Rain TV․ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՄԻ ՓՈՔՐԻԿ, ՔԱՐՏԵԶԻՑ ԴՈՒՐՍ ՀԱՅՏՆՎԱԾ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՆՐԱՃԱՆԱՉ ԽՈՍՆԱԿՆ ԷՐ
Rain TV-ի լրագրող Ալեքսանդր Ատասունցևը «Ռեպորտյորի» տելեգրամյան ալիքում անդրադարձել է ադրբեջանական հեռուստաընկերության տարածած՝ Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության անոնսվող «հարցազրույցներին»: Լրագրողը գրում է.
«Բոլոր կալանավորվածներից ամենից շատ աչքի է ընկնում Ռուբեն Վարդանյանը։ Եվ ոչ թե որ նա ամբողջ աշխարհում հայտնի միլիարդատեր է ու բարերար, այլ նրա համար, որ Վարդանյանը «պարտված անջատողական» չէր․ նա Լեռնային Ղարաբաղ էր տեղափոխվել 2022 թվականին, երբ Հայաստանն արդեն պարտվել էր պատերազմում, իսկ այդ տարածաշրջանն էլ, ըստ էության, արդեն դատապարտված էր։ Նա չի կռվել Ադրբեջանի դեմ, չի ընդունել «անջատողական» որոշումներ։
Մի կողմից կանխատեսելի էր նրա կալանավորումը․Բաքվում մի քանի անգամ նրա նկատմամբ բացահայտ թշնամանք էին ցուցադրել, մյուս կողմից էլ հարց էր ծագում՝ ինչու հենց նա։ Ադրբեջանը, օրինակ, կալանավորել է Վարդանյանին, մինչդեռ թույլ է տվել Լեռնային Ղարաբաղից դուրս գալ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին, որը 1994 թվականին չճանաչված հանրապետության անունից Բաքվի հետ հրադադարի համաձայնագիր էր կնքել։ Այսինքն, ըստ էության, Բաբայանն էր ստորագրել Ադրբեջանի կապիտուլյացիան ղարաբաղյան առաջին պատերազմում։
Թվում է, թե ավելի տրամաբանական էր հենց նրա հետ հաշիվներ մաքրել, բայց՝ ոչ: Պետնախարարի պաշտոնում եղած կարճ ժամանակահատվածում Վարդանյանը չի հասցրել գործնականում ոչինչ անել։ Իր բոլոր հարցազրույցներում ու հայտարարություններում նա եղել է նրբանկատ, ռազմատենչ հայտարարություններ չի արել, ռևանշիզմի որևէ գաղափար առաջ չի մղել, Ղարաբաղի մասին ավելի շատ խոսել է այնտեղի հայ բնակչությանն ու ժառանգությունը պաշտպանելու անհրաժեշտության տեսանկյունից։ Ես վերջին անգամ Ստեփանակերտ եմ այցելել, երբ Վարդանյանը նոր էր նշանակվել այդ պաշտոնին։
Դա Լաչինի միջանցքի փակումից ու շրջափակումից ընդամենը մի քանի շաբաթ առաջ էր. այդ ժամանակից ի վեր դրսից լրագրողներ չեն կարողացել Ղարաբաղ մուտք գործել: Ղարաբաղցիները միշտ էլ, ընդհանուր առմամբ, անվստահություն են ունեցել եկվորների նկատմամբ, իսկ պատերազմում պարտվելուց հետո՝ նրանք ավելի էին ներպարփակվել և հայտնվել էին մռայլ կանխազգացման մեջ։
Վերջին 40 տարիները նրանց սովորեցրել էին, որ դրսից եկած մարդիկ լավագույն դեպքում ժամանակավոր են լինելու, իսկ վատագույն դեպքում՝ իրենց կլքեն ամենաանպատեհ պահին, ինչպես խորհրդային ներքին զորքերը, ինչպես ռուս խաղաղապահները։ Վարդանյանի գալուն Ղարաբաղում փիլիսոփայորեն են նայել. «Ավելի վատ արդեն չի կարող լինել, բայց հանկարծ նա կարող է հաջողության հասնել»։ Եվ նման պայմաններում, որպես պետնախարար, նրանից ոչինչ չէին ակնկալում, սակայն Վարդանյանն այլ տեղում բեկում մտցրեց։ Հավանաբար, ԼՂՀ գոյության ամբողջ ընթացքում երբեք չի եղել որևէ ղարաբաղցի քաղաքական գործիչ՝ լինի նախագահ կամ հրամանատար, որին համաշխարհային մամուլն այդքան հաճախ մեջբերած լինի, որքան Վարդանյանին։ Նա մի փոքրիկ, քարտեզից դուրս հայտնված տարածաշրջանի աշխարհահռչակ խոսնակն էր: Ըստ երևույթին, հենց սա էլ կանխորոշեց նրա տեղը Բաքվի «սև ցուցակում»»։