Ադրբեջանը Իսրայելից հրթիռների և ինքնաթիռների վաղ հայտնաբերման համակարգով Sky Dew օդապարիկ է գնել

Ադրբեջանը Իսրայելից գնել է Sky Dew օդապարիկ, որը հագեցած է հրթիռների և ինքնաթիռների վաղ հայտնաբերման առաջադեմ համակարգով, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները:

Նշվում է, որ Sky Dew-ի առաքելությունը ցածր բարձրության վրա թռչող թևավոր հրթիռների, անօդաչու թռչող սարքերի և այլ առաջադեմ օդային սպառնալիքների հայտնաբերումն ու վաղ նախազգուշացումն է։ Այդ նպատակով օդապարիկը հագեցած է հեռահար AFAR ռադարով։ Օդապարիկը ի վիճակի է մշտական հսկողություն ապահովել մի քանի օրվա ընթացքում և ունակ է հետևել մինչև 500 թիրախի՝ ավելի քան 250 կմ հայտնաբերման հեռահարությամբ։ Այն նաև ի վիճակի է խուսափել ցամաքից եկող խանգարումներից, ինչը նշանակում է, որ օդապարիկը հատկապես օգտակար է ցածր թռչող սպառնալիքները հայտնաբերելու համար:

Օդապարիկի բարձրության վերին սահմանը զգալիորեն գերազանցում է ցամաքային ռադարների սահմանները՝ ապահովելով հորիզոնի տեսանելիության ավելի մեծ տիրույթ:

Sky Dew օդապարիկը իր տեսակի մեջ ամենախոշորներից է և ստեղծվել է Իսրայելի հակահրթիռային պաշտպանության կազմակերպության և ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության գործակալության համատեղ ձեռնարկության կողմից:

Ընդգծվում է, որ դիրիժաբլի վրա տեղակայված զգայուն ռադարը ոչ միայն ռեսուրսների հարցում համեմատաբար խնայողական է, այլև երկարակյաց և թանկ սպասարկում չի պահանջում։

Sky Dew օդապարիկի և դրա վերգետնյա կայանի միջև տվյալների փոխանցումն իրականացվում է տվյալների հաղորդման պաշտպանված օպտիկամանրաթելային ուղիների միջոցով:

Անցյալ տարվա նոյեմբերին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Իսրայելից գնելու է հավելյալ Barak MX հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք նախատեսված են օդային այնպիսի սպառնալիքներից պաշտպանվելու համար, ինչպիսիք են ինքնաթիռներն ու հրթիռները։ Defense Industry Europe-ի տվյալներով, գործարքի գումարը կկազմի 1,2 մլրդ դոլար, գրում է իսրայելական Details լրատվամիջոցը։

Ավելի վաղ Israel Aerospace Industries (IAI) ընկերությունը «Ադրբեջանում ցուցադրել է Barak MX-ի հնարավորությունները», փորձարկումները ներառել են այս համակարգի զանազան տարբերակների կալանիչների բազմաթիվ արձակումներ:

News.am