ԻՆՉՊԵՍ ՈՐ ԼՈՆԴՈՆԸ 2020-ԻՆ՝ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱՓԱՆԵՑ ՄԱԿ-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԲԱՆԱՁԵՎԸ 2023-ԻՆ
Մեկնաբանել այն զառանցանքը, որ հերթական անգամ դուրս տվեց Նիկոլն իր երեկվա «ասուլիսում», վաղուց արդեն անիմաստ գործ է։ Լկտի ստախոսությունն ու ակնհայտի ժխտումը, ամեն տեսակի խուսավարումները, շահարկումները, սադրիչ հայտարարությունները և մնացյալ ամենը, որ բնութագրում է այդ պաթոլոգիկ ստախոսին և նույնքան պաթոլոգիկ հայատյացին, հանրային ուշադրության նշույլի անգամ արժանի չեն։ Չենք խոսում արդեն ֆիզիկական և բարոյական այն նողկանքի զգացումի մասին, որ վաղուց տածում է այդ կերպարի հանդեպ հասարակության ողջամիտ մասը:
Այդուհանդերձ կան խոստովանություններ, որոնք արժեքավոր են այն պատճառով, որ ևս մեկ էջ են ավելացնում անձամբ Նիկոլի ապազգային գործողությունների ծանրակշիռ թղթապանակին։ Եվ դրանք արժե արձանագրել հենց ապագա հետաքննության և, հուսանք, դավաճանների հանցախմբի անխուսափելի դատի նկատառումով։ Այդպիսի խոստովանությունների թվին է պատկանում այն «բացատրությունը», որը Նիկոլը հորինեց 2023-ի սեպտեմբերի սարսափելի օրերին իր հնչեցրած ամենասկանդալային հայտարարություններից մեկի համար։
Խոսքը սեպտեմբերի 21-ին՝ Արցախի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի մեկնարկից մի քանի ժամ առաջ ասված խոսքերի մասին է. «Հիմա՝ այս պահին, մեր գնահատականն այն է, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը ուղիղ սպառնալիք չկա»: Շատ չանցած Միրզոյանը և մյուս բանախոսները Նյու Յորքում ընթացող նիստում կսկսեն խոսել Արցախի բնակչությանը սպառնացող գոյաբանական վտանգի, Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության ու էթնիկ զտումների, ապաշրջափակման և տարածաշրջան միջազգային խաղաղապահներ ուղարկելու անհրաժեշտության մասին…
Իսկ Բաքվի ԱԳՆ ղեկավար Բայրամովը վայրկենապես կճանկի Նիկոլի նետած գործնականում կատարյալ «փրկօղակը» և, բնականաբար, կօգտագործի դա որպես գլխավոր փաստարկ՝ մեղադրանքներն իր հանցավոր պետությունից հեռացնելու համար։
Ուրեմն ինչո՞ւ Փաշինյանն այդ օրը «քաշեց» իր ազիզ ընկեր Միրզոյանին. Այս հարցը նրան տրվեց երեկ։ Պատասխանը. «Փորձագետների հետ էի հանդիպում, հենց սկզբից նրանցից մեկն ասաց՝ ես գիտեմ, թե ինչու եք նման հայտարարություն արել, ասաց՝ ինձ համար ակնհայտ էր, որ դուք այդ հայտարարությունն արել եք, որ ԼՂ հայերին ԼՂ-ում մնալու հնարավորություն ստեղծեք: Ես ասացի՝ հարյուր տոկոսով ճիշտ եք ասում։ Ես տեսնում էի, որ ամեն ինչ արվում է, որ ԼՂ հայերը դուրս գան րոպե առաջ, և իմ ուղերձն այն էր, որ պետք չէ րոպե առաջ դուրս գալու մասին մտածել» (մեջբերումը News.am-ից)։
Ցավոք, Նիկոլը չմանրամասնեց, թե ով էր այդ խորաթափանց «փորձագետը», որը կարողացել է այդքա՜ն վիրտուոզաբար տեսնել իր խոսքերի իմաստը, մինչ հայ հասարակությունը հերթական անգամ շոկի մեջ էր։ Ամենայն հավանականությամբ՝ ոչ մի «փորձագետ» էլ չի եղել, և Փաշինյանը սովորության համաձայն հնարել է այդ ամենը, բայց տվյալ դեպքում շատ ավելի կարևոր է մեկ այլ բան։
Հիշողության մեջ անմիջապես հառնում են նրա նախկին ցնցող և որևէ շրջանակներում չտեղավորվող հայտարարությունները, օրինակ՝ 44-օրյա պատերազմի վերաբերյալ։ «Հոկտեմբերի 19-ին ես չկանգնեցրի պատերազմը, որ ինձ դավաճան չհամարեն...», «փաստաթղթի (9.11.2020 թ.եռակողմ հայտարարության-Մ.Գ․) ստորագրումը հնարավորություն տվեց 25 հազար զինծառայողի կյանք փրկել...»։
Հոգեբաններն, իհարկե, կկարողանան շատ ավելի ճշգրիտ բնորոշել թուրքամետ ռեժիմի պարագլխի վերոնշյալ և մի շարք այլ հայտարարությունների նպատակներն ու ենթագիտակցական շարժառիթները։ Բայց նույնիսկ ոչ մասնագետին ակնհայտ է նրա ջերմեռանդ ձգտումը՝ ներկայանալու ոչ թե որպես ազգի գերեզմանափոր, այլ հակառակը՝ փրկիչ (ինչպես 2018-ին) և, թոթափելու, թեկուզ մտահայեցաբար, 5-6 հազար զոհվածների այն սարսափելի բեռը, հայ ժողովրդի վճարած գինը Արցախյան աղետի արդյունքում, որի մեղքն, անշուշտ, առաջին, երկրորդ և երրորդ հերթին հենց իր վրա է։
