ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԴԱ ԱՅԼԵՎՍ ՉԻ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ. Ի՞ՆՉ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ԴԵՍՊԱՆ ԵՆԳԻԲԱՐՅԱՆԸ ՄԵՐ ԳԵՐՄԱՆԱՑԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻՆ
Մարտի 6-ին Բեռլինում նախատեսվում էր անցկացնել «Արցախի մշակութային ժառանգությունը» գրքի շնորհանդեսը և «Լեռնային Ղարաբաղի վտանգված մշակութային արժեքների պաշտպանությունը» թեմայով քննարկում: Սակայն միջոցառման նախորդ օրը կազմակերպիչները՝ Արտաքին քաղաքականության գերմանական միությունը (DGAP) և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը (KAS) չեղարկեցին իրական միջոցառումը և անցկացրեցին դա լոկ առցանց: Պատճառների պարզաբանումը հետևյալն էր. «Զանգվածային արշավ ընդդեմ միջոցառման անցկացման և էսկալացիայի վտանգ միջոցառման ընթացքում»: Թե հատկաապես ով է կազմակերպել և իրականացրել «զանգվածային արշավը», չի նշվում։
Բանախոսների անուններն ու նրանց ելույթների թեմաները լիակատար պատկերացում են տալիս միջոցառման լրջության և ծանրակշռության աստիճանի մասին: Անթոլոգիայի շնորհանդեսը վարում էր Բենսհայմի Կրոնագիտության ինստիտուտի դոկտոր Դագմար Հելլերը, դոկտոր Շտեֆան Մայստերը (DGAP) ներկայացրեց «Լեռնային Ղարաբաղը Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական իրադարձությունների համատեքստում» զեկույցը: Դոկտոր Հարություն Հարությունյանը (Հայաստանի Ամերիկյան համալսարան, ԵՊՀ) հանդես եկավ «Հայաստանը և Արցախը՝ հայկական տեսանկյունից անհետացման եզրին գտնվող մշակութային շրջաններ» թեմայով: «Մշակութային ժառանգության վիճակը Լեռնային Ղարաբաղում. արբանյակային վերլուծություն Caucasus Heritage Watch-ից» թեման ներկայացրեց պրոֆեսոր Ադամ Թ.Սմիթը Քորնելի համալսարանից (Իթակա, Նյու Յորք):
Քննարկման մոդերատորն էր ԳԴՀ նախկին արտգործնախարար, այժմ Բունդեսթագի անդամ Մարկուս Մեկելը: Նշենք, որ Արտաքին քաղաքականության գերմանական միությունը Գերմանիայի ԱԳՆ-ին մոտ կանգնած պաշտոնական կազմակերպություն է։ Առցանց միջոցառմանը մասնակցել է շուրջ 200 մարդ։
Հրապարակախոս Հենրիկ Մ. Բրոդերը achgut.com կայքում հրապարակված հոդվածում գրում է. «Գրքի շնորհանդեսի հրավերում ասվում էր. «2024 թվականի հունվարի 1-ին լուծարվեցին չճանաչված ԼՂՀ պետական բոլոր հաստատությունները: Անցած տարի Ադրբեջանի հետ ռազմական հակամարտության արդյունքում կապիտուլյացիայից հետո երկրից հեռացան ավելի քան 100 հազար հայեր։ Մնացել են մշակութային հուշարձանները, որոնք վկայում են տեղի հայկական մշակույթի հազարամյա պատմության մասին...»։
Անհնար է ավելի զուսպ նկարագրել արցախահայության վտարումն իր Հայրենիքից։
Այդուհանդերձ շնորհանդեսը ստիպված էին կարճ ժամանակում չեղարկել կամ փոխադրել առցանց։ …Ո՞վ էր կանգնած հյուրերի անվտանգությանը սպառնացող արշավի հետևում: DGAP-ը ոչ մի բառ չասաց այդ մասին: Եվ մենք երբեք չէինք իմանա, եթե «ադրբեջանական քաղաքացիական հասարակության» մոտ 20 ներկայացուցիչներ բաց նամակ չգրեին DGAP-ի տնօրենին և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի նախագահին: Նրանք խնդրել են. «չեղարկել կանխակալ և հայանպաստ քարոզչական միջոցառումը»։ Այդ բաց նամակում հզոր Հայաստանը ներկայացվում է իբրև ագրեսոր, որը սպառնում է փոքրիկ Ադրբեջանին և ոչնչացնում նրա մշակութային ժառանգությունը:
Այժմ մենք գիտենք, որ վերջնական խոսքը, թե ինչ գիրք է ներկայացվելու Գերմանիայում և ինչ համատեքստում, պատկանում է քաղաքացիական հասարակության անդամներին: Հաջողություն ենք մաղթում ձեզ գերմանա-ադրբեջանական բարեկամության երկար ճանապարհին»:
Արեվելյան Եվրոպայի գծով նախագծերի ղեկավար Տիգրան Պետրոսյանի հոդվածում մեջբերվում է «Արցախի մշակութային ժառանգությունը» անթոլոգիայի հեղինակներից մեկի՝ անվանի գիտնական Տեսսա Հոֆմանի կարծիքը, որը տեղի ունեցածն անվանել է «զոհի և հանցագործի միջև հարաբերությունների փոփոխման դասական ձև»: Եվ հավելել. «Ադրբեջանը գիտի ազդեցության երկու եղանակ. կաշառքներ և սպառնալիքներ»:
