ՊԵԿԻՆՆ ՈՒ ԲԵՌՆԸ ՊՆԴՈՒՄ ԵՆ, ՈՐ ՌԴ-Ն ՆԵՐԿԱ ԼԻՆԻ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՐՑՈՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻՆ
Չինաստանն ու Շվեյցարիան պնդում են, որ Ռուսաստանին հրավիրեն Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով խաղաղության գագաթնաժողովին, որն առանց Մոսկվայի մասնակցության նման կլինի «պոտյոմկինյան գյուղի», գրում է South China Morning Post պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Բանակցություններին մոտ կանգնած աղբյուրները հայտարարել են, որ երկու երկրները կիսում են պրագմատիկ տեսակետն այն մասին, թե ինչպես հասնել խաղաղության, և որ առանց երկու կողմերի մասնակցության ձևաչափը կարող է դառնալ «պոտյոմկինյան գյուղի» դիվանագիտական համարժեքը», - ասված է հաղորդագրության մեջ:
Պարբերականը նշում է, որ ոչ Բեռնում, ոչ Պեկինում առանց Ռուսաստանի մասնակցության բանակցությունների տարբերակն իրական չեն համարում։
Միևնույն ժամանակ, ԵՄ երկրների աղբյուրները նման ծրագիրն անհաջող են անվանել ու շեշտել, որ որոշում կայացնելիս նրանք, այնուամենայնիվ, առաջնորդվելու են Կիևով:
«Ես կասկածում եմ, որ Մոսկվան կգա։ Իսկ եթե դա տեղի ունենա մինչև ընտրությունները (Եվրախորհրդարանում-խմբ.), ապա ճնշում կլինի Ֆրանսիայի և այլ երկրների կողմից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե մենք ինչ-որ առումով զիջում ենք Ռուսաստանին», - մեջբերում է պարբերականը ֆրանսիացի դիվանագետի խոսքը։
Շվեյցարիայի նախագահ Վիոլա Ամհերդը ավելի վաղ հայտնել էր, որ Զելենսկին խնդրել է խաղաղության գագաթնաժողով կազմակերպել Ուկրաինայի հարցով: Ինչպես հայտարարել է Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, Կիևը ցանկանում է գագաթնաժողովներ անցկացնել ուկրաինական «խաղաղության բանաձևը» հաստատելու համար։