ՄԵԾ ԲԼԵՖ, ԹԵ՞ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՕՐԱԿԱՐԳ
Եվրոպան արդեն երկու շաբաթ շարունակ չի կարողանում ուշքի գալ Էմանուել Մակրոնի այն հայտարարությունից, թե ՆԱՏՕ-ի անդամ երկրների ստորաբաժանումները կարող են Ուկրաինայում կռվել հատուկ գործողության ուժերի դեմ: Ֆրանսիայի առաջնորդը հատուկ ընդգծեց, որ խոսքը ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների մասին չէ, սակայն Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների ղեկավարները, ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի օրինակով, սկսեցին մեկը մյուսի հետևից կրկնել, որ իրենց զինվորները չեն զոհվելու Ուկրաինայում:
Փետրվարի 4-ին ՆԱՏՕ-ի դաշինքը զորավարժություններ սկսեց՝ Եվրոպայի տարածքում Ռուսաստանի հրթիռային հարվածներին արձագանքը մշակելու նպատակով, իսկ մարտին դաշինքի անդամ երկրների ղեկավարները սկսեցին իրար հերթ չտալով հավաստիացնել Պուտինին, որ չեն ցանկանում պատերազմել Ռուսաստանի դեմ։ Այդ դեպքում ինչի՞ համար էին հրթիռային հարվածներին արձագանքման զորավարժությունները։ Մոսկվան հայտարարել է եվրոպական երկրների տարածքին պատասխան հարված հասցնելու հնարավորության մասին՝ միայն այն դեպքում, եթե նրանց զինվորական ստորաբաժանումները մասնակցեն Ուկրաինայում ռազմական գործողություններին: Ընդ որում նախազգուշացումը վերաբերում է նաև սահմանակից երկրների տարածքից, օրինակ՝ Լեհաստանից, հատուկ գործողության ուժերին հարվածներ հասցնելուն։ Հարվածներ չկան, բայց կա խուճապ և ՌԴ-ի հետ առճակատման չգնալու ցանկության ցուցադրում։
Մակրոնի ակտիվությունը վերագրեցին Ուկրաինայում հավաքական Արևմուտքի պարտության արդյունքներով Մոսկվայի և Վաշինգտոնի միջև եզրափակիչ բանակցությունների սեղանի շուրջ հայտնվելու ցանկությանը։ Այդ առնչությամբ բարձրաստիճան պաշտոնաթող զինվորականները հիշեցին 1945թ. մայիսի 9-ից հետո Ֆրանսիայի ներկայացուցչի ներկայությունը բանակցությունների սեղանի շուրջ և գերմանացի գերեվարված գեներալներից մեկի հարցը. «Մենք, ինչ է, ֆրանսիացիների՞ն էլ ենք պարտվել»։ Հաշվի առնելով Փարիզի կապիտուլյացիան՝ գեներալի հարցը միանգամայն տեղին էր։
Վաղ թե ուշ ԱՄՆ-ը կնստի ՌԴ-ի հետ բանակցելու։ Օսթինի այն հայտարարությունը, թե Պուտինը չի բավարարվի Ուկրաինան նվաճելով, այլ կհարձակվի Մերձբալթյան երկրների վրա, որից հետո ՆԱՏՕ-ն ստիպված կլինի պատերազմի մեջ մտնել, շատերը գնահատեցին որպես բլեֆ՝ գոյություն չունեցող հեռանկարի նկարագրումով, թեև Պենտագոնն արդեն բացահայտ վախեցնում է իր եվրոպական արբանյակներին Ռուսաստանի կողմից սահմանափակ միջուկային պատերազմով: Իրականությունն այլ է։
Եվրոպան հրաժարվեց կռվել ՌԴ-ի դեմ, Վրաստանը չմիացավ հակառուսական պատժամիջոցներին, ադրբեջանցի վարձկանները կռվում են Ուկրաինայի կողմից, սակայն պաշտոնական Բաքուն ակտիվորեն զարգացնում է ՌԴ-ի հետ համագործակցությունը բոլոր ուղղություններով, և միայն ՀՀ իշխող ռեժիմի վերնաշերտն է՝ Փաշինյանի գլխավորությամբ, բացահայտ առճակատման գնում Կրեմլի հետ՝ պատճառաբանելով իր պահվածքը երեք գործոններով. ՀԱՊԿ-ը (իմա՝ Ռուսաստանը) չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը, ՌԴ-ն հրաժարվել է յուրաժամանակ սպառազինություն մատակարարել ՀՀ-ին, և ռուսական հեռուստաալիքներում խորշանքով են արտահայտվում Փաշինյանի անձի մասին։
