ԱԶԴԱԿԸ ԵԿԵԼ Է ԹՇՆԱՄՈՒՑ. ՋԱՄԱԼՅԱՆԸ` ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒՆ ՍՊԱՐԱՊԵՏԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի սահմանը խախտած ադրբեջանցի զինծառայողին հենց մարտի 5-ին` սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը Ադրբեջանին վերադարձնելու` ՀՀ իշխանությունների որոշումը ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը պատահական չի համարում:
Հայտնել ենք, որ փետրվարի 28–ին ՀՀ պետական սահմանը հատած ադրբեջանի զինծառայող Ռուսլան Փենախովը մարտի 5-ին վերադարձվեց ադրբեջանական կողմին։
«Վերջին տարիներին Հայաստանի ու հայոց պետականության դեմ շատ մեծ աշխարհաքաղաքական դավադրություն է նյութվել, որի գերխնդիրն այն է, որ հայ ժողովուրդը մեջքը չշտկի: Եվ բնավ պատահական չէ, որ հենց այդ խորհրդանշական օրն էլ ընտրվել է, երբ պետք է այդ սահմանախախտ պոտենցիալ դիվերսանտին վերադարձնեին: Որովհետև, երբ դու ազգի համար կարևոր խորհրդանշական օրերը ստվերում ես, այդ խորհրդանշական բովանդակությունը խեղում ես պարտության, նվաստացման օրինակով, մարդկանց հիշողության մեջ օրվա մոբիլիզացնող, համախմբող, առողջացնող այդ նշանակությունը կորցնում է իր իմաստը: Եվ ես վստահ եմ, որ այդ ազդակները եկել են մեր թշնամիներից, որ հենց այդ օրը պետք է հանձնվի իրենց այդ պոտենցիալ դիվերսանտը»,- Sputnik Արմենիայի եթերում ասել է Ջամալյանը:
Ինչ վերաբերում է սահմանախախտի հանձնումը որպես բարի կամքի դրսևորում ներկայացնելուն, ռազմական փորձագետը կարծում է, որ դա ավելի շատ կամքի բացակայության, ստորաքարշության դրսևորում է:
Ռազմական փորձագետը նույն համատեքստում է դիտարկում նաև մարտի 5-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի հնչեցրած հայտարարությունները:
«Ես շատ խորը ցավ եմ ապրում, որ նաև ԵԿՄ նախագահը կամա թե ակամա այդ դավադիր ծրագրի մեջ իր դերն ու տեղն ունի: Սա առաջին դեպքը չէ: Հիշենք հայտնի «հեղափոխությունն ավելի կարևորէր, քան արցախյան շարժումը» և այլ նմանօրինակ հայտարարությունները: Այսինքն` ստիպված ենք ցավով նշել, որ հայոց պետականության իմունիտետն այսօր ընկել է, հայոց պետականությունը վարակված է պարտվողականությամբ, պետականությունը քանդող վիրուսով»,- ասաց Ջամալյանը` միաժամանակ համոզմունք հայտնելով, որ թե’ ԵԿՄ–ի, և թե’ առհասարակ հասարակության անդամների մեծամասնությունը այլ կարծիք ունեն: Պարզապես նրանք չունեն այն կերպարը, որի շուրջ կարող են հավաքվել այնպես, ինչպես ժամանակին համախմբվել էին Վազգեն Սարգսյանիշուրջ և ստեղծել կամավորական առաջին ջոկատները, ապա ԵԿՄ-ն:
Ինչ վերաբերում է Սասուն Միքայելյանի հայտարարությանը, Ջամալյանը կարծում է, որ այն առաջին հերթին մեծ հարված է հատկապես ԵԿՄ-ի հեղինակությանը ու նաևկարող է լուրջ խմորումներ առաջացնել հենց կառույցի ներսում:
«Բայց, եթե օբյեկտիվ լինենք, մենք դրանից միայն կտուժենք, որովհետև ԵԿՄ-ն միշտ եղել է բանակի հենարանը, բանակի թիկունքը: Եվ ունենալ ԵԿՄ, նշանակում է ունենալ հաղթանակ կերտող, թուրքին հաղթելու ոգին կրող հազարավոր նվիրյալների կառույց»,- արձանագրում է մեր զրուցակիցը:
Այդուհանդերձ, Դավիթ Ջամալյանը վստահէ, որ երբ ՀՀ-ում իրականություն փոխվի և պետականությունը սկսի ապաքինվել, բարոյահոգեբանորեն կապաքինվեն նաև բոլոր այն կարևոր հանրային կառույցները, որոնք 30 տարի եղել են ՀՀ պետականության անսասանության հիմքը, այդ թվում`ԵԿՄ-ն:
«Կգան այլ մարդիկ ու կանեն ճիշտ հայտարարություններ»,- զրույցը եզրափակում է ռազմական փորձագետը:
Հիշեցնենք` փետրվարի 28-ին ՀՀ ԱԱԾ–ն հայտնեց, որ ադրբեջանական զինված ուժերի զինծառայողը ժամը 05:15-ի սահմաններում Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հատել է հայ-ադրբեջանական շփման գիծը։ Նա զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով:
Փետրվարի 29-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ ադրբեջանցի զինծառայողը ձերբակալվել է։ Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ դիվերսիայի փորձ, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, ինչպես նաև ազգային, կրոնով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության և թշնամանքի շարժառիթով սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու և փոխադրելու, հրազենի և ռազմամթերքի մաքսանենգության և ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու դեպքերի առթիվ։
Մարտի 4-ին ՔԿ–ն հայտնեց, որ ՀՀ սահմանը հատած ադրբեջանի զինծառայողի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է, ԱԱԾ–ն էլ հայտարարեց, որ, որպես բարի կամքի դրսևորում, որոշվել է նրան վերադարձնել։