ՀԱՅԱՍՏԱՆԻ «ՈՒԿՐԱԻՆԱՑՈՒՄ»

Դժվար ասել, թե կոնկրետ երբ է սկսվել այդ գործընթացը։ Բայց ակտիվ փուլ մտավ, պետք է ենթադրել, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի անցած տարվա սեպտեմբերի 6-ին Կիև կատարած այցից հետո, որի նպատակը մասնակցությունն էր «առաջին տիկնանց և պարոնանց» մի ինչ-որ գագաթնաժողովի։ Թեև դե յուրե դաշնակից երկրի առաջին տիկնոջ այդպիսի այցը դժվար թե դուր գար Ռուսաստանին, որի ռազմական ստորաբաժանումներն այդ պահին դեռ խաղաղ կյանք էին ապահովում Լեռնային Ղարաբաղում. մինչ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան մնացել էր 13 օր։

ՌՈՒՍԱԿԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՄԻՋԵՎ ԱԿՏԻՎ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ Աննա Հակոբյանի այցելությունը Կիև դժվար թե դուր գար Մոսկվային նաև այն պատճառով, որ Հայաստանի առաջին տիկնոջ ազդեցությունն իր ամուսնու որոշումների վրա կարելի է համարել թերևս Պուլչինելլայի գաղտնիք։ Բայց ի՞նչ կարող ես անել, եթե «զիլ կնիկ» Աննա Հակոբյանը որոշել էր, թե ճիշտ ժամանակն է իրեն ցուցադրելու «տիկնանց և պարոնանց» գագաթնաժողովում։

Նշենք, որ չնայած Կիևի և Բաքվի միջև առկա դաշնակցային ամուր կապերին, Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց հետո ո՛չ Իլհամ Ալիևի, ո՛չ էլ Մեհրիբան Ալիևայի մտքով անգամ չի անցել այցելել Կիև։ Բայց դա Ադրբեջանն է, որտեղ առաջնորդվում են առաջին հերթին սեփական երկրի շահերով։

Իսկ Հայաստանում իշխանության գլուխ են կանգնած յուրահատուկ մարդիկ։ Հավերժաբար բոլորից նեղացածների մի այդպիսի տեսակ կա։ Որոնք համարում են, որ իրենց ձախողումներում մեղավոր են բոլորը, բացի իրենցից։ Որոնք վստահ են, թե բոլորն իրենց պարտք են, իսկ իրենք պարտք չեն ոչ մեկին, որովհետև իրենց նեղացնել չի կարելի։ Ընդ որում այդ մարդիկ հիվանդագին եսակենտրոն են, պահանջկոտ բոլորի նկատմամբ, բացի սեփական անձից։ Նրանց մոտ իսպառ բացակայում է սեփական սխալներն ընդունելու և ուրիշների օգտակար փորձը օգտագործելու կարողությունը։

Այս ամենը Մոսկվայում հաշվի չառան, որոշեցին, թե Երևանում «խելքները գլուխները կհավաքեն», և առանձնապես չարձագանքեցին Աննայի այցին, թերևս միայն ռուսաստանյան մի աշխույժ բլոգերուհի վիրավորական տեսանյութ զետեղեց Հակոբյանի հասցեին։ Բայց այդքանով ամեն ինչ ավարտվեց։

Սակայն չավարտվեց Հայաստանում իշխող ամուսնական զույգի համար։ Հայաստանի «ուկրաինացման» գործընթացը երկրորդ շունչ ստացավ, երբ զույգն այցելեց Փարիզ, Մակրոնին, որը փորձում է իր վրա վերցնել առաջին ջութակի դերը Մոսկվա-Եվրոպա հակամարտության մեջ։

Փաշինյանների այցից հետո իշխանության սնածու ԶԼՄ-ները շտապեցին հաղորդել Վլադիմիր Զելենսկու Երևան կատարելիք այցի մասին։ Ըստ երևույթին, նման այցելության կազմակերպումը Մակրոնի պայմաններից մեկն էր՝ պաշտպանական առումով սատարելու, իսկ հետագայում Հայաստանի եվրոպական հեռանկարներին աջակցելու համար։ Այդ պայմանը, ըստ երևույթին, ընդգծված պատրաստակամությամբ է ընդունվել ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլև Աննա Հակոբյանի կողմից։ Իշխող կուսակցությանը կապակցված տեղեկատվական խոսափողերը նշում էին նույնիսկ այցի օրը. մարտի 4-ին։

Սակայն այցը տեղի չունեցավ։ Ոչ պաշտոնական պատճառաբանությունը Բաքվի դիրքորոշումն էր։ Իբր՝ ենթադրվում էր, որ Զելենսկու այցելությունը տարածաշրջանային է լինելու. սկզբում Բաքու, ապա Երևան։ Բայց Բաքուն հրաժարվել է։ Հետո սկսեցին ճշտել, թե Զելենսկու այցին իմաստայնություն հաղորդելու նպատակով նախատեսվում էր, որ նա Բաքվից Երևան էր բերելու մի խումբ հայ ռազմագերիների…