Ռեժիմի պարագլուխը, ըստ երևույթին, կրկին որոշել է գժի տեղ դնել իրեն, քանզի ընթացիկ համաշխարհային գործընթացների խորապատկերին Մոսկվայի նկատմամբ նման հոխորտանք կարող է իրեն թույլ տալ միայն նա, ում խելքը տեղը չէ։ Այն, ինչ այս օրերին դուրս են տալիս փաշինյանական հեռուստաալիքները, ակնհայտ զառանցանք է և Ռուսաստանին որպես թշնամի ընկալելու պարտադրում։ Ազդեցությունը ավելացնելու համար Պուտինին մեղադրում են, թե հրահրել է Ալիևին 2016-ի ապրիլին 4-օրյա ագրեսիայի և 2020-ի աշնանը 44-օրյա պատերազմի։
Ռուսաստանի առաջնորդին մեղադրում են նաեվ նրանում, թե հրահրել է ադրբեջանցիներին 2021թ. մայիսի 12-ի բռնազավթման, նույն թվականի նոյեմբերի 16-ին դիրքային պատերազմի, 2022թ. դեկտեմբերի 12-ից Արցախի շրջափակման, 2023թ. սեպտեմբերի 19-20-ին արցախահայության էթնիկ զտումների և բռնի տեղահանման:
Ասված ամենից լուրջ վերլուծության է արժանի շրջափակման ժամանակ Արցախում ռուս խաղաղապահների վարքագծի վերաբերյալ մեղադրանքը, սակայն ռազմական փորձագետները բազմիցս նշել են, որ խաղաղապահների թվաքանակը նրանց թույլ չի տվել ակտիվ գործողություններ ձեռնարկել՝ առանց բուն Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումների աջակցության: Իսկ այն մասին, որ այդ ստորաբաժանումները կրճատվեն (Հայաստանի տարածքում գրանցված զինվորականները նախապես հետ էին կանչվել) և զրկվեն ռազմական տեխնիկայից, Երևանն ու Բաքուն հոգացել էին նախապես։ Սպառազինությունը նույնպես Արցախից դուրս էր բերվել Փաշինյանի անձնական հրահանգով՝ ի կատարումն Ալիևի կամքի։ Անշուշտ, չի կարելի պնդել, թե ՌԴ-ի նկատմամբ հայկական կողմի դժգոհությունները զուրկ են հիմքերից, հատկապես Արցախում մշտադիտարկման ռուս-թուրքական կենտրոնի մասով: Ամենևին։ Ամեն երկիր իրավունք ունի հետամուտ լինել իր շահերին, իսկ պաշտոնական Երևանի հռետորաբանությունն ու գործողությունները ներկա բարդ իրավիճակում հղի են բացասական հետևանքներով…
Ընդունելով ՀՀ տարածքում «անկլավների» առկայությունը՝ Փաշինյանը պայմաններ ստեղծեց մեր երկրի դեմ Ալիևի նոր ագրեսիայի համար, և այժմ փորձում է այդ ագրեսիայի մեղքը կանխավ բարդել Պուտինի վրա։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակն օրերս ընդունեց այն, ինչի մասին «Գոլոս»-ը մշտապես տեղեկացրել է իր լսարանին վերջին բոլոր տարիներին. ադրբեջանցիները լսել անգամ չեն ուզում հայկական 31 գյուղերին (ոչ «անկլավներին») պատկանող օկուպացված տարածքի մասին: Ինչո՞ւ մինչև հիմա այս իրավիճակը չի դարձել համաշխարհային ազդեցիկ ատյանների քննարկման առարկա։ Մի՞թե Պուտինն է խանգարում։
Եվս մեկ անգամ կրկնեմ. Մակրոնի լեզուն պտտվեց նման բան ասել, և ողջ Եվրոպան սկսեց հանգստացնել Պուտինին, իբր՝ չի պատրաստվում ուղարկել իր զորքերը հատուկ գործողության գոտի։ Միայն Փաշինյանի քարոզչամեքենան է այն աստիճան կապը կտրել, որ ստիպում է ռուսական կողմին պարբերաբար անել պատասխան հայտարարություններ։ Ի դեպ, վերջին հայտարարությունները հստակ սահման են ենթադրում իշխող վերնախավի և բարեկամ հայ ժողովրդի նկատմամբ Մոսկվայի վերաբերմունքի միջև։
