեջանական կողմին»,- ասված է ԱԱԾ հայտարարության մեջ:
Իր հերթին՝ Քննչական կոմիտեն հայտնեց, որ ադրբեջանցի զինծառայողի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է «քրեական վարույթով կատարված բազմաթիվ անհետաձգելի ապացուցողական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիմքով»: «ՀՀ պետական սահմանը հատած Ադրբեջանական Հանրապետության զինված ուժերի զինծառայող Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովը 2024թ. փետրվարի 28-ին ՀՀ ԶՈւ դիրքերի մոտակայքում հայտնվել է ադրբեջանական դիրքում զինծառայողների միջև տեղի ունեցած միջադեպից հետո՝ փախուստի դիմելու և մոլորվելու հետևանքով»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Այսինքն խոսքը միջադեպի զոհ դարձած խեղճ մոլորյալ զինվորի մասին է, որը պարզապես վախեցել է, փախել ու մոլորվել։ Ինչպե՞ս այստեղ չհիշենք, որ նույնը, գրեթե բառ առ բառ, Փաշինյանն ասում էր անցած տարվա մայիսին, երբ ձերբակալեցին ադրբեջանցի երկու դիվերսանտների։ Նիկոլն այն ժամանակ ուղիղ տեքստով արդարացնում էր նրանց՝ կրկին իսկ ներկայացնելով որպես ոչ կանոնադրական հարաբերությունների մոլորված զոհեր։
Մինչդեռ ավելի վաղ նույն ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ Փենախովը ձերբակալվել է «ՀՀ քրեական օրենսգրքի միանգամից 5 հոդվածներով հարուցված քրեական գործի շրջանակներում. դիվերսիայի փորձ, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, ինչպես նաև ազգային, կրոնով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության և թշնամանքի շարժառիթով սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու և փոխադրելու, հրազենի և ռազմամթերքի մաքսանենգության և Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու դեպքերի առթիվ»:
Հիմա ահավասիկ պարզվեց, որ Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված ծանր հանցագործությունների ողջ այդ փունջը, ըստ էության, հորինված էր Քննչական կոմիտեի կողմից, իսկ իրականում խոսքը պատահաբար սահմանը հատած անմեղ զինվորի մասին է, որի հանդեպ պետք է ամենակարճ ժամկետներում «բարի կամք» դրսևորել ու հանձնել Բաքվին։ Նույն այն Բաքվին, որտեղ, հարկ կա՞ արդյոք հիշեցնել, իրավապաշտպանների տվյալներով՝ դեռևս մնում են մոտ 80 հայ գերիներ, ընդ որում նրանցից տասնյակները՝ ավելի քան 3 տարի։ Ինչպես նաև առևանգված և արդեն կես տարուց ավելի Բաքվի բանտերում ապօրինի պահվող Արցախի Հանրապետության 8 նախկին և ներկա ղեկավարները:
Ցինիկ առևտրի արդեն ձևավորված պրակտիկայով կարելի էր այս «մոլորվածին» փոխանակել, օրինակ, լիբանանահայ Վիգեն Էուլջեկյանի հետ, որի վիճակը վաղուց լուրջ տագնապ է առաջացնում: Կամ անցած տարվա ամռանը Հակարիի կամրջի վրա առևանգված տարեց ու հիվանդ Վագիֆ Խաչատրյանի։ Կամ 44-օրյա պատերազմի մասնակիցներից մեկի, որոնց դատապարտել են 20 տարվա ազատազրկման... Բայց Փաշինյանի ինչի՞ն են պետք տառապյալ հայերը, երբ նա երկաթե «բարի կամք» ունի ադրբեջանցի դիվերսանտների ու մարդասպանների նկատմամբ։
Հիշեցնեմ, որ առաջինը, ում նա շտապեց Բաքվին հանձնել 2020-ի դեկտեմբերին, 17-ամյա հայ տղայի կյանքը խլած քարվաճառցի մարդասպաններն էին։ Իսկ անցած դեկտեմբերին Նիկոլը վերադարձրեց ԶՊՄԿ-ի 56-ամյա հսկիչին սպանողին և նրա հանցակից դիվերսանտին։ Ճիշտ է, այն ժամանակ դա տեղի ունեցավ 32 հայ գերիների վերադարձի դիմաց։ Հիմա Փաշինյանը (Փենախովի ձերբակալությունից ընդամենը մեկ շաբաթ անց) իր յուզգյար Ալիևին է հանձնում հերթական հանցագործին. հենց այնպես, անհատույց։ Ունենալով, կրկնեմ, մի քանի տասնյակ գերեվարված հայրենակիցներ։
Ինչո՞ւ։ Նախևառաջ, իհարկե, Հայաստանի ղեկին մնալ շարունակող դավաճանների ոհմակի ծայրահեղ թուրքասիրության և Անկարայի ու Բաքվի շահերին ուղղված նրանց անխոնջ հոգատարության ու աշխատանքի պատճառով։ Բայց ոչ միայն։ Երևանում ընդ որում համարում են, թե հայ գերիների մասին պետք է մտածեն բնավ ոչ իրենք՝ Հայաստանի իշխանությունները, այլ ուրիշ երկրները։ Առավելապես՝ Ռուսաստանը: Այս մասին վերջին անգամ բաց տեքստով խոսել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը փետրվարի 17-ին՝ Դաշնության խորհրդի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:
«Հայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանի Դաշնությունը ջանքեր կգործադրի հայ գերիներին Հայաստան վերադարձնելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգությունը պահպանելու համար»,- հայտարարեց Արշակյանը: Չմանրամասնելով, թե ինչու պիտի Հայաստանի քաղաքացիների ճակատագիրը ավելի շատ մտահոգի Ռուսաստանին, քան բուն ՀՀ կառավարությանը։ Նույնը, ի դեպ, վերաբերում է նաև Արցախի պատմամշակութային ժառանգությանը. արդեն մեկ շաբաթ է, ինչ անդադար հոսքով լուրեր են ստացվում բռնազավթված Ստեփանակերտում Ադրբեջանի վանդալիզմի, այդ թվում՝ ԱԺ շենքի ավերման մասին, բայց հայկական իշխանություններն այդ առիթով ծպտուն չեն հանում։
Ըստ երևույթին, համարում են, թե ահազանգել պարտավոր են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, ինչպես նաև Զիմբաբվեն, Տրինիդադ և Տոբագոն, Սեյշելյան կղզիները... Ով ասես, բայց ոչ իրենք: Իսկ «բարի կամքը» և մարդասիրության այլ դրսևորումները փաշինյանական հանցախմբի ընկալմամբ վերաբերում և տարածվում են բացառապես ադրբեջանցիների վրա։
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը Փենախովին վերադարձնելու որոշումից հետո իր տելեգրամ ալիքում գրել է. «Հայաստանում ամենապաշտպանվածը Թուրքիայի և Ադրբեջանի զինվորներն են, որոնք համատեղության կարգով նաև մեր ցեղասպաններն են»: Եվ չհամաձայնել նրա հետ անհնար է։