Այժմ շեղվենք բեռլինյան գնահատականներից և նայենք Հայաստանում տիրող իրավիճակին։ Անսպասելի՞ էր արդյոք Բաքվի այդպիսի արձագանքը, որում արդեն ավանդաբար գործարկվեցին իբր հասարակական կազմակերպություններ, հեղեղելով միջոցառման կազմակերպիչներին նամակներով, պահանջներով, սպառնալիքներով ու շանտաժով: Իհարկե ո՛չ։ Սակայն նախկին տարիներին հայկական կողմին՝ պետության և տեղի Սփյուռքի ջանքերով, հիմնականում հաջողվում էր դիմակայել Բաքվի կեղտոտ արշավին։
Այս անգամ հայկական ձայնը չլսվեց։ Միայն առցանց միջոցառման ժամանակ հայ երիտասարդները ակցիա իրականացրեցին DGAP-ի գրասենյակի առջև՝ ծածանելով Արցախի դրոշը: Բայց դա արդեն, այսպես ասած, պատվի ակցիա էր։
Հայաստան պետության ձայնը լսվեց արդեն շնորհանդեսի չեղարկումից հետո։ Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը X սոցկայքում գրեց. «Զանգվածային շանտաժից, ստի և սպառնալիքների արշավից հետո DGAP-ը և «Ադենաուեր հիմնադրամը» ստիպված եղան չեղարկել միջոցառումը և անցկացնել դա միայն առցանց։ Մեր գերմանացի ընկերները պետք է հետևություններ անեն»։
Ուշադրություն դարձրեք. մի բառ անգամ չի ասվում այն մասին, թե հատկապես ով է կազմակերպել շանտաժի, ստի և սպառնալիքների արշավը: Ենգիբարյանը միտումնավոր խուսափում է Ադրբեջանի անունը տալուց՝ շատ լավ իմանալով, որ դա դուր չի գա Երևանում նստած իր շեֆին։ Նա չի ասում նաև գլխավորը. ի՞նչ է ձեռնարկել Հայաստանի դեսպանությունը (Ադրբեջանի դեսպանության առավել քան ակտիվ մասնակցության խորապատկերին), որպեսզի միջոցառումը կայանա։ Ինչո՞վ է ՀՀ պաշտոնական ներկայացուցչությունը օգնել հայ համայնքին և մեր գերմանացի բարեկամներին:
«Որքան գիտեմ, Հայաստանի դեսպանությունը չի ներգրավվել այդ գործընթացում, այն միտումնավոր ստվերում է մնացել և ընդամենը երկու հակիրճ «թվիթ» հրապարակել X-ում: Ինչպես վերջերս գրել էր Քարնեգի հիմնադրամի «փորձագետը»՝ արցախյան հակամարտությունը «արդյունավետորեն լուծված է»: Կարելի է ցինիկաբար եզրակացնել, որ Հայաստանի Հանրապետությանը դա այլևս չի վերաբերում»,- «ԳԱ»-ի հետ զրույցում նշեց Տեսսա Հոֆմանը։
Արցախում հայկական ժառանգության և հայկական հետքի ոչնչացմանն ուղղված Ադրբեջանի ցուցադրական վանդալիզմի խորապատկերին Հայաստանի դեսպանությունը մատը մատին չի տալիս՝ Գերմանիայի մայրաքաղաքում «Արցախի մշակութային ժառանգությունը» գրքի շնորհանդեսին աջակցելու համար: Ասես խոսքը ՀԱՅԿԱԿԱՆ ժառանգության մասին չէ, ՀԱՅ մշակույթի մասին չէ, որին ոչնչացման, յուրացման կամ անհետացման իրական վտանգ է սպառնում...
Ենգիբարյանին դա չի վերաբերում. նա ու իր աշխատակիցները ունակ են միայն ճոխ ծաղկեփնջերով և քծնող ժպիտներով դիմավորել Փաշինյանի կնոջն ու երեխաներին՝ Մյունխեն կատարած նրանց «այցի» ժամանակ։ Հարկավ, պետք է, չէ՞, շնորհակալություն հայտնել բարերարին, որն ապահովում է իրենց ապահով ու անհոգ կյանքը Եվրոպայում և ազատել է Արցախի հետ կապված ամեն ինչ պաշտպանելու պարտականությունից։ Ասենք, Հայաստանի հետ կապվածից՝ նույնպես։
Արժե՞ արդյոք այդքանից հետո զարմանալ, որ ՀՀ ԱԳՆ-ը և ԿԳՄՍՆ-ն քար լռություն են պահպանում Արցախում Ադրբեջանի բարբարոսական գործողությունների մասին գործնականում ամենօրյա հաղորդագրությունների առնչությամբ:
Եվ վերջինը։ Ուշադրություն դարձրեք մեր գերմանացի բարեկամներին դեսպան Ենգիբարյանի տված խորհրդին. «հետևություններ անել»: Քանի որ փաշինյանական կամակատարը չի հստակեցնում, թե կոնկրետ ինչ հետևություններ, բացենք փակագծերը նրա փոխարեն. Ենգիբարյանը գրեթե բաց տեքստով խորհուրդ է տալիս հայ ժողովրդի և մշակույթի գերմանացի բարեկամներին հրաժարվել Արցախի թեմայից, ասել է թե՝ դուք հո տեսնում եք, թե ինչով է դա սպառնում։
Եվ, անկեղծ ասած, մենք բոլորովին չենք զարմանա, եթե պարզվի, որ ՀՀ դեսպանությունը ոչ միայն կողքից դիտողի պես է պահել իրեն՝ չմիջամտելով իրավիճակին, այլև քողարկված նպաստել է, որ միջոցառումը խափանվի:
ՍՐԱՆՑԻՑ կարելի է ակնկալել ինչ ասես։ Եվ մի՞թե դա կլինի նրանց ամենամեծ հանցագործությունը Հայաստանի և Արցախի դեմ՝ այն ամենի խորապատկերին, որ արել են նրանք։