Սեպտեմբերի 21-ին՝ հայ ժողովրդի իսկական ապոկալիպսիսի օրերին ու ժամերին հնչեցրած հայտարարության ցինիկության ու վտանգավորության աստիճանը դժվար է գերագնահատել: Բայց Փաշինյանի համար դա միանգամայն նորմալ է. որևէ այլ բանի այդ սուբյեկտը պարզապես ընդունակ չէ։ Նա հավելում է, թե իբր՝ «չի հիշում, որ իր հայտարարությունից հետո քաղաքացիական բնակչության շրջանում սպանություններ եղած լինեն»։ Նրան կարելի էր հիշեցնել, որ դրանից հետո գերեվարվեցին Արցախի առաջնորդները, որ ավելի քան 60 մարդ մահացավ՝ չդիմանալով Հայրենիքից գաղթի՝ փրկության միակ տարբերակի մի քանի օր ձգված դժոխային ճանապարհի զրկանքներին…
Որ 218 կյանք խլած հրեշավոր պայթյունը նույնպես որոտաց իր հայտարարությունից հետո, և առ այսօր պարզ չէ՝ ահաբեկչություն էր դա, թե այնուամենայնիվ դժբախտ պատահար, բայց ամեն դեպքում ողբերգությունը Ադրբեջանի քաղաքականության անմիջական հետևանքն էր։ Եվ որ ընդհանրապես ոչ ոք չի կարող ստույգ ասել, թե քանի հայ է սպանվել Արցախում իր հայտարարությունից առաջ և հետո, քանիսն են անհետ կորել կամ գերեվարվել, և նրանց մասին մինչ օրս որևէ տեղեկություն չկա…
Բայց արժե՞ արդյոք ասել դահճին իր զոհերի մասին, եթե նա քաջ գիտակցում է իր գործողությունների ողջ կործանարարությունը, բայց, միևնույնն է, փորձում է արդարանալ և ներկայանալ այլ, անհեթեթորեն հակառակ լույսի ներքո:
Փորձենք, սակայն, քիչ հեռանալ մարդկային հարթությունից և իրավիճակին նայել այլ՝ իրական քաղաքականության տեսանկյունից։ Անշուշտ, Ալիևին օդ ու ջրի պես անհրաժեշտ էր նման հայտարարություն, որպեսզի իր վրայից հանի բարձրահունչ մեղադրանքները։ Բայց Բաքուն ուներ ևս մեկ և ոչ պակաս լուրջ նպատակ. թույլ չտալ որևէ փաստաթղթի ընդունում ՄԱԿ-ի ԱԽ նիստի արդյունքներով։
Այո, ամենայն հավանականությամբ՝ դա էական ազդեցություն չէր ունենա առկա իրավիճակի վրա: Բայց Ադրբեջանի համար սկզբունքորեն կարևոր էր թույլ չտալ նույնիսկ զուտ ձևական հայտարարության ընդունում, քանզի մինչ օրս ՄԱԿ–ի ԱԽ-ում Արցախյան հակամարտության վերաբերյալ ընդունվել են միայն ադրբեջանամետ փաստաթղթեր՝ սկսած 1993-ից։
Ճիշտ նույնպիսի նպատակ ուներ Ադրբեջանը նաև 44-օրյա պատերազմի ժամանակ։ Հիշենք 2020թ. նոյեմբերի 5-ին ՀՀ այն ժամանակվա փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի աղմկահարույց հայտարարությունն այն մասին, որ ԱԽ մշտական անդամ պետություններից մեկը դռնփակ հանդիպման ժամանակ արգելափակել է միասնական և հավասարակշռված դիրքորոշման համաձայնեցումը։ «Խոսքն անհապաղ հրադադարի անհրաժեշտության, երրորդ երկրների միջամտության (նկատի ուներ Թուրքիան – Մ.Գ.) և զինյալների ներկայության անթույլատրելիության մասին էր»,- հայտարարեց նա՝ չնշելով երկիրը: Շատ շուտով հայտնի դարձավ, որ դա Մեծ Բրիտանիան էր։ Հետագայում Լոնդոնը մի քանի անգամ հանդես եկավ հերքումով, սակայն պարոն Մուրի ականջները չափազանց ակներև էին դուրս ցցված թե՛ այն ժամանակ, թե՛ պատերազմից հետո, որպեսզի հավատանք այդ «հերքմանը»։
2020 թվականի նոյեմբերին Անվտանգության խորհրդի կողմից փաստաթղթի ընդունումը խափանեցին անգլիացիները։ 3 տարի անց, Արցախի արդեն վերջնական դավաճանական հանձնման ժամանակ, նույնն արեց Փաշինյանը. արեց միտումնավոր, գիտակցված և թուրքական ցեղասպան քաղաքականությանը լիովին համապատասխան։ Իսկ թե ՄԱԿ–ում ինչ է մի քանի ժամ ասվել-խոսվել, որքան արդար ցասում է ցուցադրաբար արտաժայթքվել, ինչպիսի թատերական պաթոսով է վրդովվել ու համաշխարհային հանրությանը դիմել Նիկոլի հաճկատար Միրզոյանը (դա էլ էր սցենարի մասը), արդեն մեծ հաշվով կարևոր չէ ։