Մոսկվան համառորեն անտեսում է Ուկրաինայի կողմից ռազմական գործողություններին ադրբեջանցի վարձկանների մասնակցության փաստերը, բայց ընդ որում արձագանքում է Երևանի հոխորտանքին։ Իսկ ողջ պատճառն այն է, որ պաշտոնական Բաքուն կարողանում է խոսել Ռուսաստանի հետ, մինչդեռ այն թափթփուկների առաջնորդը, որոնք ղեկավար աթոռներին նստելու եկան մեծ ու փոքր փողոցներից, ոչ մի կերպ չի կարողանում կողմնորոշվել Պուտինի հանդեպ վերաբերմունքի հարցում։ Մերթ հանդիպման ընթացքում 10 անգամ կրկնում է. «Շնորհակալություն, Վլադիմիր Վլադիմիրովիչ», մեկ հայտարարում, թե ՀԱՊԿ-ը հեռացել է Հայաստանից…
Թափթփուկները չգիտեն, թե ինչպես խոսել դաշնակիցների հետ, բայց գերազանց են հաղթահարում կամակատարների դերը: Փաշինյանի ռեժիմը կատարում է հավաքական Արևմուտքի բոլոր հրահանգները և պատկերացնում, թե Հայաստանն այսօր-վաղը հռչակվելու է ԵՄ անդամության թեկնածու։ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի հայտի թեման Փաշինյանը նախորդ բոլոր օրերին դռնփակ քննարկել է ՔՊ խմբակցության պատգամավորների հետ։
«Ինձ հետ եղիր, և ես կօգնեմ քեզ, իսկ եթե չլինես, ապա կպատժեմ»,- այսպիսին է, ըստ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի, ՌԴ դիրքորոշումը ՀՀ-ի նկատմամբ, ընդ որում երբ այդ երկիրը վաղուց անվտանգության երաշխավոր չէ: Կոնջորյանը հայտարարեց, որ այսօր անվտանգության երաշխավոր երկրների ինստիտուտը համաշխարհային պրակտիկայում չի գործում, ուստի պետություններն իրենք պետք է ապահովեն իրենց անվտանգությունը։ Իրականում երաշխավորների ինստիտուտը գործում է, և Ադրբեջանի համար այդպիսի երաշխավոր է Թուրքիան, ՆԱՏՕ-ն երաշխավորում է դաշինքի անդամ երկրների անվտանգությունը, ԱՄՆ-ը Տայվանի անկախության երաշխավորն է, թեև դե յուրե ճանաչում է Չինաստանի միասնականությունը, մինչև 2018թ. գարնանը իշխանությունը զավթումը Հայաստանը Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորն էր: Օրինակները շատ են, բայց դրանք չեն չեղարկում երկրների կողմից իրենց անվտանգության ինքնուրույն ապահովման անհրաժեշտությունը։ Իշխող վերնախավը 2018 թվականից ի վեր անվտանգության համակարգի ոչնչացման ուղեգիծ է վերցրել բոլոր ուղղություններով։ Այդ ուղեգծի անքակտելի մասն էլ ռուսատյաց հիստերիան է։
Այն ահագնացվում է ակնհայտ իրողությունների խորապատկերին. որքան էլ ռեժիմը զենք գնի Ֆրանսիայից, Հնդկաստանից և այլ երկրներից, Հայաստանն անկարող է դիմակայել Ադրբեջանի ագրեսիային, որին սպառազինություն են մատակարարում Սերբիան, Պակիստանը, Իսրայելը։ Ադրբեջանի կողմից ագրեսիայի ամենօրյա սպառնալիքի պայմաններում Փաշինյանը զբաղված է որպես ԵՄ անդամակցության թեկնածու ՀՀ կարգավիճակի հայտի քննարկմամբ, իսկ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ծրագրում է հագցնել հայ զինվորներին ու սպաներին ֆրանսիական նորաձևությանը համապատասխան:
Անվտանգության համակարգի տարբերականացումը միայն տարբեր երկրներից սպառազինություն գնելը և մեկ մատակարարի հանդեպ պարտավորություններից ազատ լինելը չէ։ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Մոսկվային մեղադրեց Ադրբեջանին զենք մատակարարելու մեջ, որն օգտագործվել է իր դաշնակցի, այսինքն ՀՀ-ի դեմ: «Թող Լավրովն ինքը կողմնորոշվի պայմանագրային պարտավորությունների հիման վրա, որոնք ռուսական կողմն անտեսում է. խոսքը, մասնավորապես, ՀՀ-ի կողմից բազմամիլիոնանոց վճարով սպառազինության մատակարարումների ժամկետների և ծավալների մասին է»։