ՄԻԳՈՒՑԵ ԵՐԵՎԱՆԸ ԿԱՌՈՒՑՈՒՄ ԷՐ ՆՄԱՆ ԾՐԱԳՐԵՐ, ԲԱՅՑ ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԵՐ ՄՏԱԾԵԼ, թե պաշտոնական Բաքուն կհամաձայնի դրան։ Ինչպես արդեն ասացինք, Ադրբեջանում իշխանության ղեկին են ոչ թե «օբիժնիկներ», այլ պրագմատիկներ, որոնք առաջնորդվում են երկրի շահերով, այլ ոչ թե «ինադ անեմ էլերին՝ քամակս տամ գելերին» սկզբունքով, տուրք տալով իրենց վիրավորված ինքնասիրությանը։

Այնպես որ ռուս-ուկրաինական հակամարտության պայմաններում անհեթեթ էր ակնկալել, թե Զելենսկուն ռազմագերիներ հանձնելով՝ Ալիևը կնպաստի տարածաշրջանում նրա հեղինակության աճին։ Բաքվի տեսանկյունից Զելենսկու կասկածելի այցին իրատես Ալիևը գերադասեց Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի այցը Բաքու և դիմավորեց վերջինիս առաջնորդի իր հայտնի ժպիտով, որը հասկանում է տեղի ունեցող ամենի բոլոր նրբերանգները…

Բայց հնարավոր է, որ Զելենսկու այցի ձախողումը մեկ այլ պատճառ էլ ուներ։ Դժվար թե կարելի է զուգադիպություն համարել, որ այն հաղորդագրությունների հետ միաժամանակ, որ առաջիկայում նման այց չի ծրագրվում, Երևանի իշխանությունները կտրուկ ակտիվացրեցին իրենց ջանքերը «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին վտարելու ուղղությամբ, որոնք այնտեղ սահմանային վերահսկողություն են իրականացնում 1992 թվականից, համաձայն հայ-ռուսական պայմանագրերի։

Բայց ահա Երևանը հայտարարեց, թե մենք էլ խոտ չենք ուտում և լիովին կարող ենք իրականացնել այդ վերահսկողությունը։ Ինչպես հայտնեց Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար, բրիտանական հետախուզության երկրպագու Արմեն Գրիգորյանը, Երևանը արդեն պաշտոնական նամակ է ուղարկել Մոսկվա այդ առնչությամբ։ Ճիշտ է, Գրիգորյանը չճշգրտեց, թե հատկապես որ գերատեսչությունն է ուղարկել այդ նամակը և ինչ հասցեով։

Ի դեպ, այդ մասին Գրիգորյանը հայտարարեց անմիջապես այն բանից հետո, երբ նույն օրը քիչ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը Սոչիում խոսեց հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների և այն մասին, որ «Զվարթնոց» օդանավակայանում Ռուսաստանի ԱԴԾ-ի սահմանապահ ծառայության վերաբերյալ Երևանի պաշտոնական դիմում Մոսկվան չի ստացել….

Փորձենք ընդհանրացնել ասվածը։ Մակրոնի նախաձեռությամբ Մոսկվայի թիկունքում Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո Փաշինյանը Արևմուտքից ստացել է հաճոյախոսությունների իր բաժինը՝ ցուցումներով հանդերձ, որ Մոսկվայի հետ բարեկամական հարաբերությունների խզման գործընթացը պետք է շարունակել, իսկ Զելենսկու հետ շփումները լավագույն ցուցանիշը կլինեն, որ արևմտամետ ուղեգիծ վարելու Երևանի մտադրությունն անկեղծ է։

Աննա Հակոբյանը պատուհան բացեց դեպի Կիև, այնուհետ Մակրոնն առաջարկեց Փաշինյանին Երևան հրավիրել Զելենսկուն։ Փաշինյանը ուրախ կլիներ, բայց Բաքուն չհամաձայնեց հարմար պատրվակ տրամադրել Զելենսկու այցելության համար, ինչպիսին կդիտվեր ռազմագերիների վերադարձը։ Իսկ իրեն՝ Զելենսկուն, որը վախենում է սեփական կյանքի համար, այնքան էլ դուր չի եկել իր օդանավի վայրեջքի հեռանկարը մի օդանավակայանում, որտեղ ծառայում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ զինծառայողները թեկուզև մեծապես համալրված Հայաստանի քաղաքացիներով։

Զելենսկին այցից հրաժարվեց, ամեն ինչ գցելով Երևանի վրա, բայց Փաշինյանը Մակրոնին արդեն խոստացել է կազմակերպել այցը, և այդպիսով Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահների ծառայության հարցը դարձավ առավել հրատապներից մեկը Երևանի արտաքին քաղաքականության մեջ։

 «Հայաստանի ուկրաինացման» գործընթացը մտնում է նոր, արդեն գերակտիվ փուլ։