ՀԱՐՁԱԿՄԱՆ ԱՄԵՆԱՀԱՎԱՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՎՈՒՇՆ Է. ԱՄՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Երեկ հրապարակվել է ԱՄՆ հետախուզական համայնքի կողմից սպառնալիքների ամենամյա գնահատականը։ Միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը զեկույցից ներկայացրել է մի փոքր հատված, որը վերաբերում է հայ-ադրբեջանական հարաբերություններին։
Տելեգրամի իր ալիքում նա ներկայացրել է առավել կարևոր մանրամասները.
1. Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը կպահպանվի, չնայած նրան, որ Բաքվին հաջողվել է գրավել Լեռնային Ղարաբաղը։
2. Հնարավոր հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև 2024 թվականին կարող է լինել կարճաժամկետ և սահմանափակ ինտենսիվությամբ։
3. Նոր հակամարտության ռիսկը մեծացնող գործոնները. ուժ և ռազմական ճնշում գործադրելու Ադրբեջանի պատրաստակամությունը նպատակներին հասնելու համար, զինվորականների դիրքերի մոտ լինելը, հրադադարի մեխանիզմի և խաղաղության պայմանագրի բացակայությունը։
«Միջանցք» ստանալու Ադրբեջանի ձգտումը մեծացնում է ռազմական ուժի կիրառման ռիսկը։
Եզրակացություններ.
1. Ադրբեջանը ուժ կկիրառի Հայաստանի նկատմամբ։ Անվտանգության երաշխիքները զսպող մեխանիզմներ չեն հանդիսանում էսկալացիայի զդպման համար։
2. Հարձակման ամենահավանական ուղղությունը Տավուշն է՝ «անկլավներ» ձեռք բերելու համար։ Եթե արտաքին դերակատարների կողմից կոշտ արձագանք չլինի, Բաքուն կփորձի հնարավորինս արագ ճեղքել միջանցքը։
3. Ագրեսորին հանգստացնելն արդյունք չի տալիս։ Անգամ բանակցություններում Արցախը և «անկլավները» հանձնելով՝ Հայաստանի ղեկավարությունը կստանա 2022 թվականի սեպտեմբերի նման նոր պատերազմ, երբ կորցրեց ավելի քան 220 զինվոր և մոտ 200 կմ2 ռազմավարական բարձունքներով տարածք»։