Օրերս «ԵՄ-ՀՀ» հարթակի համակարգող Լուսինե Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարեց, որ ԵՄ-ն ՀՀ-ին պատերազմի է դրդում ՌԴ-ի դեմ: Հարցազրույցից հետևում է, որ ԵՄ-ն պարտադրում է ՀՀ ղեկավարությանը դուրս բերել ռուս սահմանապահներին ոչ միայն «Զվարթնոց» օդանավակայանից, պատճառաբանելով դա դեպի եվրոպական երկրներ վիզաների ազատականացմամբ, այլև հայ-իրանական և հայ-թուրքական սահմաններից: Մարտի 6-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ ռուս սահմանապահները պետք է լքեն «Զվարթնոց» օդանավակայանը: Նրա խոսքերով, Ռուսաստանին այդ մասին արդեն ծանուցել են պաշտոնական նամակով։ Պուտինի խոսնակ Պեսկովն անմիջապես պատասխանեց, որ Մոսկվան ոչ մի ծանուցում չի ստացել, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հաստատեց ծանուցման փաստը…
Եթե իշխող ռեժիմի վերնախավը ոտք է դրել մեծ բլեֆի արահետ, որպեսզի Արևմուտքից ստանա սպառազինություն, որը հայտնի պատճառներով չի կարող ստանալ ՌԴ-ից (բազմամիլիոնանոց վճարի դիմաց մատակարարումները շատ դանդաղ են առաքվում և փոքր ծավալներով), ապա դա միանգամայն բացատրելի է ։ Օսթինը նույնպես բլեֆ է անում, երբ խոսում է Եվրոպայի վրա Պուտինի հարձակման և սահմանափակ միջուկային պատերազմի մասին... Քաղաքական միջավայրում ենթադրություն կա, որ ՀՀ ղեկավարությունը դուրս չի գա ՀԱՊԿ-ից ( և որպես հետևանք ՝ ԵԱՏՄ-ից) և չի պահանջի 102-րդ ռազմաբազայի դուրսբերում Գյումրիից։ «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների հեռանալը թելադրված է եվրոպական ուղղությամբ վիզաների ազատականացման պայմաններով, այդքանով բանը կավարտվի, իսկ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակին Հայաստանը կսպասի տարիներ շարունակ…
Ինչևէ, այսօր բլեֆը մեծ քաղաքականության մեջ հազվադեպ երևույթ չէ, բայց Փաշինյանից ու իր շրջապատից կարելի է սպասել ցանկացած անակնկալ։ Թեպետ, սպասենք, չէ՞ որ ՀԱՊԿ-ին անդամակցումը սառեցված է լոկ բանավոր, ուստի խոսելու բան առանձնապես չկա։ Պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի հրաժարականը արևմտյան և ռուսական շրջանակներում գնահատեցին որպես Ուկրաինայի ռազմաճակատներում արևմտյան կոալիցիայի ձախողման ճանաչում։ Այդ տիկինը մարմնավորում էր Ռուսաստանի ռազմավարական պարտության գաղափարը, որն այլևս արդիական չէ. այսօր հավաքական Արևմուտքն իր հարկատուներին վախեցնում է սահմանափակ միջուկային պատերազմի սպառնալիքով, որն, իբր, կսանձազերծի Պուտինը Ուկրաինայում վերջնական հաղթանակից հետո։
Նոր բլեֆի հետևում, թեկուզև թույլ, բայց ուրվագծվում են աշխարհի վերաձևման շուրջ ապագա բանակցությունների ուրվագծերը։ Մեծ խաղը մտել է եզրափակիչ փուլ։ Եվ այս խորապատկերին Փաշինյանը հրապարակավ առաջարկում է իրեն նոր Զելենսկու դերում, որը պատրաստ է ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ բացել Հարավային Կովկասում։ Մոսկվայից զգուշացնում են, որ ՀԱՊԿ-ից պաշտոնական ելքը կհանգեցնի ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության դադարեցմանը, իսկ Երևանում թանկարժեք կոստյումներ հագած երեկվա թափթփուկները զվարճանում են այն առիթով, որ Լավրովն ինքն է զանգահարել Միրզոյանին, և դատողություններ անում այն մասին, թե ինչ «հեշտությամբ» յոլա կգնա հայ ժողովուրդը առանց ռուսական գազի։ Մի խոսքով, բլեֆը շարունակվում է…